Հուլիսի 1-ին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ընդունել է «Ապրելու ձայնը» խորագրով գրական- մշակութային օրերի մասնակիցներին:
Ողջունելով հյուրերին՝ Արթուր Թովմասյանը կարևորել է ստեղծագործող մարդկանց դերը հանրության մեջ առողջ մտածելակերպ ձևավորելու, մարդու գեղագիտական ճաշակի վրա ներազդելու, նաև՝ պատմությունը վավերականացնելու տեսանկյունից: Նա գրողների աշխատանքը համեմատել է մեղուների ու շինարարների ստեղծող տեսակի հետ:
Ազգային ժողովի նախագահը խոսել է արցախցու դիմադրողական ուժը հզորացնելու անհրաժեշտության մասին՝ այդ տեսանկյունից ընդգծելով Արցախ-Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման, գրական-մշակութային կամուրջների ստեղծման կարևորությունը:
Համազգային հայ կրթական և մշակութային միության արցախյան գրասենյակի պատասխանատու Հերմինե Ավագյանը, ով «Ապրելու ձայնը» գրական–մշակութային օրերի կազմակերպիչներից է, շնորհակալություն է հայտնել հանդիպման համար ու նշել նման միջոցառումների շարունակականության կարևորությունը:
Հանդիպումն ընթացել է ազատ ընթացակարգով, Հայաստանից ժամանած գրողներն ու գրականագետները հարցեր են ուղղել խորհրդարանի ղեկավարին ու խոսել Արցախը համազգային մշակութային կենտրոն դարձնելու հնարավորության մասին:
Հանդիպմանը ներկա էին խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները:
ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին