Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հոգեկան առողջության կենտրոնում ռեալ վտանգ կա

Հուլիս 01,2022 13:30

Ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում

«2022 թվականի հունիսի 14-ին ես տեսակցություն ունեցա Գ.Թ.-ի հետ, վերջինս թույլ էր, բայց գիտակցությունը տեղում էր, ինձ տեսավ, ճանաչեց, խոսեցինք, ասաց, որ ուզում է դուրս գրվել: Բժիշկները ասացին, որ երկու-երեք օրից Գ.Թ.-ն դուրս կգրվի: Ես Գ.-ին խոստացա գալ իր հետեւից դուրս գրման օրը: Հաշվի առնելով մորաքրոջ դեմ Գ.Թ.-ի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործը, վերջինիս անմարդկային վերաբերմունքը Գ.-ի նկատմամբ, Գ.-ն հայտնեց, որ չի ուզում որեւէ տեսակցություն ունենալ այդ կնոջ հետ»,-երեկ «Առավոտին» հայտնեց ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Նարինե Աբելյանը, ում դիմել էի իր մի գրառման համար: Նա ֆեյսբուքյան իր էջում երկու օր առաջ գրել էր. «Թե ինչ խայտառակություն է տեղի ունենում Ավան հոգեկան առողջության կենտրոնում, ոչ պատկերացնել է հնարավոր, ոչ նկարագրել: Ուրեմն, վստահորդս` մորաքրոջ կանչի հիման վրա, ով, ի դեպ, փորձում է վստահորդիս սեփականության իրավունքով պատկանող տունը խլել, հոսպիտալացվում է հոգեկան առողջության կենտրոն, ինչի մասին ես տեղեկանում եմ երկու շաբաթ անց: Բժիշկները ջանք ու եռանդ չեն խնայում վստահորդիս այնտեղ պահելու նպատակով, ինչը նախ գնահատում եմ, որպես սրտացավություն, բայց հետո, երբ վստահորդս «հրաժարվում» է փաստաբանից, ակնհայտ է դառնում, որ ոչ մի սրտացավության մասին էլ խոսք լինել չի կարող… պարզ, հասարակ տմարդություն եւ ընդամենը: Հիմա ամենահետաքրքիր մասը. գրություն եմ ուղարկել, որ վստահորդիս դուրս գրեն` տանեմ մասնավոր կլինիկա., հրաժարվում են դուրս գրել վստահորդիս»:

Փաստաբանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ հաշվի առնելով Գ.-ի մորաքրոջ՝ ապօրինի վարքը եւ Ավան հոգեկան առողջության կենտրոնի անձնակազմի որեւէ տրամաբանության մեջ չտեղավորող գործողությունները, որոնք ակնհայտորեն ուղղված են Գ.-ին որքան հնարավոր է՝ երկար տվյալ հաստատությունում պահելուն՝ ներկայացրել է հանցագործության մասին հաղորդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 134-րդ հոդվածի հատկանիշներով՝ Գ.Թ.-ին հոգեկան տառապանք պատճառելու կասկածանքով: Ի դեպ, առկա է մեկ այլ քրեական գործ, որի նախաքննությունը շարունակվում է, որը հարուցվել է մորաքրոջ նկատմամբ՝ Գ.-ի բնակարանից ոսկյա զարդեր եւ այլ իրեր գողանալու կասկածանքով:

Պարզվեց՝ Գ.Թ.-ն մոր հետ բնակվել է Երեւան քաղաքի իրենց բնակարանում: Մայրը 2021 թվականի հունիսի 2-ին մահացել է: Գ.-ն ունի նաեւ երկու մորաքույր, որոնցից մեկը, ըստ փաստաբանի, բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում, մյուսը՝ ԱՄՆ-ում:

Մոր մահից հետո Ռուսաստանում բնակվող մորաքույրը եկել է Հայաստան եւ ցանկանալով տիրանալ քրոջ ժառանգությանը՝ միաժամանակ օգտվելով Գ.-ի մոտ առկա հոգեկան առողջության խնդրից, կանչ է գրանցել Ավան ՀԱԿ-ում, որի հիմքով Գ.-ին հոսպիտալացրել են: Գ.-ին բարեհաջող հոսպիտալացնելուց, վերջինիս անգործունակի պիտակ կպցնելուց եւ, ըստ էության, քրոջ առաջին հերթի ժառանգից ազատվելուց հետո, մորաքույրը դիմում է նոտարին, որպես երկրորդ հերթի ժառանգ՝ քրոջ ժառանգությունն ընդունելու նպատակով:

Տեղեկանալով Գ.-ի հոսպիտալացման եւ քրոջ ապօրինի ծրագրերի մասին, ԱՄՆ-ում բնակվող մորաքույրը ժամանում է Հայաստան, դիմում փաստաբանին, որպեսզի Գ.-ին դուրս բերի հոգեբուժարանից, ապա՝ ժառանգությունն ընդունել եւ բնակարանը գրանցել Գ.-ի անվամբ:

Փաստաբան Նարինե Աբելյանն ասում է, որ Գ.-ն իր միջամտությամբ, ենթարկվում է դատահոգեբուժական փորձաքննության, ճանաչվում գործարքունակ, դիմում ներկայացնում նոտարին եւ ընդունում մոր ժառանգությունը: Գ.-ի սեփականության իրավունքը ենթարկվում է պետական գրանցման այս տարվա փետրվարին:

Մորաքույրը կրկին փորձում է խլել Գ.-ին սեփականության իրավունքով պատկանող բնակարանը՝ ՀՀ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացնելով նրան անգործունակ ճանաչելու վերաբերյալ դիմում:

Ի դեպ, այս տարվա մայիսի 30-ին մորաքրոջ կանչի հիման վրա է Գ.-ն հոսպիտալացվել Ավան հոգեկան առողջության կենտրոն, որտեղ, ըստ բժիշկների՝ փաստաբանին հայտնածի, հոժարակամ ստանում է ստացիոնար բուժում:

Փաստաբանը նրա հետ տեսակցել է օրերս՝ հունիսի 14-ին:

Ն. Աբելյանն ասում է, որ գրություններ է ուղարկել, որպեսզի Գ.-ին դուրս գրեն Ավան ՀԱԿ-ից՝ բուժումը մասնավոր կլինիկայում կազմակերպելու համար, դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին, որի աշխատակազմի համապատասխան աշխատակից հեռախոսազրույց է ունեցել Ավան հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն Ա. Հակոբյանի հետ, ով տեղեկացրել է, որ երեքշաբթի կամ չորեքշաբթի Գ.-ն դուրս կգրվի: Հունիսի 28-ին փաստաբանը ստացել է Ավան հոգեկան առողջության կենտրոնի պատասխան գրությունն առ այն, որ վերջինիս դուրս գրումն իրականացնել հնարավոր չէ: Փաստաբանն ահազանգում է իր վստահորդի կյանքին ռեալ սպառնալիք լինելու մասին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.06.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031