Լրահոս
Օրվա լրահոսը

Սա ոչ այլ ինչ է, քան հայաստանյան «ժողովրդավարության» պայմաններում քաղաքական հաշվեհարդար. որքանո՞վ է հիմնավորված արտահայտած մտքի կամ ունեցած բացակաների համար հետկանչման գործընթացը. Թագուհի Թովմասյան

Հուլիս 01,2022 09:24

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, որ «ժողովրդավարությունը թիվ մեկ բրենդ» է հռչակել, այսօր խորհրդարանի արտահերթ նիստ է հրավիրել ու քննարկելու է ընդդիմադիր խորհրդարանականներին՝ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանին ու Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին զբաղեցրած պաշտոններից հետ կանչելու հարցը: Սա ոչ այլ ինչ է, քան հայաստանյան «ժողովրդավարության» պայմաններում քաղաքական հաշվեհարդարի դրսևորում, քանի որ ընդդիմադիր գործիչները քաղաքական ակնհայտ հետապնդման են ենթարկվում։

Պաշտոններից հետ կանչելու վերաբերյալ որոշման նախագծերի իրավական հիմնավորվածության հարցերը թողնում եմ իրավաբան-մասնագետների դատին. որքանո՞վ է հիմնավորված արտահայտած մտքի կամ ունեցած բացակաների համար հետկանչման գործընթացը:

Բայց անհրաժեշտ եմ համարում նշել հետևյալը. ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվելուց ի վեր մշտապես շեշտել եմ, որ կարելի է քննադատել ամենակոշտ կերպով, բայց երբեք չպետք է մտնել վիրավորանքի դաշտ, որն իրապես դատապարտելի է մարդու իրավունքների պաշտպանության դիտանկյունից։

Միաժամանակ հարկ է փաստել, որ ժողովրդավարական երկրում և՛ իշխանությանը, և՛ ընդդիմությանը ձայն տվողը ժողովուրդն է, իսկ վարչական պաշտոններում թեկնածուների առաջադրման հարցը որոշվում է կոլեգիալ՝ քաղաքական որոշմամբ՝ հատուկ բանաձևերով: Հետևաբար ԱԺ վարչական պաշտոններից ընդդիմադիր պատգամավորների հեռացման քաղաքական որոշումը, որը կայացվել է իշխանական մեծաթիվ պատգամավորների անունից, դեռ չի նշանակում բացարձակ ճշմարտություն:

Կարելի էր քննարկել էթիկայի հանձնաժողովի ձևաչափով՝ մասնագիտական շրջանակներով ներկայացված խնդիրների ուսումնասիրման հնարավորությունը՝ քաղաքական հաշվեհարդար տեսնելու փոխարեն։

Այդուհանդերձ, որոշման նախագծերը շրջանառության մեջ են, և առավոտյան շտապ գրություններ եմ ուղարկելու մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող և քաղաքական ազատությունները խրախուսող միջազգային բոլոր կազմակերպություններին: Աշխարհի շատ ժողովրդավարական երկրների ուշադրությունն եմ հրավիրելու քաղաքական ազատությունների սահմանափակման նման անթույլատրելի վարքագծի վրա:

Ընդդիմադիր մանդատով խորհրդարան մտած պատգամավորները չեն կարող «պատժվել» ընդդիմադիր գործունեության և հասարակության ընդդիմադիր սպասելիքները սպասարկելու համար:

Թագուհի Թովմասյան

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031