Երևանում երեկ տրվել է «ԷդուԱրմենիա 2022» համահայկական գիտակրթական աշխատաժողովի մեկնարկը, որը տևելու է չորս օր և անցկացվելու է առկա և առցանց ձևաչափերով։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ իրականացվող աշխատաժողովին մասնակցելու են 120 խոսնակներ Հայաստանից, Սփյուռքից և Արցախից, ինչպես նաև այլ ազգի կրթության և գիտության ոլորտի մասնագետներ: Խոսնակները ներկայացնելու են զեկույցներ ներառական կրթության, դասավանդման ժամանակակից մեթոդների, նախագծային ուսումնառության և այլ արդիական թեմաների շուրջ:
Միջոցառման նպատակը աշխարհի և համահայկական ներուժի միավորումն է՝ հօգուտ Հայաստանի և Արցախի Հանրապետության գիտակրթական կյանքի առաջխաղացման: Նման աշխատաժողովներ արդեն անցկացվել են նախորդ երկու տարիներին և թույլ են տվել Հայաստանի, Արցախի և Սփյուռքի ուսուցիչներին նոր գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերել՝ դասավանդումն ավելի արդյունավետ և որակյալ դարձնելու համար։
Կարդացեք նաև
«Շատ կարևոր է ունենալ հնարավորություն՝ խոսելու այն բոլոր խնդիրների մասին, որոնցից կախված է մեր վաղվա օրը։ Իսկ մեր ապագան կախված է այսօրվա կրթությունից, դրա որակից, առկա մարտահրավերներին դիմակայելու կարողությունից, և հաճախ բանալին հենց մեր մեջ է։ Որակյալ կրթությունն է, որ հասարակության զարգացման բանալին է», – միջոցառման բացման արարողության ժամանակ ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։
«ԷդուԱրմենիայում հավաքված են մարդիկ, որոնք հավատում են, որ ցանկացած հարց հնարավոր է լուծել կրթության շնորհիվ։ Կրթությունն այն զենքն է, որի միջոցով պիտի հասնենք պետության կայացմանը, զարգացմանը։ Մեր երազանքն է, որ օրերից մի օր պիտի հայկական կրթության համակարգը աշխարհի կրթական համակարգին հավասար լինի, և մենք էլ նորարար ենք լինելու այս ոլորտում», – ասել է «ԷդուԱրմենիա» նախաձեռնության ղեկավար Լիլիթ Մկրտչյանը։
«ԷդուԱրմենիա» նախաձեռնությունը 2020 թ-ից սկսած կազմակերպում է գիտակրթական աշխատաժողովներ, հանդիպումներ, քննարկումներ, վերապատրաստումներ: Համահայկական գիտակրթական աշխատաժողովի նպատակն է ՀՀ և ԱՀ մտավորականությանը ներկայացնել գիտության և կրթության բնագավառի արդի ձեռքբերումերը, զարգացումերը: Աշխատաժողովի շրջանակներում Սփյուռքի, Հայաստանի և Արցախի մտավորականները հանդես են գալիս վեբինարներով, աշխատարաններով: Այս հեռավար վեբինարների, աշխատարանների մասնակցությունը լիովին անվճար է:
EduArmenia-ն մի խումբ հայ կամավոր դասախոսների և ուսուցիչների նախաձեռնությամբ ստեղծված ծրագիր է, որի նպատակն է ի մի բերել աշխարհասփյուռ հայության գիտական ու կրթական ներուժը և այն օգտագործել ի նպաստ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների զարգացման:
ԷդուԱրմենիա