Լրահոս
Օրվա լրահոսը

Զինամթերքի, պահեստամասերի, ԱԹՍ-ների համալրում․ ի՞նչ է հասցրել անել Ադրբեջանը՝ պատերազմից հետո

Հունիս 30,2022 20:00

Հետպատերազմյան շրջանում Ադրբեջանը հայտարարեց ԶՈւ-ի՝ թուրքական մոդելով բարեփոխումների մասին, եւ այս պահին ադրբեջանական հինգ զորամասեր արդեն ամբողջությամբ՝ սպայական եւ շարքային անձնակազմերով, հատուկ պատրաստություն են անցել Թուրքիայում։ Այս մասին այսօր «Համախմբում» շարժման նախաձեռնած քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, «Հենակետ» վերլուծական կենտրոնի հիմնադիր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ է արել Ադրբեջանը պատերազմից հետո։

«Դրանք հատուկ նշանակության ստորաբաժանումներ են, որոնք արդեն տեղակայված են Քարվաճառի, Հադրութի եւ Քաշաթաղի հատվածներում։ Ադրբեջանը նրանցով ապահովվել է ոչ միայն առաջին գծի մակարդակով, այլեւ վերակազմավորում է զորամասերը՝ Թուրքիայի անմիջական հսկողությամբ եւ մասնակցությամբ։ Բացի այդ, նոր հատվածներում Ադրբեջանը ոչ միայն առաջին գիծն է արդեն կառուցել, լուծել կարեւոր մարտավարական, ռազմավարական բարձունքներում տեղակայվելու խնդիրը,  այլեւ առաջին գիծն ամբողջությամբ բերել է  համապատասխան  վիճակի՝ ենթակառուցվածքներ, բնականոն ծառայություն»,-տեղեկացրեց Տիգրան Աբրահամյանը։

Ըստ նրա, տեղեկություններ կան տարբեր հատվածներում նաեւ ծանր տեխնիկայի տեղակայումների մասին․ «Սա ասում եմ՝ ոչ թե ցույց տալու համար, թե առաջիկայում ինչ գործողություններ են տեղի ունենալու, այլ ուզում եմ անպայման ասել, որ Ադրբեջանում սահմանագծի ենթակառուցվածքների տեղակայման հարցն արդեն անցել է մի քանի փուլ»։

Ինչ վերաբերում է սպառազինության մատակարարումներին, ապա այս պահին Ադրբեջանը, ինչպես Աբրահամյանը նշեց, համալրում է եղած զինամթերքը, պահեստամասերը, ԱԹՍ-ները․ «Մեծ թվով երկրների հետ պայմանավորվածությունները ցույց են տալիս, որ 2023թ․-ից սկսած՝ ականատես կլինենք ժամանակակից սպառազինության մատակարարումների դեպի Ադրբեջան։ Հիմնական ուղղություններն ԱԹՍ-ներն են՝ հետախուզական, հարվածային։ Նկատելի է, որ Ադրբեջանը հեռահար բնույթի զինատեսակների ձեռքբերման պայմանավորվածությունների մեջ է։ Մյուս կողմից, հատուկ նշանակության ստորաբաժանումների թիվն է կտրուկ մեծացվում։ Այս ամենը, ինչ ասացի, երեւացող մասն էր միայն»։

Ինչ վերաբերում է հետպատերազմյան Հայաստանին, ապա Տիգրան Աբրահամյանը նշեց, որ պատերազմից երկու ամիս անց հնչեց հայտարարություն ԶՈՒ բարեփոխումների մասին, սակայն 1,5 տարում իրական բարեփոխումներ որեւէ մեկը չի տեսել․ «Փոխվում են անընդհատ ԳՇ պետերն ու նախարարները, հայտարարում բարեփոխումների մասին, սակայն առարկայական բան չկա։ Վերջին բանը, որ քննարկվել է, ՊՆ եւ ԳՇ կառուցվածքային փոփոխություններն են, որոնք ներկայացվում են որպես բարեփոխում, մինչդեռ նպատակը ԳՇ-ն քաղաքական ենթակայության տակ պահելն է։ Իշխանությունը նպատակ ունի պահել կուսակցական հսկողության ներքո։ Մինչեւ մենք խոսում ենք Ադրբեջանի սպառազինության մատակարարումների մասին, ՀՀ-ում դեռ քննարկում են առաջնագծի վրանները կրպակներով փոխարինելու հարցը․ զինվորը մահանում է ոտքի վիրավորումից, որովհետեւ ճանապարհ չկա, որ ժամանակին հասցվի հիվանդանոց։ Կամ, զինվորը գտնվում է մի վրանում, որն Ադրբեջանի ուղիղ նշանառության տակ է։ Իշխանության հայտարարությունները որեւէ կետով իրական չեն։ Ինչ ասել են՝ կամ ստել են, կամ էլ ենթադրյալ փոփոխությունն առկա է եղել արդեն իսկ մինչեւ 2018թ․-ը։ Անվտանգության համակարգում որեւէ լուրջ բարեփոխում եւ փոփոխություն չի եղել։ Լավատեսություն ներշնչող ոչինչ չկա»։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930