«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ փոխխոսնակներից Իշխան Սաղաթելյանին եւ հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին պաշտոնազրկելու գործընթաց է սկսել․ հարցը քննարկվում է այսօր՝ ԱԺ արտահերթ նստաշրջանում։ Խոսքն Իշխան Սաղաթելյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնից հետ կանչելու եւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի՝ որպես տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին է։
Ներկայացնելով որոշման նախագծերից առաջինը՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը (լուսանկարում) հայտարարեց, որ ժամանակին ՔՊ-ն կողմ քվեարկեց եւ ընտրեց Իշխան Սաղաթելյանին որպես ԱԺ փոխխոսնակ՝ այդ կերպ հարգելով քաղաքացիների ընտրությունն ու ի գիտություն ընդունելով ՀՀ սահմանադրությունը, ըստ որի՝ ԱԺ նախագահի տեղակալներից մեկը պետք է լինի ընդդիմադիր խմբակցությունից։
«ՔՊ-ն նկատի է ունեցել ԱԺ-ի բնականոն գործունեությունը րոպե առաջ ապահովելը։ ՍԴ 2021թ․-ի որոշմամբ՝ ՍԴ-ն, վերլուծելով ԱԺ կանոնակարգ օրենքի, ԱԺ նախագահի եւ նրա տեղակալների, մշտական հանձնաժողովների նախագահների առաջադրումն ու ընտրությունը, նրանց հետկանչման դրույթները՝ հանգել է եզրակացության, որ նշված պաշտոններից հետկանչման իրավունքով օրենսդիրն օժտել է հավասարապես բոլոր խմբակցություններին։ Ըստ այդմ, ՔՊ-ն հանդես է գալիս Իշխան Սաղաթելյանին պաշտոնից հետ կանչելու նախաձեռնությամբ»,-նախ նշեց Արուսյակ Ջուլհակյանը։
Նա զեկուցեց, որ պատգամավորն օրենքով պարտավոր է մասնակցել ԱԺ նիստերին, սակայն Իշխան Սաղաթելյանը 2022թ․ հունվարի 17-ից մինչեւ հունիսի 29-ը բացակայել է 198 քվեարկություններից, ինչպես նաեւ ԱԺ խորհրդի նիստերի մեծ մասից՝ այսպիսով չկատարելով օրենքով սահմանված իր պարտականությունները․ բացի այդ, նրա բացակայությունների պատճառով հնարավոր չի եղել իրականացնել ԱԺ նախագահի՝ օրենքով տեղակալին պատվիրակված հանձնարարություններն ու լիազորությունները։
Կարդացեք նաև
«ԱԺ նախագահի տեղակալներն օրենքով պարտավոր են քաղաքացիական համերաշխություն ապահովել, պատգամավորի երդման մեջ սահմանված են նրանց պարտականությունները, սակայն Իշխան Սաղաթելյանն ու նրա գործընկերներն ԱԺ նիստի առաջին օրը հրաժարվեցին պատգամավորական երդում տալուց։ Ինչեւէ։ Պարոն Սաղաթելյանն ԱԺ նախագահի տեղակալ է, եւ ինչպես մի առիթով նշել է Սերժ Սարգսյանը, նաեւ ընդդիմության առաջնորդ է, եւ նա չի կատարել ոչ միայն քաղաքացիական համերաշխությանն ուղղված առաքելությունը, այլեւ հրահրել է քաղաքացիական բախումներ, օգտագործել ատելության խոսք, վիրավորել ԱԺ պատգամավորներին եւ քաղաքացիներին»։
Ապա Ջուլհակյանը թվարկեց Դիմադրության շարժման բողոքի ցույցերի այն դեպքերը, որոնց ժամանակ, իրենց խոսքով, Սաղաթելյանը բախումներ է հրահրել, մասնավորապես՝ Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում վերջերս տեղի ունեցածի ժամանակ, երբ ոստիկանները հատուկ միջոցներ էին կիրառել։
Արուսյակ Ջուլհակյանի բնորոշմամբ՝ այդ ժամանակ Իշխան Սաղաթելյանի կոչին հաջորդել են զանգվածային անկարգություններ, երթի մասնակիցները չեն ենթարկվել ոստիկանության օրինական պահանջին եւ քարերով, մետաղյա ձողերով եւ շշերով հարվածել են ոստիկաններին։ Նա հանդես է եկել նաեւ վիրավորական արտահայտություններով եւ սպառնալիքներով՝ «ով ասում է, թե մենք պատերազմ ենք բերելու, անբարոյականի վաստակ է», «Նիկոլի նավի մեջ այդքան անասուն չի տեղավորվի, որ հետը տանի»․․․»։
Ամփոփելով՝ Ջուլհակյանը նշեց, որ Սաղաթելյանը չի կատարում եւ չի ուզում կատարել օրենքով սահմանված պարտականությունները, եւ այս քայլով ՔՊ-ն մտադիր է առաջիկայում ընտրել ընդդիմության այնպիսի թեկնածուի, որը որպես ԱԺ փոխնախագահ՝ կկատարի իր պարտականությունները։
Մինչեւ 12.15 տեղի կունենա քվեարկությունը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ