«Սահմանադրությամբ ամրագրված է, որ սա ընդդիմության քվոտան է, եւ, բնականաբար, ընդդիմությունը պահպանում է այս քվոտան, ազատ է թեկնածու առաջադրելու հարցում։ Պետք է թեկնածու առաջադրեն։ Մենք դեռեւս Իշխան Սաղաթելյանի ընտրության ժամանակ ենք ասել այդ մասին»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ անդրադառնալով ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանի պաշտոնազրկման գործընթացին։
Հարցին՝ եթե ընդդիմությունն ԱԺ փոխնախագահի նոր թեկնածու ունենա, իշխանությունը տրամադրված կլինի՞ նրան ընտրել, Արուսյակ Ջուլհակյանը պատասխանեց․ «Կախված նրանից, թե ով կլինի թեկնածուն, ՔՊ-ն որոշում կկայացնի»։
Ինչ վերաբերում է ընդդիմադիր պատգամավորներին բացակայությունների հիմքով մանդատից զրկելուն, լրագրողները հարցրին՝ տեւական ժամանակ իշխանությունն այս մասին խոսում էր, ինչո՞ւ հետ կանգնեց, ինչի՞ց վախեցավ։ «Ոչնչից չենք վախեցել, ոչ մի բանից հետ չենք կանգնել։ Ինչ որոշում որ կայացվել է, հայտնել ենք։ Անձամբ ես որեւէ մեկին ինչ-որ բան չեմ խոստացել»,-պատասխանեց Ջուլհակյանը։
Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին, թե ինչու այս քվեարկությանը չի մասնակցում ԱԺ ղեկավարությունը՝ նախագահն ու մյուս տեղակալը։ Ջուլհակյանը հայտնեց, որ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը գործուղման է, իսկ թե ինչու Ալեն Սիմոնյանը չկա, չկարողացավ պատասխանել։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ