Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօրվանից ուժի մեջ է մտնում անկանխիկ գործառնությունների մասին օրենքը. «Հայաստանի Հանրապետություն»

Հուլիս 01,2022 09:46

Այսօրվանից ուժի մեջ է մտնում «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը, որի շրջանակում, ինչպես վստահեցնում է պետեկամուտների կոմիտեն, պատրաստ է իրեն վերապահված լիազորությունների շրջանակում իրականացնել պատշաճ վերահսկողություն:

Այս օրենքը ենթադրում է, որ ՀՀ տարածքում անհատ ձեռնարկատերերի եւ կազմակերպությունների կողմից 2022 թ. հուլիսի 1-ից 300 հազար դրամը գերազանցող ապրանքների օտարման, գույքի օտարման, ապրանքների օգտագործման, գույքի օգտագործման, աշխատանքների կատարման եւ ծառայությունների մատուցման, հարկային օրենսգրքով սահմանված պասիվ եկամուտների վճարման, փոխառությունների տրամադրման եւ ստացման գործարքներն անկանխիկ պետք է արվեն։ Բացառություն են օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց կողմից մանրածախ առեւտրում սահմանված կարգով դուրս գրված՝ ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվով ձեւակերպված ապրանքների ձեռքբերման գործարքները, որոնց դիմաց մեր երկրի տարածքում կանխիկ դրամով գումարի ընդունման առավելագույն չափը չի կիրառվում:

Օրենքը ենթադրում է նաեւ, որ օտարերկրյա կազմակերպությունների եւ ՀՀ-ի անհատ ձեռնարկատերերի, նոտարների, փաստաբանների, կազմակերպությունների, ֆիզիկական անձանց միջեւ իրականացվող ցանկացած գործարքի դիմաց վճարումն ու վճարի ստացումն իրականացվում են անկանխիկ՝ անկախ վճարման կարգից, եթե վճարումը կամ վճարի ստացումը կատարվում է ՀՀ տարածքում: Փաստաբանական ծառայությունների, ինչպես նաեւ բոլոր խորհրդատվական (հաշվապահական, աուդիտորական, իրավաբանական, ֆինանսական, տեղեկատվական տեխնոլոգիաներ եւ այլ խորհրդատվական) ծառայությունների մատուցման վճարների ընդունումը դարձյալ անկանխիկ է արվում, եթե այլ բան նախատեսված չէ օրենսդրությամբ: Նոտարի մատուցած ծառայությունների վճարների ընդունումը նույնպես անկանխիկ է։ Իսկ նոտարական գործողություններ կատարելու համար պետական տուրքը նոտարը գանձում է անկանխիկ, եթե այլ բան նախատեսված չէ օրենսդրությամբ: Անկանխիկ են նաեւ բանկերի, վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերն ու փոխառությունները։ Բայց բանկերը ավանդները կարող են ընդունել եւ վերադարձնել (ներառյալ տոկոսները) նաեւ կանխիկ ձեւով, եթե այլ բան նախատեսված չէ քաղօրենսգրքով կամ պայմանագրով: Բանկերի, վարկային կազմակերպությունների տրամադրած վարկերը կարող են մարվել (վերադարձվել) նաեւ կանխիկ, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով։

Ոլորտին առնչվող մասնագետներն այս ամբողջ գործընթացում նաեւ խնդիրներ են տեսնում։ Նույնիսկ նրանք, ովքեր անկանխիկի գաղափարին դեմ չեն, խնդիրներ են տեսնում անկանխիկ գործարքները պարտադիր դարձնելու առումով՝ դա դիտարկելով թեկուզ հենց բանկային բարձր միջնորդավճարների տիրույթում։ Նրանք, ովքեր միանշանակ կողմ են, դա պատճառաբանում են «ամբողջ աշխարհի» օրինակով։

Եթե դիտարկենք «ամբողջ աշխարհի» մաս կազմող Ավստրիան, Կիպրոսը, Էստոնիան, Ֆինլանդիան, Իսլանդիան, Իռլանդիան, Լատվիան. Լիտվան, Նիդեռլանդները, Ճապոնիան, Հոնկոնգը, Քաթարը, ապա այստեղ կանխիկի վճարման սահմանափակումներ չկան։

Գերմանիայում կանխիկ վճարման սահմանափակում չկա, բայց կա կարգավորում, եթե վճարը գերազանցում է 10 հազ. եվրոյի սահմանագիծը, ապա գնորդը վաճառողին անձը հաստատող փաստաթուղթ է ներկայացնում։ Շվեդիայում սահմանափակումներ չկան, եթե իհարկե դրանք չեն դրվել գործարքի պայմանագրի կողմերի միջեւ։ Եթե ԱՄՆ-ն էլ է այդ «ամբողջ աշխարհի» մաս, ապա այստեղ էլ սահմանափակումներ չկան։ Դարձյալ կա կարգավորում՝ 10 հազ. դոլարի սահմանագիծը անցնելու պարագայում՝ պետության կողմից սահմանված ձեւաչափի հայտարարագիր պետք է լրացվի։ Ի դեպ, շատ երկրներ սկսել են ավելի գերադասել կանխիկ շրջանառությունը ՝ հատկապես կրիպտոարժույթի տարածման համապատկերում։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031