Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյանը՝ Արցախի ՄԻՊ-ին․ «Ինչո՞ւ եք տարբերություն դնում Ադրբեջանի նախագահի եւ ՀՀ վարչապետի միջեւ»

Հունիս 30,2022 20:30

«Համախմբում» շարժման կազմակերպած հանրային քննարկման ժամանակ այսօր քաղաքացիներից մեկը տեսակապով միացած Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանից հետաքրքրվեց՝ ՀՀ-ն Արցախի անվտանգության երաշխավորն է, ինչո՞ւ ՄԻՊ-ը չի պահանջում, որ հայկական կողմի բանակցողը փոխվի։ Գեղամ Ստեփանյանը նախ շեշտեց, որ պաշտպանի պաշտոնն օրենքով ապաքաղաքական է․ «Հրաժարականի պահանջ ասել կամ քաղաքական գործընթացների մասնակցել չի կարող պաշտպանը։ Նա պետք է պահպանի քաղաքական զսպվածություն, եւ ես առաջնորդվում եմ օրենքով ինձ վերապահված լիազորություններով։ Իսկ արցախահայության իրավունքների խախտումների մասին մենք պարբերաբար հանդես ենք գալիս հայտարարություններով, բարձրաձայնում ռիսկերի եւ վտանգների մասին»։

Քննարկմանը ներկա «Համախմբում» շարժման անդամ, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը նկատեց՝ Արցախի ՄԻՊ-ն արձագանքում է Ադրբեջանի նախագահի հայտարարություններին եւ գործողություններին, որոնց հետեւանքով Արցախում մարդու իրավունքների վատթարացում է փաստվում․ «Ինչո՞ւ եք տարբերություն դնում Ադրբեջանի նախագահի եւ ՀՀ վարչապետի միջեւ։ Եթե ձեր դիրքորոշումն ապաքաղաքական է, ապա դա ինչո՞ւ չի դրսեւորվում ՀՀ իշխանության հանդեպ։ Երկուսն էլ հայ ժողովրդի թշնամիներն են, ի՞նչ տարբերություն, երկուսի դեպքում էլ նրանց գործողությունները բերում են արցախահայության իրավունքների ոտնահարմանը»։

Գեղամ Ստեփանյանը կրկնեց, որ իր պաշտոնն ապաքաղաքական է․ «Բանակցային գործընթացում մեր ժողովրդի իրավունքները հաշվի չառնող հայտարարություններին նույնպես անդրադառնում ենք։ Օրինակ՝ իմ եւ ՀՀ նախկին ՄԻՊ-ի հայտարարությունը կա, որը վերաբերում էր վարչապետի՝ ԼՂԻՄ-ում արցախահայության իրավունքներին։ ՀՀ իշխանության այն հայտարարություններին, որոնք վնասում են Արցախի ժողովրդի իրավունքները, անդրադառնում եմ ըստ անհրաժեշտության»։

Այնուհետեւ քննարկումը վարող լրագրող Դավիթ Սարգսյանը Գեղամ Ստեփանյանի ուշադրությունը հրավիրեց ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանի երեկվա հետեւյալ նախադասությունների վրա․ «Ոչ միայն ազատագրված շրջանները, այլեւ Ղարաբաղն ադրբեջանական տարածք է․․․Բերձորը, Աղավնոն ադրբեջանական են»։

Ի պատասխան Գեղամ Ստեփանյանն ասաց․ «Ազգամիջյան ատելության հետ կապված մի քանի անգամ հանդես եմ եկել հայտարարություններով, անդրադարձել Վիգեն Խաչատրյանի՝ դեռեւս նախընտրական շրջանում արած մի շարք հայտարարությունների»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930