Լրահոս
Օրվա լրահոսը

«Կա գաղտնի, բանավոր պայմանավորվածություն, որը ենթադրում էր Ադրբեջանի կողմից այդ ճանապարհի արագ կառուցում»

Հուլիս 01,2022 14:00

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս առցանց մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով Արցախի Բերձորի եւ Աղավնոյի ճակատագրին՝ ասաց, որ Բերձորի միջանցքի երթուղու փոփոխություն տեղի ունենալու պարագայում այն տարածքները, որոնք չեն գտնվում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի նախկին սահմանի մեջ, անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Նա վկայակոչեց նոյեմբերի իննի հայտարարությունը, որով այսօր փաստացի Բերձորն ու Աղավնոն հանձնվելու են Ադրբեջանին։ Ընդ որում, Փաշինյանը պնդեց, թե Բերձորում, օրինակ, ընտանիքներ չկան, սակայն մամուլում մատնանշվեցին փաստերը, որ համայնքում մոտ 200 ընտանիք է բնակվում։ Աղավնոյի բնակիչների խնդիրն էլ Արցախի կառավարությանն է վերապահված։ «Առավոտ»-ը զրուցել է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանի հետ։

-Պարոն Դավթյան, նախ, ձեր վերլուծությամբ, Բերձորի հարցով նոյեմբերի 9-ի հայտարարությունում ի՞նչ տարընթերցում կա։ Ըստ հայտարարության 6-րդ կետի՝ ՀՀ-ն Ադրբեջանին Լաչինի շրջանը պետք է վերադարձնի մինչեւ 2020 թ. դեկտեմբերի 1-ը. «Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը ապահովելու է ԼՂ կապը Հայաստանի հետ, ընդ որում՝ շրջանցելով Շուշի քաղաքը, մնում է ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո»։ Մյուս կողմից, նույն կետի շարունակությունում ասվում է. «Կողմերի համաձայնությամբ ԼՂ եւ Հայաստանի միջեւ կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար»։ Նկատի ունենանք, որ այս ընթացքում Ադրբեջանն ակտիվ կառուցում էր Բերձորի միջանցքը շրջանցող նոր ճանապարհը։

-Թեեւ շատ ենք խոսել, բայց հիշեցնենք, որ ըստ նոյեմբերի 9-ի հայտարարության, բնօրինակը համարվում է ռուսերենը. 6-րդ կետում հստակ գրված է, որ Բերձորը շրջանցող նոր ճանապարհը պետք է անցնի «по Лачинскому коридору», այսինքն՝ «Լաչինի միջանցքով», իսկ հայերեն թարգմանությունում գրված է՝ «Լաչինի միջանցքի երկայնքով»։ Այստեղ երկու ընկալում կա։ Մեկի դեպքում, որն իշխանական կողմն է պնդում, ասվում է, թե դա նույն բանն է, ինչ «միջանցքով», իսկ մյուս պնդման համաձայն՝ դա առանձին ճանապարհ է, որը կապ չունի Լաչինի միջանցքի հետ։ «Լաչինի միջանցք» ասելով՝ հասկանում ենք հենց Բերձորի կենտրոնով, միջով անցնող ճանապարհը։ Ըստ երեւույթին, սա միտումնավոր թարգմանություն է, որով փորձում են իրենց արած գործողությունները, ճանապարհի՝ այլ ուղղությամբ կառուցումը լեգիտիմացնեն, արդարացնեն գրվածով։ Այնինչ այդպես չի։

-Ինչպե՞ս տեղի ունեցավ Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքը շրջանցող ճանապարհի կառուցումը, այն հնարավո՞ր էր իրականացնել հայկական կողմի համաձայնությունից լրիվ անկախ, քանզի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ գրված է, որ նախագիծը(եւ դեռեւս ոչ ճանապարհը) պետք է լինի կողմերի համաձայնությամբ՝ առաջիկա երեք տարում։

-Արդեն փաստ է, որ ՀՀ-ում կա պրոթուրքական իշխանություն, որը ՀՀ-ի հաշվին սպասարկում է թուրք-ադրբեջանական շահերը։ Ճիշտ նկատեցիք, որ ըստ նոյեմբերի իննի հայտարարության կետերից մեկը՝ ոչ թե պետք է ճանապարհը կառուցվի, այլ նախագիծը լինի։ Շտապողականությունը տեսնում եմ ավելի շատ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Իմ ենթադրությամբ՝ ՀՀ իշխանության մոտ կա ֆինանսական որեւէ շահագրգռվածություն եւ ակնկալիք, որով պայմանավորված՝ կա գաղտնի, բանավոր պայմանավորվածություն, որը ենթադրում էր այդ ճանապարհի (նկատի ունի՝ Բերձորի միջանցքը շրջանցող նոր ճանապարհը, որը կառուցել եւ գրեթե ամբողջությամբ ավարտին է հասցրել Ադրբեջանը.-հեղինակ) արագ կառուցում։ Արագ կառուցումը մի քանի նպատակ ունի. առաջնահերթ, որպեսզի «միջանցք» հասկացողության մեջ նվազեցվի ռուս խաղաղապահների դերը։ «Միջանցքը» եւ «ճանապարհն» էապես տարբերվում են իրարից միջազգային դրույթների համաձայն։ Միջանցքը ենթադրում է որոշակի կարգավիճակ, իսկ ճանապարհը ճանապարհ է, որը կարող է պատկանել որեւէ կողմին, տվյալ դեպքում՝ Ադրբեջանին։ Վերջինիս կառուցածը միջանցք չէ, այլ ճանապարհ, որը, ճիշտ է, վերահսկվելու է ՌԴ խաղաղապահների կողմից, բայց չի ունենալու միջանցքի կարգավիճակ։ Իսկ միջանցքի կարգավիճակը ենթադրում է նաեւ հումանիտար գործառույթի իրականացում, որը մեր դեպքում հնարավորություն է տալիս արցախահայությանն ապահովել առաջին անհրաժեշտության ապրանքներով։ Կարճ ասած՝ միջանցքը հումանիտար անոթ է եւ իրավական ավելի բարձր գործառույթներ ունի, քան ճանապարհը։ Ճանապարհին կարող է ադրբեջանական անցակետ դրվել, ինչը միջանցքի դեպքում հնարավոր չէ, այն արցախահայության անվտանգության երաշխիք է, որը նաեւ թույլ է տալիս վերահսկել ադրբեջանական բեռների փոխադրումը։ Իսկ ճանապարհով կարող է ստացվել այնպես, որ Ադրբեջանը, պատճառաբանելով «խաղաղության դարաշրջանը», պնդի, թե ռուս խաղաղապահների կարիք չկա։ Նման քայլերով կփորձեն Արցախն ամբողջությամբ թողնել Ադրբեջանի կազմում։

-Փաշինյանի ասուլիսից պարզ չէր Սուս գյուղի հարցը. կա՞ հստակություն, թե ինչ է լինելու Բերձորի շրջանում գտնվող Սուս համայնքի ճակատագիրը։

-Պարզ է, որ Աղավնոյի եւ Բերձորի հետ միասին՝ Սուսը եւս մնում է Ադրբեջանի վերահսկողությանը։ Վերջինիս կառուցած ճանապարհի եւ Լաչինի միջանցքի միջեւ մոտ հինգ կմ հեռավորություն կա։ Սուսն անգամ մոտ չի այդ նոր կառուցվող ճանապարհին։

-Բացի վերոնշյալ հումանիտար բաղադրիչը, ի՞նչ խնդիրներ են հնարավոր ապագայում, եթե Արցախի հետ Հայաստանի կապը վերապահվի Ադրբեջանի կառուցած նոր ճանապարհին։

-Նախեւառաջ, Բերձորով անցնում են դեպի Արցախ գնացող գազատարը, էլեկտրահաղորդակցությունը։ Դրանք ադրբեջանական վերահսկողությանը թողնելը կնշանակի ունենալ առանց գազի ու լույսի Արցախ։ Կարծիքներ կան, որ նոր միջոցներ են կառուցվելու, բայց այս ապիկար իշխանությունն անգամ բանակցել չի կարող, ուր մնաց՝ կարճ ժամկետում լուրջ կոմունիկացիաներ անցկացնի բարդ ռելիեֆային պայմաններում։ Բացի այդ, եղանակային վատ պայմանների դեպքում Ադրբեջանի կառուցած ճանապարհը փակվելու է, որովհետեւ անցնում է սարերի միջով՝ ի տարբերություն Բերձորի, որի ճանապարհն ուղիղ է եւ անցնում է սարի կողքով։ Մյուս կողմից, ապագայում ռազմական գործողություններ լինելու պարագայում ռազմական եւ հումանիտար բեռների՝ Արցախ հասցնելու հարց է առաջանալու։ Ողջ գործընթացը բարդանալու է։ Նոր ճանապարհն Ադրբեջանի կողմից հեշտ վերահսկելի է։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.06.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031