Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Կոնջորյան. «ՔՊ խմբակցության պատգամավորներս մեզ համարում ենք պատասխանատու ոչ միայն մեր, այլ նաեւ ընդդիմությանն ընտրողների առջեւ»

Հունիս 30,2022 16:19

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հնչած հարցին, թե ընդդիմադիր պատգամավորներ Իշխան Սաղաթելյանին եւ Վահե Հակոբյանին պատգամավորական մանդատից զրկելու մասով կարծես արդեն որոշում ունեն եւ այդ հարցը քննարկվելո՞ւ է մինչեւ սեպտեմբեր, պատասխանեց. «Այդ հարցը քննարկվելու է առաջիկայում: Եկեք այս պահին, հիմա բավարարվենք այդքանով: Դուք դրա մասին տեղեկատվություն միանշանակ կունենաք»:

Հայկ Կոնջորյանը պատգամավորին մանդատից զրկելու հնարավորություն չլինելու մասին ընդդիմության եւ կոնկրետ Վահե Հակոբյանի արած հայտարարությանը հակադարձեց, թե իրենք օրենքը կարդալու եւ հասկանալու հետ կապված գուցե պրոբլեմներ ունեն:

Հարցին, թե տասը պատգամավորների բացակայությունները գերազանցում են մանդատից զրկելու համար թիվը: Այս քննարկումները ո՞ւր են հասել, ինքն անձամբ ի՞նչ դիրքորոշում ունի եւ որոշումն արդյոք նաեւ քաղաքակա՞ն է լինելու, խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Օրենքը հստակ ձեւակերպում է տալիս եւ խոսքը նստաշրջանի կեսից ավելիին բացակայելու մասին է: Կան պատգամավորներ, որ կեսից ավելիից ավելի են բացակայել: Եվ այստեղ քաղաքական հարցն այն է, որ արդյոք այս պատգամավորների ընտրողները չե՞ն համարում, որ իրենց մանդատը փաստացի գողացված է, որովհետեւ երբ դու մասնակցում ես ընտրության եւ քաղաքացին քեզ ընտրում է, նա քեզ տալիս է մանդատ, որ դու գաս եւ նրա պատգամը որպես պատգամավոր խորհրդարանում ներկայացնես: Հիմա քաղաքական հարցը դա է, որ այս մարդիկ փաստացի չեն իրականացնում այդ մանդատը եւ այսօրվա ընդդիմությունը որպես նախկին իշխանություն, որը տասնամյակներով գողացել է ժողովրդի իշխանությունը, ստացվում է, որ այսօր էլ գողանում է ընդդիմադիր քվեն:

Պիտի հասկանալ, արդյոք, իրենց ընտրողները դրա հետ համաձա՞յն են, թե՞ չէ: Որովհետեւ նրանք գրեթե 260 հազար քվե են ստացել, կարող եմ հիմա շփոթել. մի քիչ ավելի, մի քիչ պակաս, եւ փողոցում արդյոք նրանք ունեի՞ն այդ քաղաքացիների աջակցությունը: Եթե չունեին, արդյոք նրանք դրանից չպետք է հետեւություններ անեն: Տեսեք, նախորդ շաբաթ խորհրդարանական աշխատանքների շատ ծանրաբեռնված եւ ծավալուն շաբաթ ունեցանք եւ այսօր դա շարունակվում է: Ընտրում ենք վճռաբեկ դատարանի դատավորների եւ դա Հայաստանի դատաիրավական համակարգի ռեֆորմների ամենածավալուն փաթեթներից մեկն է: Երեկ ընտրեցինք նաեւ ՀՀ նոր գլխավոր դատախազին: Հիմա հարց: Այն քաղաքացիները, որոնք ընտրել են ընդդիմությանը, արդյոք իրենք չպիտի՞ իրավունք ունենային մասնակցելու այդ կարեւոր ընտրություններին եւ իրենց պատգամավորների միջոցով իրենց խոսքը եւ իրենց պատգամը տեղ հասցնեին:

Մենք՝ ՔՊ խմբակցության պատգամավորները, մեզ համարում ենք պատասխանատու ոչ միայն մեր ընտրողների, այլ նաեւ ընդդիմության ընտրողների առջեւ: Եվ մենք բոլորի պատգամավորներն ենք ու նաեւ իրենց փոխարեն ենք այդ պարտականությունները կատարում: Եվ չենք էլ զլանում: Ամեն դեպքում քաղաքական հարցը մնում է այն, թե որքանով է ընդդիմությունը արդարացնում այն մանդատը, որը քաղաքացին իրեն տվել է»,- ասաց իշխանական խմբակցության ղեկավարը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930