ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ուշադրության կենտրոնում մշտապես եղել են եւ կան երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրներն ու դրանց լուծման ուղիները:
Հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հունիսի 30-ին հանդիպել է Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդին եւ Հաղորդակցության բաժնի ղեկավար Զարուհի Սարգսյանին:
Ողջունելով հյուրերին Հայաստանի Ազգային ժողովում` Թագուհի Թովմասյանը ներկայացրել է այն աշխատանքները, որոնք հանձնաժողովն իրականացրել է երեխաների իրավունքների պաշտպանության բնագավառում:
Նա տեղեկացրել է, որ դիմում են հղել Բարձրագույն դատական խորհուրդ՝ ինտերնետում երեխաների նկատմամբ բռնության դեպքերին առնչվող անձնական տվյալների հասանելիության սահմանափակման վերաբերյալ:
Կարդացեք նաև
«Համացանցում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի բազմաթիվ տեսանյութեր են տարածված, ինչն առաջին հերթին բացասական ազդեցություն է թողնում հենց երեխաների հոգեբանության վրա»,- ասել է մշտական հանձնաժողովի նախագահն ու հավելել, որ դա անթույլատրելի է:
Քրիսթինե Վայգանդը, նշելով, որ ՅՈւՆԻՍԵՖ-ը համագործակցում է Հայաստանի կառավարության, Ազգային ժողովի եւ ՀԿ-ների հետ, տեղեկացրել է, որ կազմակերպությունն անցյալ տարվա հոկտեմբերից իրականացնում է հնգամյա ռազմավարական ծրագիր: Առաջնահերթ են կրթական բարեփոխումները՝ վաղ մանկական ուսումնառությունից մինչեւ ավագ դպրոցներ, ինչպես նաեւ երեխաների պաշտպանությունը, նրանց նկատմամբ բռնության դեպքերի բացառումը, դժվարություններ ունեցող ընտանիքների սոցիալական աջակցությունը:
«Հնգամյա ռազմավարական ծրագրի շրջանակում ՅՈւՆԻՍԵՖ-ն աշխատում է ՀՀ կառավարության հետ չորս հիմնական առաջնահերթությունների ուղղությամբ, այդ թվում՝ հանրակրթության եւ վաղ մանկական ուսումնառության, առողջապահության եւ սնուցման, սոցիալական պաշտպանության հիմնախնդիրների՝ հատկապես խոցելի ընտանիքներին հասանելի ծառայությունների, ինչպես նաեւ երեխայի պաշտպանության ոլորտներին առնչվող խնդիրների: Միեւնույն ժամանակ, ծրագրի շրջանակում անդրադառնալու ենք երկու նոր ոլորտի, այն է՝ դեռահասների եւ երիտասարդների խնդիրներին ու կարիքներին՝ հոգեբանական առողջությունից մինչ զարգացում եւ հասարակական կյանքում մասնակցություն, ինչպես նաեւ կլիմայական փոփոխության ազդեցության մեղմացում»,- նշել է Քրիսթինե Վայգանդը:
Թագուհի Թովմասյանը շեշտադրել է ՅՈւՆԻՍԵՖ-ի հետ գործակցության կարեւորությունը: Նա առաջարկել է մոտ ապագայում կառույցի ներկայացուցիչների հետ այցելել սահմանամերձ համայնքներ՝ տեղում ծանոթանալու երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրներին, նրանց առօրյային:
Քրիսթինե Վայգանդը ողջունել է սահմանամերձ համայնք այցելելու գաղափարն ու նշել, որ հիմնադրամն աշխատում է, որպեսզի հեռավոր, սահմանամերձ, ինչպես նաեւ խոշորացված համայնքներում երեխաներն ունենան նույն հնարավորությունները, ինչ հանրապետության այլ բնակավայրերում:
Հանդիպմանը քննարկվել են բնագավառին առնչվող բազմաթիվ այլ հարցեր:
ՀՀ ազգային ժողով