Ինչպե՞ս է գնահատում նախորդ հանդիպումները, ինչ արդյունքներ կան Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություների կարգավորման գործընթացում: «Գործընթացի մեկնարկից ի վեր` Հայաստանը շատ կառուցողական է եղել, Հայաստանն ունի քաղաքական կամք եւ ցուցադրել է այդ կամքը արագ կարգավորման հասնելու համար: Գործընթացի հաջողությունը կախված է նաեւ Թուրքիայի համապատասխան կառուցողականությունից եւ քաղաքական կամքից: Ինչպես տեսնում եք, մինչեւ այս պահը առանձնապես մեծ առաջընթաց չկա, եւ դա տեսանելի է»,-լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը:
Հարցին, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություների կարգավորման գործընթացի Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Քըլըչի հետ նախորդ հանդիպումից հետո հակասական հայտարարություններ տարածվեցին երկու կողմերից, թուրքական կողմը հայտարարում էր, թե սահմանների հետ կապված հարցերը լուծված են, մեր ԱԳՆ-ից հակադարձեցին այդ հայտարարությանը, ի վերջո ի՞նչ էր քննարկվել, Ռուբեն Ռուբինյանը հետեւյալ կերպ արձագանքեց. «Դա ոչ թե նախորդ հանդիպումից հետո էր, այլ առաջ էր: Կարող եմ ուղղակի վերահաստատել եւ վերհիշեցնել ՀՀ արտգործնախարարության հայտարարությունն առ այն, որ սահմանային սահմանազատման հարց չի քննարկվում, այդպիսի հարց քննարկումներում չկա»:
Պատասխանելով թուրքական կողմի` հանդիպումը Երեւանում անցկացնելու առաջարկի մասին հարցին, Ռուբեն Ռուբինյանը հետեւյալը նշեց. «Ամենակարեւոր քաղաքական կամքն է, իսկ հանդիպման վայրը զուտ տեխնիկական հարց է դառնում: Թուրքիայի կողմից հնչեցված առաջարկը` հանդիպումն անցկացնել Երեւանում, ենթադրում է, որ մեր թուրք գործընկերները գործընթացը տեսնում են, կամ ուզում են տեսնել որպես իրապես երկկողմ գործընթաց: Բայց այդ համատեքստում մի փոքր տարօրինակ են Թուրքիայի տարբեր պաշտոնյաների կողմից հնչող հայտարարություններն առ այն, որ իրենք գործընթացը համաձայնեցնում, կարգավորում են Ադրբեջանի հետ: Նորից եմ կրկնում, ամենակարեւորը քաղաքական կամքն է: Այդ քաղաքական կամքը կա, մնացածը շատ հեշտ լուծվող հարցեր են»:
Հնարավո՞ր է` մի օր Թուրքիան ասի, որ չի ուզում հայ-թուրքական հարաբերություններ, արդյոք կա՞ նահանջ այս գործընթացում, այս հարցին ի պատասխան՝ Ռուբինյանն ասաց. «Չէի ասի, որ նահանջ զգում եմ, բայց մեծ առաջընթացի մասին նույնպես հնարավոր չէ խոսել… Չէի ասի, թե ոգեւորված է սկսվել ամեն բան, բայց չէի ասի նաեւ, թե հիմա շատ մեծ հիասթափություն կա: Գործընթաց է, որը դեռ շոշափելի արդյունքներ չի տվել, բայց դա չի նշանակում, որ չի կարող տալ, եւ չի էլ նշանակում, որ հաստատ տալու է»:
Կարդացեք նաև
Մանրամասները` տեսանյութում.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ