Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիեւը մանր սադրանքներով ավելի շատ իր PR-ով է զբաղվում, սակայն այն արդեն խաթարում է միջազգային դիվանագիտական գործընթացների տրամաբանությունը. «Հայաստանի Հանրապետություն»

Հուլիս 01,2022 10:35

Կասպյան վեցերորդ գագաթնաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահ Ալիեւն առիթը բաց չթողեց հերթական անգամ սադրիչ հայտարարություններ անելու համար: Նա իր ելույթում շեշտեց, որ «Զանգեզուրի միջանցքն» իրականություն է դառնում: Ճիշտ է, մինչ այդ Ալիեւը դիմեց ակնհայտ մանիպուլյացիայի՝ հայտարարելով, թե տրանսպորտային ենթակառուցվածքներ է կառուցում այսպես կոչված «արեւելյան Զանգեզուրում»: Բաքվի առաջնորդն իր հրամանագրով այդպես է անվանում Արցախի Հանրապետությունից 44-օրյա պատերազմի ժամանակ օկուպացրած Կովսականի ու հարակից շրջանների տարածքները եւ, ըստ էության, «Զանգեզուրի միջանցք» ասելով նկատի ուներ հենց այդ հատվածում ակտիվորեն իրականացվող ճանապարհաշինական աշխատանքները, սակայն փորձեց այնպես ներկայացնել, թե իբր խոսում է Մեղրիի հատվածի մասին: Բացի այդ, Ալիեւը հայտարարեց, թե վերականգնում եւ զարգացնում է Ղարաբաղը:

Նման սադրիչ հայտարարությունները ոչ միայն Հայաստանին էին ուղղված, այլ նաեւ Արցախում եւ ՀՀ հարավային սահմաններին կանգնած զինված ուժերը ներկայացնող պետությանը՝ ՌԴ-ին, որի նախագահը մասնակցում էր այդ նիստին: Լիովին սպասելի էր, որ բացման արարողությանը հետեւած Պուտին-Ալիեւ հանդիպման վերաբերյալ Կրեմլի պաշտոնական կայքէջում հրապարակված կարճ հաղորդագրության մեջ պաշտոնական Մոսկվան շեշտել էր արցախյան հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը, ասել է թե՝ նրա կարգավորված չլինելու խնդիրը:

Այս հաղորդագրության ենթատեքստերով Կրեմլը ամրագրում է երկու առանցքային միտում՝ արցախյան խնդիրը լուծված չէ, Արցախում Ադրբեջանը որեւէ ներկայություն չունի, եւ որ  տարածաշրջանային հաղորդակցությունների բացման հարցում ՌԴ-ն առանցքային դերակատար է, քանի որ դրանց վրա տեղակայված են ՌԴ խաղաղապահ եւ սահմանապահ զորքերը: Այլ կերպ ասած՝ Կրեմլը շատ արագ Ալիեւին պատասխանեց, որ վերջինս կապ չունի Արցախի Հանրապետության հետ, եւ չի կարող միայնակ լուծել տարածաշրջանային հաղորդակցության ուղիների բացման հարցերը:

Ստացվում է, որ Ալիեւը մանր սադրանքներով ավելի շատ իր PR-ով է զբաղվում, ինչն ավելի շուտ ուղղված է Ադրբեջանի հասարակության գիտակցության վրա ներազդելուն: Սակայն այն արդեն լրջորեն խաթարում է միջազգային դիվանագիտական գործընթացների տրամաբանությունը եւ սկզբունքները, ինչն աստիճանաբար մեծացնում է արցախյան խնդրի կարգավորման մեջ ներգրավված երկրների ու կառույցների տարակուսանքը, որը վերջիններս արդեն սկսել են հրապարակային եւ ուղիղ տեսքով հնչեցնել Բաքվի ուղղությամբ:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031