Հայաստանում հետպատերազմական գործընթացներն ավելի ու ավելի են մխրճվում փակուղու մեջ: Էլիտաները միմյանց անընդհատ հարցնում են, թե ի՞նչ է լինելու հետո: Իշխանությունները ձև են անում, իբրև տիրապետում են իրավիճակին և իբրև թե շարունակում են երկրի բնականոն կառավարումը: Այնինչ իրենք էլ են գիտակցում, որ իրենց «խաղաղության օրակարգը» ձախողվել է, իսկ հանրային աջակցությունը էականորեն նվազել:
Ընդդիմության ուժերն ավելի հաճախ են սկսել միմյանց կսմթելը, դրանով փորձելով պայքարի հնարավոր անհաջողությունների համար խուսափել ընդդիմադիր ընտրազանգվածի դժգոհություններից: Աշխարհն ավելի է խճճվում և անհնար է կանխատեսել հնարավոր զարգացումներն ու արտաքին բևեռների ազդեցությունը Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա: Միասնական լիդերի, այսինքն` այդքան սպասված հականիկոլի հարցը դեռևս մնում է բաց: Նոր հնարավոր ընդդիմադիր ուժեր էլ չեն ձևավորվում: Այս իրավիճակում պարզ է, որ իշխանություններից դժգոհ հասարակությունը նորից պետք է մտներ անտարբերության գոտի, պասսիվ հետևելով իշխանությունների հակապետական գործունեությանն ու ընդդիմադիրների՝ առայժմ անհույս պայքարին:
«Հայաստան» դաշինքը առաջիկայում պետք է հաղթահարի մանդատներից զրկվելու իշխանությունների սկսած անհեռանկար խաղից, որը գոնե իշխանություններին ոչինչ չի տալու, բացի ընդդիմադիրների պայքարի դաշտը դեպի սահմանադրական դատարան տեղափոխելը: Սա կարելի է համարել, որպես ընդդիմության հիմնական թիրախների տակտիկական շեղում: Բացի այդ, չի բացառվում, որ այդ պրոցեսը դաշինքի ներսում առաջ բերի նոր ամբիցիաներ, որը պետք է դաշինքը կարողանա հաղթահարել: Հատկապես, որ այն ավելի շատ հիշեցնում է հին և նոր լեգիոներների հավաքական, քան միասնական կուռ կառույց: Այլապես կփլուզվի ընդդիմադիրների համակարգված և միասնական պայքարի ամբողջ տրամաբանությունը: Չի բացառվում, որ իշխանությունները հենց այդ հաշվարկների վրա դրած լինեն իրենց հույսը:
«Պատիվ ունեմ» դաշինքը դե յուրե դադարեցվել է, սակայն Հանրապետականները շարունակում են իրենց փոքրաթիվ խորհրդարանական և համեմատաբար մեծաթիվ կուսակցական ռեսուրսներով հրապարակային պայքարը: Ի պատիվ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի՝ Հանրապետականը կարողացավ դուրս գալ 2018թ. իշխանափոխության մղձավանջից և կարգի բերելով իր կառույցները, արագ վերադասավորվեց քաղաքական դաշտում և այսօր կարողանում է հասարակության հետ խոսել: Ընդ որում, ՀՀԿ-ի մեսիջները եղել են քաղաքականապես անխոցելի, և որպես կանոն հասարակությանը զգուշացնում են ապագայում տեղի ունեցող զարգացումների մասին: Հանրապետականի բոլոր կանխատեսումներն ու քաղաքական տեքստերը կարելի է ասել իրականություն են դարձել: Սա բացատրվում է վերջիններիս կուտակած ահռելի քաղաքական փորձով, կազմակերպվածությամբ, քաղաքական ներքին և արտաքին զարգացումներ հասկանալու ունակությամբ և դրանց վերաբերյալ լուծումներ առաջարկելու կարողությամբ:
Կարդացեք նաև
Իշխանությունները նորից փորձելու են խաղարկել նախկին-ներկա հակադրության իրենց միակ խաղաքարտը, սակայն կոնկրետ ՀՀԿ-ի պարագայում այն կարծես թե այլևս չի աշխատում: Հանրապետականը ձերբազատվել է դրանից՝ ինչը հստակ երևացել է իրենց վերջին համագումարում: Աչքի են ընկնում նաև նոր սերնդի, երիտասարդ Հանրապետականները, որոնք ոչ միայն գործողություններում են կազմակերպված, ոչ միայն կուսակցական կարգապահությամբ են առաջնորդվում, այլ նաև աստիճանաբար ձեռք են բերում քաղաքական իմիջ և հրապարակային որոշակի ճանաչում: Կարելի է ասել, որ Սերժ Սարգսյանն այսօր ունի նոր որակի և նոր առաջադրանք ունեցող Հանրապետական:
Սերժ Սարգսյանն ակնհայտորեն մնում է ներքաղաքական կյանքի որոշիչ դերակատարներից մեկը և չի շտապում առաջ անցնել գործընթացներից: Ավելի ճիշտ, չի շտապում արագացնել ներքաղաքական զարգացումները՝ այն թողնելով բնական զարգացման ընթացքին: Կարծում ենք հաշվարկն արդարացված է, ի նկատի ունենալով, որ իշխանությունները չեն կարողանալու հաղթահարել ներքաղաքական ճգնաժամը, իսկ հավաքական ընդդիմության ներսում տեղի են ունենալու բնական զտումներ: Ընդ որում, որքան երկարի ընդդիմության պայքարը, այնքան ամրանում ու ավելի գրավիչ է դառնում Հանրապետականը: Հատկապես, որ և՛ ներսում, և՛ դրսում լավ գիտակցում են, որ առանց ՀՀԿ-ի դժվար է լինելու փոխել իշխանությանը:
Միակ պրոբլեմը, որն այսօր ունեն Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն, դա այն է, որ հասարակության որոշ հատված դեռևս կարծում է, թե Փաշինյանին Սերժ Սարգսյանն է «բերել իշխանության»: Դա հնարովի թեզ է, և նպատակ ունի Փաշինյանի բացասական կերպարով ստվեր նետել Սերժ Սարգսյանի վրա: Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն ի սկզբանե հանդես են եկել արմատական դիրքերից, և չեն ունեցել որևէ մոտիվացիա Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելու համար: Հակառակը՝ Նիկոլ Փաշինյանը միակն էր, ով ամբողջությամբ հակադրվել է ՀՀԿ-ի քաղաքական գծին և Արցախյան կարգավորման գործընթացում արել է հնարավոր ամեն ինչ, որպեսզի քանդի Սերժ Սարգսյանի՝ տարիներով կառուցած ու ամրացրած բանակցային դիրքերը: Եթե ուշադիր լինենք Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի հարցի շուրջ բանակցային գործընթացի վերաբերյալ հրապարակային խոսքին, ապա կերևա, որ վերջինս վախենում է միայն Սերժ Սարգսյանից: Որովհետև հասկանում է, որ իշխանափոխության ցանկացած ֆորմատի դեպքում, Փաշինյանին դեպի պատասխանատվության հրապարակային հարթակ տանողները լինելու են Սերժ Սարգսյանն ու Հանրապետականները:
Օ․ Խ․