Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը դիտավորյալ տվյալներ չի տալիս 80 զինծառայողի եւ քաղաքացու մասին»․ Արցախի ՄԻՊ

Հունիս 30,2022 21:00

2020թ․ պատերազմից հետո Արցախից դեռեւս 33 անհետ կորած զինծառայող եւ 20 քաղաքացիական անձինք կան։ Այս մասին այսօր «Համախմբում» շարժման նախաձեռնած քննարկման ժամանակ հայտարարեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ Նրա փոխանցմամբ՝ մինչեւ օրս Ադրբեջանի կողմից 38 գերու մասին տեղեկություն կա հաստատված, մինչդեռ առնվազն 80 զինծառայողի եւ քաղաքացու մասին միջազգային ատյաններում հայկական կողմը տվյալներ է ներկայացրել։

«Ադրբեջանական կողմը դիտավորյալ տեղեկություններ չի փոխանցում այդ անձանց ճակատագրի մասին։ Ինչ վերաբերում է հումանիտար ճգնաժամին, ապա պատերազմից հետո ավելի քան 90 000 մարդ տեղահանվել է, մի մասը հիմա Արցախում է բնակվում․ 15 000 մարդ անօթեւան է, 22․000 անօթեւաններ դեռեւս ՀՀ-ում են գտնվում»,-տեղեկացրեց Գեղամ Ստեփանյանը։

Նրա խոսքով․ «Հումանիտար աղետի՝ հրատապ լուծում պահանջող խնդիրներից մեկը տեղահանվածների բնակարանով ապահովության հարցն է։ Որոշակի աջակցության ծրագրեր կան, սակայն ՀՀ-ում գտնվողները բնակարանի փոխհատուցման աջակցություն չեն ստանում, իսկ Արցախում գտնվողները ցածր աջակցություն են ստանում, քան շուկայում առկա գներն են, ինչը լուրջ խնդիր է առաջացնում տեղահանվածների համար, որոնք աշխատանքն են կորցրել․ գյուղատնտեսությամբ զբաղվելու նրանց հնարավորությունը խիստ սահմանափակ է, ստիպված վարձակալությամբ են ապրում, բայց պետության տրամադրած գումարները համապատասխան չեն շուկայի գներին»։

ՄԻՊ-ը նաեւ հայտնեց, որ այս տարվա հուլիսից Արցախում ամեն տեղահանվածի տրվելու է 40 000 դրամ՝ բնակվարձի համար․ «Չորս հոգանոց ընտանիքի դեպքում գումարը բավարար կլինի՝ բնակարանի խնդիրը լուծելու համար։ Հյուրատներում մնացողների թիվը մոտ 3000 է»։

Կրթության ոլորտում եւս, պաշտպանի փոխանցմամբ, խնդիրներ կան․ «Մոտ 8000  աշակերտներ տեղահանվածի կարգավիճակ ունեն։ Հաճախ երեխաները դասի են նստում գերծանրաբեռնված դասարաններում։ Շուշիի եւ Հադրութի դպրոցների աշակերտները երկրորդ հերթով դասապրոցեսն անցնում են Ստեփանակերտի դպրոցներում։ 125 դպրոց եւ 18 մանկապարտեզ ենք կորցրել պատերազմի հետեւանքով»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930