Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գանգրահեր կարոտից մինչեւ ազատություն

Հուլիս 01,2022 12:00

Ժամանակակից գրականության նկատելի նմուշ է Արցախի գրական ընտանիքի ինքնատիպ ձեռագրով բանաստեղծուհի Սոնա Համբարձումի «Գանգրահեր կարոտ» գիրքը, որը հեղինակի երրորդ բանաստեղծական ժողովածուն է եւ ընդգրկում է 2014-2017 թվականներին գրած ստեղծագործությունները:

Սոնա Համբարձումի բանաստեղծական մտքի խտացումը հայրենիքի ու սիրո միջով ձգվում է ազատ տարածություն, որտեղ կարծես հեղինակը գտնում է այն կարեւոր կապը, որը հողին ու մարդուն միավորում է: Երկիրը, որն ավելի ներկա է իր մեջ, եւ որի հետ բանաստեղծուհին երկխոսում է՝ աղերսելով չլքել իրեն, գունավոր եւ շարժուն է՝ մե՛րթ ցավից վեր հառնող, մե՛րթ պայքարող ու հաղթանակող: Սոնան անկեղծ է հաղթանակի հարցում. «Հաղթանակը կորուստ է պահանջում»:

Իսկ սերն առ հայրենիք իր պարագայում յուրովի է…
Երկիրս, ոչ ոք, նույնիսկ դու
չես կարող հասկանալ սերս,
որ ապրում է քո մեջ
ինձ համար:

Եվ այսպես շարունակ մի ամբողջ բանաստեղծական շարք հայրենիքին է նվիրված՝ հայրենի տնից մինչեւ աղոթատուն, զինվորի խրամատից մինչեւ գիշերային սառնություն: Բանաստեղծուհու ձեռագիրն էականորեն տարբերվում է պատկերաստեղծման վարպետությամբ: Սոնան, լինելով հետաքրքիր անձնավորություն, կարողանում է նաեւ իր անձի գույնը հաղորդել տողերին՝ կենդանի շունչ տալով այն ամենին, ինչը գրում է սեփական հոգուց՝ առանց հուզական պոռթկումների, ավելորդությունների ու չափի մեջ: Գուցե հենց այդ չափավորությունն է, որ դյուրին է դարձնում բանաստեղծություններն ընկալելն ու սեփական մտքում վերլուծելը:


Թերթելով «Գանգրահեր կարոտ» ժողովածուն, ընթերցելով նախ հայրենիքի, ապա սիրո մասին Սոնայի տողերը, հասկանում ես, թե այս երկուսն ինչքան են իրար կապված եւ միաձուլված: Սոնա Համբարձումին հաջողվում է պոետական էության սեփական սահմանները գծել, մտածողության նոր որակ ձեւավորել եւ ազատորեն, բայց բանաստեղծորեն արտահայտվել: Ներքին անցումներն ու միջավայր ստեղծելը Սոնա Համբարձում բանաստեղծուհու առավելություններից է:

«Օրը» բանաստեղծության մեջ Սոնան օրը ջրի կաթիլի եւ հիշողության լավագույն էջի ստորագրության հետ է համեմատում, ապա վերահաստատում իր համարձակությունը պոետական լեզվով.

Օրը համարձակություն է՝
թռչելու օդապարիկով,
եւ պատճառ՝ այն կործանելու:
Եվ այս ամենին զուգահեռ՝ օրն անցնում է առանց հետ նայելու:

Իսկ մեկ այլ ստեղծագործության մեջ բանաստեղծուհին շեշտում է՝ ամենաշատ զոհերն ունեցողը օրն է.

Անհիշելի ժամանակներից սկսած
երկիրն իր պտույտներով
քանի-քանի
ժամեր ու վայրկյաններ է սպանում՝
անվերադարձ
եւ ոչ մի ժամանակ
օրը չի դառնում սգավոր,
նա շարունակում է ստեղծել նորը:

Սոնա Համբարձումի սույն գրքում օրն ու ժամանակը բնության հետ ներդաշնակ է, սակայն լինում են պահեր, երբ հիշողությունները սեղմում են այն երակը, որով քաղցր կյանքն էր անցնում:

Գանգրահեր բանաստեղծուհին հեքիաթ է հորինում, սակայն չի պատմում ոչ ոքի, որովհետեւ հորինած հեքիաթը չի ապրում: Բայց պոեզիան, որ Արցախի օդում է թեւածում՝ ապրում ու շնչում է, կա, որովհետեւ «պոեզիան մարդու մարդը պետք է լինի…» եւ Սոնան գտել է այդ «մարդուն»:

Սոնա Համբարձումի պոեզիայում սերը շնչավոր է, շոշափելի, թեեւ երբեմն-երբեմն կյանքի քառուղիներում ցավեցնում է: Եվ սերն է, որ իմաստավորում է ապրած օրը: «Գանգրահեր կարոտ» գրքում այդ իմաստավորված օրը նաեւ ընթերցողինն է դառնում՝ սեփական մտքերի հետ մենանալու, ինքնահարցադրումների եւ պատասխանների համար:

Սոնա Համբարձումն իր գանգրահեր կարոտից գունավոր կամուրջով անցնում ու հասնում է ազատությանը:

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.06.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031