Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախն ազատագրած տղերքի՝ Գյումրիում գտնվող պանթեոնում մարդաբոյ կանաչ է ծլած, խայտառակ վիճակում է»․ հերոսի քույր

Հունիս 30,2022 19:25

Aravot.am-ն այսօր ահազանգ  էր ստացել  արցախյան առաջին պատերազմի առաջին զոհի՝ Սամվել Խաչատրյանի՝ Միայնակ Գայլի քրոջից՝  Մանիկ Խաչատրյանից  առ այն, որ Գյումրու «Շիրակ» գերեզմանոցում  նահատակված ֆիդայինների պանթեոնը  բացարձակ անուշադրության  է մատնված։  Արցախն ազատագրած  հերոսների եղբայրական  գերեզմանոցը ծածկված է մոլախոտով,  արմատուրաներով, այն դարձել  է անանցանելի։

«Շուշին պաշտում ենք, 30 տարի վայելեցինք հաղթանակը, բայց գնում ես Շուշին ազատագրած տղերքի գերեզմանը, մարդաբոյ կանաչ է ծլած, արմատուրաները դուրս եկած, բացարձակ անտեսված է եղբայրական գերեզմանը։  Գնացել եմ եղբայրական գերեզմանոց, ամենաառաջինը իմ եղբայրն է հուղարկավորված․ առաջին զոհն է, նայում եմ եղբորս գերեզմանի վրա ուրիշի հուշաքար է դրված, որը ևս ժամանակին կռված է եղել, չի զոհվել, մահացել է։

Կինը որոշել է ուրիշ մի տեղից հուշաքարը  բերել, դնել  եղբորս գերեզմանի վրա, սա ցույց է տալիս, որ գերեզմանն անտեսված է, ուշադրություն չեն դարձնում։ Տեր չկա՞, էս աստիճանի՞ է անտեսված։

Եղբայրական ու ընտանեկան գերեզմաններն արդեն նույնն են դարձել, պիտի խնդրեմ պատկան մարմիններին այդտեղ տարածքը չտրամադրել, անանցանելի է դառնում։  Եղբորս գերեզմանին  այցելեցի ՝ծաղիկներ  խոնարհելու, չէի կարող անցնել։  Եղբորս  60-ամյակն էր, գնացել եմ ծաղիկներով,  գնացել եմ նրա հետ խոսելու, ոչ թե ջղայնանալու այս վիճակից։

Կողքբոլորից գերեզմանները մաքրել, ինչքան աղբ կա, բերել, լցրել են  գերեզմանի վրա, տեր չկա՞։

Այդ տղերքը թողեցին ընտանիք, թողեցին, ծնող, երեխա, կյանքը նվիրեցին հայրենիքին, մի՞թե հայրենիքի համար զոհվածները  նման վերաբերմունքի  են արժանի», -ասում  է Մանիկ Խաչատրյանը։

Մեր զրուցակիցն անհանգստացած է, որ քանդել են գերեզմանոցի կողքբոլորը, նրան տեղում փոխանցել են,  որ ջրագծեր են անցկացնում։

«Խնդրում եմ, թող  չքանդեն ու էդպես թողնեն, թող անտերության չմատնեն։ Իմ սրբությունն է  այդտեղ, ճիշտ է՝ իմ եղբոր ոսկորներն այդտեղ չեն հանգչում, իր մասունքներից չկան,  բայց ամեն դեպքում, իր նկարն է այնտեղ, իր շորերից ենք դրել , գիտենք, որ սրբավայր է։ Չեմ ուզի, որ ազգ, բարեկամ թաղեն եղբայրական գերեզմանին այդքան մոտ, անցնել չի լինում,  ընտանեկան գերեզմանը խառնել են եղբայրականին։

Այստեղ այն տղերքն են պառկած, որոնք չեմ մահացել, մենք նրանց պարտավոր ենք, պիտի հարգենք մեր նահատակներին, մենք ապրում ենք իրենց շնորհիվ։

Գուցե հերոսների ընտանիքի անդամներն այստեղ չեն, գուցե շատերի  ծնողներն արդեն մահացել են, բայց չէ որ նրանք ազգի հերոսներն են,  հայրենիքի համար են զոհվել, էդ խոտերը  էդպես թողնել․․․ Շնո՞րհք է դա։ Եթե հերոս սիրող ազգ ենք, հերոսների գերեզմանոցն այդ վիճակում չպիտի լինի, մենք պետությունից ոչինչ չենք ուզում, մաքրություն ենք ուզում և ուշադրություն, այդպես անտեսված չի կարելի թողնել, հաղթանակած տղերքի մասին ենք խոսում։

Նրանք մեզ  համար են  իրենց կյանքը տվել, բայց մենք ի՞նչ ձևի ենք պատասխան տալիս»,-ասաց Մանիկ Խաչատրյանը։

Մենք պարզաբանումներ խնդրեցինք «Հավերժ հիշատակ» ՓԲԸ տնօրեն Էդուարդ Բաղրամյանից։ Նա ասաց, որ սկսել են մաքրման աշխատանքներն, ըստ նրա, ամեն տարի իրենք իրենց ուժերով մաքրում են կանաչը, անցած տարի թունաքիմիկատներ են օգտագործել, որպեսզի մոլախոտեր չծլեն։

«Մենք այս պահին այնտեղ լուսավորություն հարցն ենք լուծում, քննարկում ենք նաև արցախյան առաջին ազատամարտի հերոսների պանթեոնը սալիկապատելու հարցը, գիտեք, որ 44 օրյա պատերազմի հերոսների պանթեոնը սալիկապատված է։ Բարեկարգում ենք կատարում, փոսերը ջրագծերի համար չեն փորված, լուսավորման աշխատանքներ են կատարվում»,- ասաց Էդուարդ Բաղրամյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930