Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս «ափալ-թափալ» գործելաոճը պատերազմից մեկ-երկու տարի անց այլևս չի համապատասխանում իրականությանը». ՀՅԴ խմբակցությունը դեմ է քվեարկել Արցախի 2021թ բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

Հուլիս 01,2022 12:14

Ապառաժ. Հունիսի 30-ին կայացած Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նիստի օրակարգում ընդգրկված էր նաև 2021թ բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Խորհրդարանական երկու՝ «Հայ Հեղափոխական Դաշնակցություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները դեմ են քվեարկել բյուջեի կատարման հաշվետվությանը, «Արցախի Արդարություն» խմբակցությունը չի մասնակցել քվեարկությանը, կողմ են քվեարկել «Ազատ հայրենիք-ՔՄԴ», «Միասնական հայրենիք» խմբակցությունները: Խորհրդարանը 25 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ հաստատել է նախորդ տարվա բյուջեի կատարողականը:

Նախքան քվեարկությունը խմբակցությունները ներկայացրել են 2021թ բյուջեի կատարման վերաբերյալ իրենց կարծիքները: Ստորև ներկայացնում ենք ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանի ելույթը.

«Պետական բյուջեի մասին օրենքը և դրա կատարողականներն ամեն տարի քննարկում ենք Ազգային ժողովում, մեր եզրակացությունն ենք ներկայացնում ու նշում ենք, որ որպես թիվ մեկ ֆինանսատնտեսական հիմնական փաստաթուղթ, պետական բյուջեն արտացոլում է այն մարտավարությունն ու ռազմավարությունը, որը կառավարությունը կիրառում է պետության առջև ծառացած հիմնական մարտահրավերները, խնդիրները լուծելու առումով: 2021թ. պետական բյուջեն ընդունվել է հետպատերազմյան իրողությունների շրջանակում և մենք, հաշվի առնելով այդ հանգամանքը, առաջարկել էինք չշտապել և թեկուզ մեկ ամիս ուշ ընդունել, բայց հիմնական մարտահրավերները, առաջնահերթությունները ֆիքսել և անցնել առաջ:

Ցավոք սրտի, ինչպես միշտ մեր տեսակետը հաշվի չի առնվել և արագորեն ընդունվել է բյուջեի նախագիծը՝ հետագայում «կարկատաններ», փոփոխություններ, բայց էականը միայն դա չէ: Էականն այն է, որ բազմաթիվ անգամ մենք տարբեր տեղերից, այդ թվում նաև այս ամբիոնից ֆիքսել ենք, որ հետպատերազմական իրողությունները հաշվի առնելով մեր երկրի առջև ծառացած հիմնական մարտահրավերները հիմնականում անվտանգային են: Առաջինն անվտանգության հարցն է, երկրորդը կարգավիճակի հարցը, երրորդը հումանիտար աղետի հասցված Արցախի Հանրապետության բնակչության սոցիալական խնդիրների լուծումը, որը նույնպես անվտանգային հարց է: Ցավոք 2021թ. բյուջեի ընդունումն ու կատարողականը այս հիմնական մարտահրավերների պատասխանը չեն տալիս: Այս «ափալ-թափալ» գործելաոճը պատերազմից մեկ-երկու տարի անց այլևս չի համապատասխանում իրականությանը:

Այսօր նշվեց, որ խստացնելու են վերահսկողությունը բյուջետային ծախսերի նկատմամբ և Արայիկ Հարությունյանն անգամ նշեց, որ Ազգային անվտանգության ծառայությանն է հանձնարարվել վերահսկել: Դրանից հետո իմ գործընկեր Դավիթ Իշխանյանը շեշտեց, որ Արտակ Բեգլարյանը հանդիպել է ոչ միայն ՀՀ արտաքին գործերի նախարարի, այլ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի հետ, այսինքն իր գործառույթներից դուրս արտաքին քաղաքական գործունեությամբ է զբաղվում: Հիմա կարող ենք ասել հումանիտար և այլ հարցերով է հանդիպել, բայց սա է իրականությունը: Մենք ամենամեծ անվտանգային խնդիրը ունենք և ԱԱԾ-ն իր գործառույթները լիարժեք իրականացնելու փոխարեն զբաղվում է տնտեսական հարցերով: Այն դեպքում, երբ ունենք բազմաթիվ ստուգող, վերահսկող մարմիններ՝ Հաշվեքննիչ պալատ, ֆինանսական վերահսկողություն:

Հաջողում է այն կառավարությունը, որը համակարգային իմաստով կարողանում է խնդիրներ լուծել: Մեր մոտ արդեն պարզ չէ, թե ով ինչով է զբաղվում, մանավանդ նախագահի հրամանը կա, թե ով իրավունք ունի զբաղվելու արտաքին քաղաքականության ոլորտով: Այդ գործառույթն իրականացնում են նախագահի աշխատակազմը և արտաքին գործերի նախարարությունը:

Մենք միացել ենք քաղաքացիական պաշտպանության ոլորտին հատկացվող գումարների ավելացման առաջարկին: 2020թ. մեկ մլրդ դրամ էր նախատեսված, համարյա ոչինչ չի արվել, 2021թ. նախատեսվել է երկու մլրդ դրամ, համարյա ոչինչ չի արվել կամ շատ անբավարար է արվել, որի պատասխանատուն ի պաշտոնե  պետնախարարն է: Ամեն մարդ իր գործով չի զբաղվում ու զբաղվելու դեպքում էլ դեռ հարց է կարողանո՞ւմ է հաջողել թե ոչ: Օրինակները բազմաթիվ են, ես ընդամենը մի քանի օրինակ ներկայացրեցի: Ես այս օրինակներով ոչ թե անպայման ուզում եմ քննադատական խոսք հնչեցնել, այլ ուզում եմ ներկաների ուշադրությունը հրավիրել ավելի արդյունավետ գործելակերպի վրա:

Պատասխանատվություն, արհեստավարժություն, նպատակայնություն: Սրանք այն հիմնական սկզբունքներն են, որոնք ունենում է ցանկացած հաջողած կառավարություն: Պետք է ասել, որ այս կառավարությանն անգամ ամենամեծ ցանկության դեպքում նման բառերից որևէ մեկը չենք կարող վերագրել, ուստի ՀՅԴ խմբակցությունը դեմ է քվեարկելու 2021թ. բյուջեի կատարողականին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031