«Ինչո՞ւ է Բերձորի, Աղավնոյի եւ Սուսի հարցը խաղաղ հանձնման միջոցով կարգավորվում։ Չլինի այնպես, որ վաղը չէ մյուս օրն Ադրբեջանը հավակնություններ ասի Սյունիքի հանդեպ, ու ստիպված ասենք՝ սյունեցիներին Երեւանում բնակարաններ եւ նպաստ կտանք»,-«Արցախի արդի մարտահրավերները․ Բերձորի հանձնում, նոր պատերա՞զմ» խորագրով հանրային-մասնագիտական քննարկման ժամանակ այսօր անդրադառնալով Բերձորի միջանցքն Ադրբեջանին զիջելու վտանգներին՝ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Նոյեմբերի իննի եռակողմ հայտարարությունում գրված չէ, որ այլընտրանքային ճանապարհի կառուցումը ենթադրում է այդ երեք բնակավայրերի հանձնում։ Փաստացի ստացվում է, որ Բերձորի, Աղավնոյի եւ Սուսի հանձնումը համաձայնեցվել է ՀՀ իշխանության հետ։ Խայտառակություն է, երբ ՀՀ ղեկավարն անգամ չի հիշում, թե ինչ բնակավայրեր են հանձնվում։ Իրեն չի հետաքրքրում, հանձնելու բան լինի՝ կհանձնեն։ Անգամ թվերը չգիտի, թե քանի ընտանիք է ապրում Բերձորում եւ Աղավնոյում։ Մարդկանց թիվն ավելին է, քան ներկայացվում է։ Արցախի իշխանությունն էլ փորձում է թեման բերել ոչ թե նրան, որ հասարակությանը մատուցում են, թե պետք է սա մարսել, այլ թեման տանում են սոցիալական ուղղվածության դաշտ։ Մեր խնդիրն է՝ չտանել թեման հումանիտար դաշտ»,-շեշտեց Տիգրան Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը Բերձորի միջանցքը շրջանցող նոր ճանապարհի կառուցումը հասցնում է ավարտին։ Բերձորի միջանցքի հայաթափման վերաբերյալ Արցախի նախագահի այսօրվա պարզաբանումները՝ այստեղ։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ