Ինչպես հայտնել էինք, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնած՝ Իշխան Սաղաթելյանին եւ Վահե Հակոբյանին պաշտոնազրկելու գործընթացի հարցն այսօր քննարկվեց ԱԺ արտահերթ նիստում։ Խոսքն Իշխան Սաղաթելյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնից հետ կանչելու եւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի՝ որպես տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին է։
Գաղտնի քվեարկությունից հետո ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հրապարակեց քվեարկության արդյունքները․ ըստ այդմ, Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխխոսնակի պաշտոնից հետ կանչելու հարցի քվեարկությանը մասնակցել է 66 պատգամավոր․ «կողմ» են քվեարկել միաձայն։ Ինչ վերաբերում է Վահե Հակոբյանի լիազորությունների դադարեցմանը, ապա քվեարկության արդյունքը նույնն է։ Քվեարկությանը մասնակցել է միայն իշխող ՔՊ-ն։
Արտահերթ նստաշրջանն այսքանով ավարտվեց։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ