Լրահոս
Օրվա լրահոսը

80 մլն ՀՀ դրամ գրավ՝ Աղվան Հովսեփյանին կալանքից ազատելու համար

Հունիս 30,2022 15:16

Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում, Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, տեղի ունեցավ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործով հրատապ նիստը: Հրատապ նիստը հրավիրել էր Աղվան Հովսեփյանի առողջական վիճակով պայմանավորված: Քննարկվում էր փաստաբանների ներկայացրած միջնորդությունը՝ խափանման միջոցի փոփոխման մասին:

Աղվան Հովսեփյանի պաշտպանական խմբի անդամ Էրիկ Ալեքսանյանը ներկայացրեց միջնորդությունը՝ Աղվան Հովսեփյանի կալանքը գրավով փոխարինելու մասին՝ գրավի չափը թողնելով դատարանի հայեցողությանը: Էրիկ Ալեքսանյանը հավելեց նաեւ, որ պատրաստ են որպես գրավ վճարել 80 մլն ՀՀ դրամից սկսած։

Պաշտպանի համոզմամբ՝ Աղվան Հովսեփյանի խափանման միջոցը փոխելու համար բոլոր նախադրյալները կան: Ըստ այդմ, Էրիկ Ալեքսանյանը հրապարակեց Աղվան Հովսեփյանի առողջական վիճակին վերաբերող բժշկական փաստաթղթեր, այդ թվում՝ նաեւ շաքարային դիաբետի 2-րդ տիպը հավաստող բժշկական եզրակացությունը, ինչն անհամատեղելի է դարձնում Աղվան Հովսեփյանի կալանքի տակ գտնվելը։

Պաշտպանը հիշեցրեց՝ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում Աղվան Հովսեփյանի առողջական վիճակը վատթարացել է, իսկ կալանավորման պայմաններում հնարավոր չէ պատշաճ բուժօգնություն ցուցաբերել։ Փաստաբանը վկայակոչեց նաեւ ՄԻԵԴ-ի համապատասխան հոդվածը, ըստ որի՝ ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների եւ դաժան վերաբերմունքի, դա մարդու իրավունքների լուրջ խախտում է՝ նկատելով, որ առկա հիվանդությունների պայմաններում ազատ չարձակելը կդիտվի խոշտանգում։

Խափանման միջոցը փոխելու առումով, ըստ պաշտպանի, կարեւոր է նաեւ այն հանգամանքը, որ գործը գտնվում է դատական քննության փուլում ու դատարանը չունի կաշկանդվածություն՝ գործի քննությանը խոչընդոտման ռիսկի տեսանկյունից, մանավանդ, որ գործով վկաները դեռ նախաքննության ընթացքում բազմաթիվ ցուցմունքներ տվել են։

Պաշտպանն ուշադրություն հրավիրեց նաեւ այն հանգամանքին, որ Աղվան Հովսեփյանն արդեն 9 ամիս կալանավորված է, իսկ կալանավորման տեւողությունն էական գործոն է՝ հավասարակշռությունը հաստատելու հարցում եւ անձին շարունակական կալանքի տակ պահելը պետք է պարբերաբար վերանայվի դատական իշխանության կողմից։ Պաշտպանը հիշեցրեց՝ դատարանների կողմից կալանավորման հիմքում նշված միակ կետը՝ գործի քննությանը հնարավոր խոչընդոտման հավանականությունն է, մինչդեռ այդ մտայնությունը, գործի քննության տվյալ փուլում, էականորեն նվազել է: Մարդու՝ նախկինում զբաղեցրած բարձր պաշտոնը, պաշտպանի պնդմամբ, չի կարող բավարար հիմք լինել՝ սահմանափակելու անձի ազատության իրավունքը, նրա կապերը կամ հեղինակությունը չի կարող բացասաբար մեկնաբանվել։

Էրիկ Ալեքսանյանն ընդգծեց նաեւ, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո իրավապահ համակարգում պաշտոնյաները փոխվել են, հետեւաբար, նախկինում զբաղեցրած պաշտոնները չեն կարող ազդեցություն գործադրելու վտանգի համատեքստում դիտարկվել:

Ի դեպ, նա նկատեց նաեւ, որ գործով մեղադրանքը պաշտպանող դատախազները դատախազ էր նշանակվել Աղվան Հովսեփյանի կողմից, սակայն որեւէ կաշկանդվածություն չկա։

Պաշտպանական խմբի մյուս անդամ Երեմ Սարգսյանն էլ միացավ միջնորդությանը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ նման հիվանդությունների պայմաններում անձին կալանքի տակ պահելը խոշտանգում է։ Փաստաբանը միեւնույն ժամանակ նկատեց՝ եթե խնդիր ունեն անվերջ կալանքի տակ պահելու, ուրեմն ինչ փաստարկ էլ ներկայացվի՝ կարող է բավարար չդիտվել:

Պաշտպանական խմբի անդամ Արթուր Ղամբարյանն էլ հայտարարեց, որ Աղվան Հովսեփյանն արգելել է խոսել իր առողջական վիճակի մասին, սակայն, ստեղծված իրավիճակում լռելն անհնար է:

Hearings of the Former Prosecutor General of Armenia Aghvan Hovsepyan’s case took place at the Court of Kentron and Nork Marash Districts of Yerevan, Armenia

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի այսօր:

Հիշեցնենք, Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է 2021թ սեպտեմբերի 7-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Սույն գործի շրջանակներում Վրեժ Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930