Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են քիչ թվով քաղաքացիներ արձագանքել Դիմադրության շարժման՝ ԱԺ-ի դիմաց հավաքվելու կոչին

Հուլիս 01,2022 11:54

Ինչպես հայտնել էինք, Դիմադրության շարժումն այսօր խորհրդարանի դիմաց բողոքի ցույց է անում, իսկ ԱԺ-ում իշխանական խմբակցությունը պատրաստվում է պաշտոնանկ անել ընդդիմադիր երկու պատգամավորներին։

Լրագրողների ուշադրությունը գրավեց այն հանգամանքը, որ շատ քիչ թվով քաղաքացիներ են արձագանքել շարժման՝ ԱԺ-ի դիմաց հավաքվելու կոչին։ Այս առիթով շարժման անդամ Հայկ Դերզյանը լրագրողներին ասաց․ «Գլխավոր հանրահավաքն այսօր երեկոյան է։ Այս ցույցը որեւէ մեծ մոբիլիզացիայի խնդիր չունի։ Եկել ենք բարձրաձայնենք, որ իշխանությունը նախաձեռնել է գործընթաց, որն, իրենց պատկերացմամբ, գուցե անձերին է ուղղված, սակայն մեծ հաշվով այդ ամենն ուղղված է առաջնահերթ այն մարդկանց, որոնք ձայն են տվել ընդդիմությանը։ Իշխանությունն այսպես փորձում է ոչ թե պաշտոններից հեռացնել կամ սահմանափակել ընդդիմությանը, այլ առհասարակ՝ ընդդիմության ձայնը»։

Նկատառմանն ի պատասխան, որ անգամ ընդդիմադիր պատգամավորները չեն եկել ԱԺ-ի դիմաց՝ գործընկերներին սատարելու, Հայկ Դերզյանը նշեց․ «Այս ցույցը պայմանավորված չէ պատգամավորների լինել-չլինելով։ Շատ ցույցեր են եղել, որտեղ պատգամավորները ներկա էին, եւ հակառակը։ Պատգամավորների միանալ-չմիանալն այս գործընթացում որոշիչ չի։ Այստեղ են մարդիկ, որոնք դեմ են իշխանությանը։ Գլխավոր գործոնը քաղաքացու դժգոհությունն է»։

Լրագրողները շեշտեցին՝ քանի որ քաղաքացիների թիվը մեծ չէ, իշխանությունը կմտածի, թե հանրությունը համաձայն է իր քայլերի հետ։ Դերզյանն արձագանքեց․ «Այս երկու ամսում իշխանությունն արդեն վաղուց պետք է համոզված լիներ, որ բազմաթիվ մարդիկ դեմ են իրեն։ Մեր համար կարեւոր է, որ քաղաքացիները գիտակցում են՝ Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում։ Ես մեկ ցույցով կարծիք չէի կազմի»։

Ինչ վերաբերում է Բերձորի միջանցքի հանձնմանն Ադրբեջանին, ինչը խորհրդարանական նիստերի տեսքով չի արժանացել իշխող խմբակցության ուշադրությանը, Հայկ Դերզյանը շեշտեց, որ դա կապված է նոյեմբերի իննի փաստաթղթի հետ․ «Առաջնահերթ ասել ենք, որ փաստաթղթի ճիշտ կիրառություն պետք է լինի։ Ըստ դրա՝ ադրբեջանցիները չեն կանգնել այն դիրքերում, որտեղ եղել են, իսկ մեր գերիները չեն վերադարձվել։ Զուգահեռ մեր իշխանությունը կամակատարի պես կատարում է բոլոր կետերը, գնում միակողմանի զիջումների։ Երկու տարի ակնհայտ էր այս վիճակը, բայց կա բանակցային գործընթաց, իսկ իշխանության պատգամավորները քանիցս ասել են, որ այս կամ այն տարածքներ մերը չեն։ Իսկ ընդդիմության օրակարգը հայամետ է»։

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ փոխխոսնակներից Իշխան Սաղաթելյանին եւ պատգամավոր Վահե Հակոբյանին պաշտոնազրկելու գործընթաց է սկսել․ հարցը քննարկվում է այսօր՝ ԱԺ արտահերթ նիստում։ Խոսքն Իշխան Սաղաթելյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնից հետ կանչելու եւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի՝ որպես տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին է։ Հիմնավորման մեջ նշվում է, որ Վահե Հակոբյանը չի մասնակցել քվեարկությունների, ԱԺ խորհրդի եւ իր ղեկավարած հանձնաժողովների նիստերի մեծ մասին։

Իշխան Սաղաթելյանն էլ, ըստ հիմնավորման, մեծամասամբ բացակա է եղել ԱԺ խորհրդի նիստերից, բացի այդ՝ նա, որպես ԱԺ փոխնախագահ, ներկայացնում է ողջ խորհրդարանը եւ ի պաշտոնե կոչված է ապահովել ԱԺ աշխատանքը, հանրային համերաշխությունը, մինչդեռ հրահրել է բախումներ, օգտագործել ատելության խոսք եւ վիրավորական արտահայտություններ ԱԺ պատգամավորների հասցեին։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031