«Նիդերլանդական օրագիրը» «Առավոտին» տեղեկացրել էր, որ Նիդերլանդների ու Բելգիայի այցելու հոգևոր հովիվ տեր Արմեն քահանա Մելքոնյանին նամակով հայտնել են, որ Վեհափառ Հայրապետն ու կարգապահական հանձնախումբը հորդորում են ծառայության վերաբերյալ հանդես գալ զղջումնագրով եւ դադարեցնել հրապարակային գործունեությունը` քարոզչությունը սոցիալական ցանցերում: Նշվում է նաեւ, որ տեր Արմենի ֆեյսբուքյան «Հանապազօրեայ հաց» խորագրով էջն ունի 22 հազարից ավելի հետեւորդ, նույնն էլ յութուբյան ու ինստագրամյան էջերը:
Քահանան, սակայն, կարծում է, որ սոցիալական ցանցերով, ռադիոյով ու հեռուստատեսությամբ պետք է Աստծո խոսքը քարոզվի, ու դա անելու է մինչև վերջ:
Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց Մայր Աթոռից: Մայր աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը Aravot.am-ին հետեւյալը փոխանցեց. «Տեր Արմենի հարցը Մայր Աթոռի կարգապահական հանձնախմբի օրակարգում է, եւ համապատասխան որոշման կայացման դեպքում այն պատշաճ կծանուցվի»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ