«Մեդիա կենտրոնում» այսօր կազմակերպված «Խաղաղության օրակարգի գինը. ի՞նչ է ակնկալվում Հայաստանից» թեմայով քննարկմանը քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը անդրադառնալով վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը, թե մենք ձգտում ենք խաղաղության պայմանագրին, սակայն այդ ցանկությունն ինքնին խաղաղության երաշխիք չէ եւ Ալիեւը ամեն կերպ փորձում է պատերազմ սկսելու լեգիտիմ հիմքեր ստեղծել, ասաց. «Չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանի եզրահանգումը, թե պատերազմի վտանգ կա, հիմնված է ինչ-որ համակարգային վերլուծության վրա: Հայաստանի Հանրապետությունը մեծ հաշվով այս պահին չունի նմանատիպ վերլուծություններ անելու կարողություններ: Վերջին երկու տարվա, ինչպես նաեւ նախապատերազմական ժամանակաշրջանի փորձը դրա վառ ապացույցն է: Կարծում եմ, սա Փաշինյանի արձագանքն է Ալիեւի՝ հունիսի 17-ի Բաքվի գլոբալ ֆորումին հայտնի ելույթին, որի ընթացքում Ադրբեջանի նախագահը Հայաստանին մեղադրել է տարբեր գործընթացներում առաջընթացը դանդաղեցնելու, ժամանակ ձգելու մեջ: Երեւի հերթական անգամ հավաքվել են ՔՊ վարչության կամ անվտանգության խորհրդի նիստի մասնակիցներով եւ զուտ այս բաց աղբյուրների վերլուծության հիման վրա նմանատիպ եզրահանգում են արել: Սա իհարկե չի նշանակում, թե պատերազմի վտանգ չկա: Ես պարզապես նշում եմ, որ այսպիսի կարողություն չունենք:
Ինչ վերաբերում է խաղաղության օրակարգին եւ ինչքանով է այդ օրակարգի հաջողությունը կախված մեզանից, այստեղ եւս իրականում լուրջ խնդիրներ կան: Եթե խոսքը Ղարաբաղյան կարգավորման գործընթացի մասին է, ապա մեծ հաշվով պարզ է, որ Ադրբեջանը պատրաստ չէ ընդունել նույնիսկ այդ իջեցված նշաձողի տրամաբանությամբ բանակցությունները: Նրանք այս փուլում հայտարարում են, որ Լեռնային Ղարաբաղի ու Լեռնային Ղարաբաղի բնակչության համար որեւէ հատուկ կարգավիճակ չի կարող գոյություն ունենալ: Փորձագիտական շրջանակներում, երբեմն, խոսում են ինչ-որ մշակութային ինքնավարության մասին, սակայն վերջին շրջանում այդ խոսակցություններն էլ են քչացել: Ադրբեջանի պաշտոնական գիծն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը Ադրբեջանի քաղաքացիներ են, Ադրբեջանը տոլեռանտ երկիր է եւ նրանց բոլոր իրավունքները ապահովված են:
Այդ առումով իրականում հավանականությունը, թե հենց այս գործընթացում կողմերը կարող են որեւէ հաջողության կամ ընդհանուր հայտարարի հասնել, մոտ է նվազագույնին: Հայ-ադրբեջանական համատեքստի երեք գործընթացներից երեւի միակը, որտեղ ինչ-որ առաջընթացի հնարավորություն այս փուլում կա, դա ապաշրջափակման գործընթացն է»,-ասաց բանախոսը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ