Գործադիրի հավանությանն է արժանացել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Օրինագծերի ընդունմամբ հարկային մարմնին հնարավորություն ընձեռվի, որպեսզի ընթացիկ հսկողության գործիքակազմով, մասնավորապես` հսկիչ գնման ուսումնասիրությամբ, պատշաճ հսկողություն սահմանվի նաև «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով կանխիկ դրամով գումարի ընդունման սահմանափակումները չպահպանելու դեպքերի նկատմամբ: Հնարավորություն կնախատեսվի շահումով խաղերի, խաղատների գործունեության կազմակերպիչների կողմից խաղասրահում խաղանիշերի (ժետոնների) փոխանակումը միայն անկանխիկ եղանակով իրականացնելու պահանջները խախտելու դեպքում կիրառել պատասխանատվության միջոց։
Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին: Նախագծով առաջարկվող փոփոխությամբ կամրագրվի քննչական մարմնի ղեկավարը լիազորությունների արդյունավետությունը, բացառելով կազմակերպչական-տեխնիկական բնույթի հարցի կապակցությամբ որոշումների կայացումը և դրանց վերաբերյալ համապատասխան վերադաս դատախազի գրավոր համաձայնության առկայությունը:
Գործադիրի հավանությանն է արժանացել «Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքներին: Օրինագծերի ընդունմամբ հարկային (մաքսային) մարմնի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման պաշտոնների համալրումը կիրականացվի ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի սահմանած կարգով և պայմաններով անցկացվող մրցույթի արդյունքների հիման վրա:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ