Նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի պաշտպանական խմբի անդամ Էրիկ Ալեքսանյանն անակնկալի չի եկել դատավոր Մնացական Մարտիրոսյան որոշումից:
Հիշեցնենք, քիչ առաջ Մնացական Մարտիրոսյանը մերժեց Աղվան Հովսեփյանի պաշտպանների միջնորդությունը՝ կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ:
Դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում, Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ իրենք նոր հանգամանք էին նշել միջնորդության մեջ՝ Աղվան Հովսեփյանի հիվանդության հարցը, եւ բավարար փաստական տվյալներ են ներկայացրել, որոնք ապացուցում են՝ այն հիվանդությունը, որն առկա է Աղվան Հովսեփյանի մոտ, ակնհայտ անհամատեղելի է կալանավորման հետ։
«Իրավական ողջամտությունը պահանջում է, որ տվյալ պարագայում, եթե նույնիսկ խափանման միջոցի փոփոխություն դատարանը չէր տեսնում, գոնե սեփական նախաձեռնությամբ պետք է նշանակվեր բժշկական համապատասխան փորձաքննություն»,- ասաց Էրիկ Ալեքսանյանը՝ հավելելով, որ հենց այսօր ներկայացնելու են միջնորդություն՝ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին։
Կարդացեք նաև
Պաշտպանական կողմը ևս մեկ անգամ խնդրելու է հրատապ դատական նիստ հրավիրել, եւ այդ փորձաքննության վերաբերյալ միջնորդությունը քննարկել՝ չսպասելով հուլիսի 7-ին նշանակված դատական նիստին։ Նա վստահ է, որ եթե փորձաքննություն նշանակվի, եթե, իհարկե, միջամտություններ չլինեն, քանի որ ինքը համոզված է՝ շահագրգռված անձինք կան, արդյունքում Աղվան Հովսեփյանի դեպքում, ինչպես Արմեն Չարչյանի դեպքում, կունենանք միեւնույն եզրակացությունը:
«Սա պարզապես խայտառակություն է, չգիտենք՝ էլ ինչ ասենք, որ հասու լինի այս մարդկանց»,- վրդովվեց պաշտպանը։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ