Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծամասնության «տիրանիան»

Հուլիս 01,2022 10:00

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որոշել է պաշտոնանկ անել Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին եւ ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին: Մնացած պատգամավորներին մանդատից կամ պաշտոնից զրկելու մասին ՔՊ-ականները դեռեւս մտմտում են: Սակայն այս երկու ընդդիմադիր պատգամավորները հաստատ «պատժվելու են» մեկուկես ամիս փողոցային պայքար մղելու եւ Փաշինյանի հասցեին ծանր խոսքեր ասելու համար:

Թե որքանով էր արդյունավետ այդ պայքարը եւ արդյոք դրա կարգախոսներն իրականացվելու դեպքում անգամ իսկապես փրկելո՞ւ էին երկիրը, դա առանձին խոսակցություն է: Այստեղ խնդիրը ընդդիմադիրների «պորտը տեղը դնելն է», որպեսզի նրանք այլեւս երբեք չհամարձակվեն կասկածի տակ առնել իշխանության իմաստուն ներքին եւ արտաքին քաղաքականությունը:

«Ցուցադրական ծեծը» իրենից ներկայացնում է կոլեկտիվ շոու, որը ծանոթ է մեզ՝ դեռեւս խորհրդային ժամանակներից. հավաքվում էր «կուսակտիվը», ասենք, գործարանի, եւ քննարկում էր «փականագործ Իվանովի» հակահասարակական վարքը, որն արտահայտում էր ոգելից խմիչքը չարաշահելու կամ թշնամական ռադիոկայանները լսելու մեջ: Առավել ակտիվ կուսակցականները Կուսկոմի ցուցումով ջախջախիչ ճառեր էին արտասանում եւ «անարգանքի սյանն» էին գամում «ճիշտ ճանապարհից շեղված» Իվանովին: Այդ ճառերի հիման վրա արվում էին կազմակերպչական հետեւություններ:

Կամ՝ օրինակ ավելի մոտ անցյալից: Հիշո՞ւմ եք 2015 թվականի փետրվարին ՀՀԿ-ի կազմակերպած հրապարակային էքզեկուցիան, որի թիրախը Գագիկ Ծառուկյանն էր: ՔՊ-ում նույնպես կան ընդդիմախոսներին «հուժկու հարվածներ» հասցնելու վրա մասնագիտացած առաջամարտիկներ, որպիսիք էին ժամանակին Արմեն Աշոտյանն ու Կարեն Ավագյանը:

Այս պաշտոնազրկումների նպատակն է, հետեւաբար, ոչ միայն բուն պատիժը, այլեւ «ժողովի» գործընթացը: Որովհետեւ այդ «կուսակտիվի ժողովը» լայն հնարավորություն կտա խոսելու «թալանի», երթեւեկությունը կաթվածահար անելու եւ ընդդիմության այլ՝ իրական կամ ոչ իրական մեղքերի մասին: Իսկ ընդդիմադիր պատգամավորներին պաշտոնազրկելու իրավական հիմքերի մասին խոսակցություն, եթե անգամ ընթանա, ապա՝ շատ հպանցիկ:

Իշխանությունը, խորհրդարանական մեծամասնությունը, 1995 թվականից սկսած, երբեք պատրաստ չի եղել հանգիստ, զուսպ, կառուցողական մթնոլորտում քննարկելու որեւէ խնդիր: Տրամաբանությունը հետեւյալն է. եթե մենք մեծամասնություն ենք, ապա սկզբունքորեն որեւէ պատճառ չունենք ընդդիմության հետ որեւէ խնդիր քննարկելու: Ում ուզենք՝ պաշտոնի կնշանակենք կամ կհանենք, ինչ օրենք ուզենք՝ կընդունենք, եւ հիմա էլ, եթե ընդդիմադիրներն իրենց խելոք չպահեն, նրանց կարող ենք զրկել մանդատներից:

… Թովմաս Ակվինացին դեռեւս 13-րդ դարում գրում էր՝ եթե իշխանությունն ի չարս է օգտագործվում, ապա նշանակություն չունի՝ դա միապետությո՞ւն է, թե՞ հանրապետություն: Միեւնույն է, «տիրանիա» կհաստատվի: «Ի՞նչ կարեւոր է, – հարցնում էր նա,- թե քանի բռնապետ է քո գլխի վերեւում»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Ruben says:

    Մեզ հետ կամ մեր դեմ՝ դեմոկրատական ցենտրալիզմ.
    01 Փետրվար, 2013 08:28 (մամուլ)
    «Առավոտը» խմբագրականում գրում է. «Իմ դպրոցական տարիների դասագրքերը պնդում էին, որ այն միակ կուսակցությունը, որը այն ժամանակ իշխում էր մեր երկրում, հիմնված է դեմոկրատական ցենտրալիզմի վրա: Այդ սկզբունքը, հիշեցնեմ, ենթադրում էր՝ ա/ բոլոր մարմինների ընտրված լինելը, բ/ դրանց պարբերական հաշվետվություն, գ/ խիստ կուսակցական կարգապահություն և փոքրամասնության կողմից մեծամասնությանը ենթարկվելը, դ/ վերադաս մարմինների որոշումների պարտադիր լինելը ստորադասների համար: Թվում է, թե ոչ մի վատ բան այդ սկզբունքների մեջ չկա՝ բա էլ ինչպե՞ս կարելի է որոշում ընդունել, եթե ոչ մեծամասնությամբ և հետո պարտադրել փոքրամասնությանը՝ ուզում ես ենթարկվիր, չես ուզում՝ հաջողություն: Բայց վերոհիշյալ կուսակցության այդպիսի կառուցվածքը թույլ տվեց Ստալինին 20-30-ական թվականներին դառնալ բռնապետ. խարդավանքների հմուտ վարպետ լինելով՝ նա ժամանակ առ ժամանակ «մեծամասնություններ» ստեղծելով ջախջախում էր «հակակուսակցական խմբավորումները», հետո ջախջախում էր ջախջախողներին, և այդպես շարունակ՝ այդպիսով մաքրելով և բյուրեղացնելով կուսակցության շարքերը՝ այն աստիճանի, որ բոլոր մտածող մարդիկ դուրս մղվեցին, և մնացին միայն նրանք, ովքեր գովերգում էին «հանճարեղ առաջնորդի» ամեն մի քայլը:
    Ես բացարձակապես չեմ ուզում ասել, որ այսօր ստալինյան ժամանակներ են, բռնապետություն է և այլն: Սակայն եկեք համաձայնենք, որ 22 տարում մեր կուսակցականները չկարողացան հնարել կուսակցության այլ կառուցվածք, քան վերը շարադրվածը: Արդյունքում կա՛մ որոշումներն ընդունվում են միաձայն, կա՛մ էլ կուսակցության մեջ հայտնվում են «թշնամական տարրեր», որոնցից այդ քաղաքական կաոույցը պարբերաբար մաքրվում և բյուրեղանում է: Դուք կարո՞ղ եք, օրինակ, պատկերացնել, որ Հանրապետական կուսակցության վերջին համագումարում տեղից վեր կենար մի պատվիրակ և ասեր, որ նա դեմ է կամ գոնե ձեռնպահ է Սերժ Սարգսյանի՝ ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրելուն: Այդպիսի մարդուն լավագույն դեպքում կառաջարկեին վայր դնել կուսակցական տոմսը և դուրս գալ Մարզահամերգային համալիրից:
    Մոտենում է նաև այդ ժամանակը, երբ Հայ ազգային կոնգրեսում նույնպես որոշումները կընդունվեն միաձայն: «Գծի դեմ» գնացածների մեծ մասը ՀԱԿ-ից դուրս է գտնվում, մնացածի դուրս գալը ժամանակի հարց է: Հերթը, հավանաբար, Պետրոս Մակեյանինն է, որը երեկ իր հերթին հեռացրեց սեփական՝ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության «գծից դուրս» հայտնված Ղուկաս Մեհրաբյանին: Մեծ և փոքր կուսակցությունները մեր պետության մանրակերտն են: Տվյալ դեպքում, սակայն, բացառված չէ, որ ԺՀ-ի կնիքը Պետրոսի ձեռքից խլեն և հանձնեն Ղուկասին, և այդ դեպքում էլ որոշումները ՀԱԿ-ում ընդունելու են միաձայն: Մի խոսքով՝ «դեմոկրատական ցենտրալիզմ»՝ իր լավագույն դրսևորումներով:
    Իրականում կուսակցությունների ներսում ամեն ինչ կախված է նրանից, թե ով է պահում գրասենյակները, ով է աշխատավարձ վճարում ֆունկցիոներներին: Այդ մարդը տեր է, իսկ մնացածը՝ տնվորներ: Հնարավո՞ր է արդյոք կուսակցություններ կառուցել այլ սկզբունքներով: Չգիտեմ՝ երբեք կուսակցական չեմ եղել»:

  2. Nimar says:

    «Ինչ ուզում են, անում են»-ը նույն չափով վերաբերում է ընդդիմադիր պատգամավորներին։ Գրեթե չեմ կասկածում, որ նրանք այնքան խելացի կլինեն, որ ընտրական ցուցակների հաջորդ թեկնածուներին զիջեն։ Սրա մեջ բռնապետություն կամ աղետ չկա, չի էլ կարող լինել։ Այս բոլոր դեպքերը մանրամասնորեն կարգավորվում են կանոնակարգով։ Ամիսներով անընդմեջ բացակայություններով աշխատանքից ազատվելը բռնակալություն կամ քաղաքական հետապնդում չէ: Նման հարցերը հեշտությամբ լուծվում են, ցանկության դեպքում կարող են վիճարկվել դատարանում։ Չեմ կարծում, որ այս աննշան խնդրից էական ընդհանրացումներ անելու նույնիսկ նվազագույն պատճառ կա։ Ուրիշ բան, որ լրատվամիջոցներն անպայման կփորձեն անգամ նման մանրուքից սկանդալներ հրահրել։ Անպայման կգտնվեն կերպարներ, որոնց ձեռնտու է դիվային ուժերի կողմից դժբախտ սուրբ հրեշտակների հալածանքի թեման քարոզելը: Այս դեպքում հրեշտակները մի փոքր տարօրինակ տեսք ունեն, բայց դա սովորաբար հանդիսատեսին չի անհանգստացնում, հավանաբար հենց այդպես է «տեսնում» ներկայացումը բեմադրած ռեժիսորը։

  3. Anonymous says:

    Երբ իշխանութիւնը մեզ իշու տեղ կը դնէ եւ մենք ալ բարի եւ հնազանդ կ’ընդունինք իշու տեղ դրուիլ, ուրիշ բան պէտք չէ սպասել, 3 ամիս, 3 տարի կամ 30…

    Երկու օրինակ, արդէն միայն այսօրուընէ՝
    https://www.aravot.am/2022/07/01/1277747/

    https://www.aravot.am/2022/07/01/1277750/

    Այո, կարելի է պատճառներ գտնել, կայսրութիւնները, սովէտը, կրթական համակարգը եւ այլն բայց ինծի հետաքրքրողը հոս ուրիշ բան է. ինչու՞ հայկական (լուրջ) լրատուական միջոցները որեւէ ձեւով դէմ չեն դներ.

    Խօսքս խմբագրականներու կամ յօդուածներու մասին չէ, այլ ինչու՞ օրինակ ձեր լրագրողները “պարոն պատգամաւոր, այս ձեր ըսածը մեզ էշու տեղ դնել է” ըսելու փոխարէն կը շարունակեն ամէն շաբաթ Նոյն այդ մեզ էշու տեղ դնողին նորէն եւ նորէն հարցումներ ընել՝ հերթական անգամ նորէն իշու տեղ դրուելու համար։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031