«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն Իշխան Սաղաթելյանին եւ Վահե Հակոբյանին պաշտոնազրկելու գործընթաց է սկսել․ հարցը քննարկվում է այսօր՝ ԱԺ արտահերթ նստաշրջանում։ Խոսքն Իշխան Սաղաթելյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնից հետ կանչելու եւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի՝ որպես տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին է։
Ներկայացնելով որոշման նախագծերից երկրորդը՝ ՔՊ խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը (լուսանկարում) նախ նշեց, որ ԱԺ նիստերում այս ընթացքում տեղի ունեցած 342 քվեարկություններից 194-ին Վահե Հակոբյանը չի մասնակցել, ԱԺ 25 խորհրդի նիստերից բացակայել է 20 անգամ, հանձնաժողովի 27 նիստերից 11-ը չի նախագահել, չի ստորագրել իրեն վերապահված փաստաթղթերը, չի կատարել օրենքով սահմանված մյուս պարտականությունները։
«Հանձնաժողովի ընդունարանը պարբերաբար փակ է եղել, զանգերը մնացել են անպատասխան։ Հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի անդամներին չի փոխանցել տնտեսվարողների հասցեագրած՝ մի շարք միջոցառումների մասնակցելու հրավերները, խոչընդոտել է պատգամավորների լիազորությունների իրացմանն ու ոտնահարել քաղաքացիների իրավունքները»,-հայտնեց Ծովինար Վարդանյանը՝ շեշտելով, որ տնտեսական հարցերի հանձնաժողովի կարգավորմանն են վերապահված մի շարք կարեւոր ոլորտներ, այդ թվում՝ հարկեր, տուրքեր, տնտեսական մրցակցություն, ներդրումներ եւ այլն։
Ծովինար Վարդանյանը հավելեց, որ այս քայլով ՔՊ-ն մտադիր է հետագայում ընտրել տնտեսական հարցերի հանձնաժողովի մեկ այլ նախագահի, որը կկատարի հանձնաժողովի նախագահի իր պարտականությունները եւ կապահովի հանձնաժողովի բնականոն գործունեությունը։
Կարդացեք նաև
Նշենք, որ Վահե Հակոբյանն ու Իշխան Սաղաթելյանն այս ընթացակարգում ունեն ելույթի հնարավորություն, սակայն երկուսն էլ բացակայում էին դահլիճից։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ