Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կառավարությունը հաստատել է պետական միջնաժամկետ ծախսային և պարտքի բեռի նվազեցման ծրագրերը

Հունիս 30,2022 14:34

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունը հաստատել է ՀՀ 2023-2025 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և ՀՀ կառավարության պարտքի բեռի նվազեցման 2022-2026 թվականների վերանայված ծրագիրը:

Հարցը ներկայացրել է Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը և նշել, որ  2023-2025 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը կառուցված է ՀՀ կառավարության 2021-2026 թթ գործունեության  ծրագրով սահմանված նպատակների և քաղաքականությունների առաջնահերթություններին համապատասխան և ներառում է հարկաբյուջետային և  ծախսային այնպիսի առանձնահատկություններ, որոնք պետք է  նպաստեն կառավարության ծրագրի արդյունավետ և ժամանակին իրագործմանը:

«Կառավարության 2021-2026թթ. ծրագրին համահունչ, 2023 թ. և հաջորդող երկու տարիներին հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված կլինի թիրախավորված 7% տնտեսական աճի ապահովմանը՝ շեշտադրելով պետական ներդրումների մասնաբաժնի էական մեծացումը և ծախսերի իրականացման արդյունավետության բարձրացումը: Կարևոր է ընդգծել, որ դա պետք է տեղի ունենա պետական պարտքի կառավարելիության բարձրացման և այդպիսով՝ մակրոտնտեսական կայունության երաշխավորման պայմաններում: Մեր նախնական գնահատականներով, հարկաբյուջետային քաղաքականության կարևոր ցուցանիշներն այս տարվա ընթացքում կարձանագրեն 2022 թվականի բյուջեով սահմանված թիրախային ցուցանիշների առաջանցիկ բարելավում: Մասնավորապես, Կառավարության պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ կնվազի ավելի արագ, քան նախատեսված է և չի գերազանցի ՀՆԱ-ի 60%-ը (սահմանված էր 60.2%): Հարկային եկամուտները կգերազանցեն ՀՆԱ-ի նկատմամբ 23.4%-ը (որն այս տարվա համար սահմանված թիրախն է): Պետական բյուջեի ծախսերի ֆինանսավորումը ավելի մեծ չափով կիրականացվի սեփական եկամուտների հաշվին և ավելի քիչ կֆինանսավորվի փոխառու միջոցներով, ինչի արդյունքում՝ պետական բյուջեի դեֆիցիտը ՀՆԱ-ի նկատմամբ չի գերազանցի 3%-ը»,- ասել է նախարարը:

Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ այս տարվա հինգ ամիսների արդյունքում արձանագրված տնտեսական ակտիվության բարձր ցուցանիշը՝ 10.2%,  թույլ է տալիս գնահատել, որ տարին կամփոփվի տնտեսական աճի թիրախին մոտ՝ ՀՆԱ 7% աճով: «Դեռևս սահմանված թիրախից բարձր է գնաճը, ինչն առավելապես պայմանավորված է միջազգային շուկաներում հիմնական ապրանքների և ծառայությունների գների զգալի բարձրացմամբ: Չնայած այն հանգամանքին, որ շարունակում են բարձր մնալ արտաքին տնտեսական միջավայրի հետ կապված անորոշությունները և դրա արդյունքում Հայաստանին փոխանցվող ռիսկերը, մեր ընդհանրական գնահատականն այն է, որ այսօրվա դրությամբ առկա են բավարար նախադրյալներ՝ 2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի հարկաբյուջետային քաղաքականության հիմնական արդյունքային ցուցանիշները Կառավարության ծրագրի գերակայություններին համահունչ պլանավորելու համար»,- նշել է նախարարը:

Մասնավորապես, գալիք երեք տարիների տնտեսական աճի թիրախը սահմանված է 7%: Միջնաժամկետում թիրախին հասնելու նպատակին կնպաստի առաջիկա երեք տարիների ընթացքում ավելացնել կապիտալ ծախսերի ավելացումը, որոնք այս տարվա համար ծրագրված՝ ՀՆԱ-ի 4.5%-ից կբարձրանան և 2025-ին կգտնվեն ՀՆԱ-ի 6%-ի սահմաններում: 2023-2025 թվականների ընթացքում պետական բյուջեի ծախսերի ընդհանուր մակարդակը կգտնվի ՀՆԱ-ի 28% սահմաններում: «Այստեղ կարևոր է երկու հանգամանք: Առաջինն այն է, որ կշարունակեն ավելանալ պետական բյուջեի հարկային եկամուտները. դրանք 2022-ի համար ծրագրված 23.4% մակարդակից կաճեն 1.4 տոկոսային կետով և 2025-ին կգտնվեն ՀՆԱ-ի 24.8% սահմաններում՝ ընդհուպ մոտենալով Կառավարության ծրագրով սահմանված 25% ծրագրային թիրախին:  Երկրորդ էական փոփոխություն այն է, որ աստիճանաբար կնվազի փոխառու միջոցների հաշվին ծախսերի ֆինանսավորումը. պետական բյուջեի դեֆիցիտը ՀՆԱ-ի 3% մակարդակից կկրճատվի և 2025-ի ավարտին կգտնվի 2.5-2.7% սահմաններում: Համապատասխանաբար տեղի կունենա ՀՆԱ-ի նկատմամբ կառավարության պարտքի ցուցանիշների բարելավում. ծրագրի վերջին տարում այն կգտնվի ՀՆԱ-ի 55-56% սահմաններում»,-ասել է Տիգրան Խաչատրյանը:

Ըստ նախարարի՝ միջնաժամկետ հատվածում ծախսային քաղաքականության առաջնահերթություններ են համարվել տնտեսական և սոցիալական նշանակության ենթակառուցվածքներում և մարդկային կապիտալի զարգացմանը միտված ոլորտներում ներդրումները. «Ինչպես նշվեց, ծրագրային ժամանակահատվածում կապիտալ ծախսերը այս տարվա բյուջեով սահմանված՝ ՀՆԱ-ի 4.5%-ից ավելացվելու են մոտ 1.5 տոկոսային կետով. դրանք 2025-ին կգտնվեն ՀՆԱ-ի 6% սահմանում: Զգալի չափով ավելացվելու են ներդրումներն այնպիսի ծրագրերում, որոնք ուղղված կլինեն տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների բարելավմանը: Դրանք առավելապես լինելու են ճանապարհային ենթակառուցվածքները, այդ թվում՝ հանրապետական և քաղաքային ճանապարհային ենթակառուցվածքները, ոռոգման ենթակառուցվածքները, ներառյալ՝ ջրամբարները, կրթական հաստատությունները, առողջապահական, սպորտի և մշակույթի ենթակառուցվածքները»:

Ֆինանսների նախարարի խոսքով՝  չնայած այն հանգամանքին, որ ընթացիկ առաջնային ծախսերն առաջիկա երեք տարիներին նվազելու են ՀՆԱ-ի 1.5 տոկոսային կետով, դա չի նվազեցնելու կրթության և առողջապահության ծախսերը. «Այս երկու ոլորտներում ծախսերի ավելացումը կատարվելու է այնպիսի չափով, որպեսզի նշված երկու ոլորտներին հատկացվող ֆինանսավորման հանրագումարը 2022-ի ՀՆԱ-ի 3.9%-ից ավելանա և 2025-ին կազմի 4.3%. այդ թվում՝ կրթության ոլորտում ֆինանսավորումը 2.3%-ից կավելանա մինչև 2.6%, իսկ առողջապահության ոլորտում՝ 1.6-ից կավելանա մինչև առնվազն 1.7%: Ընդ որում, նախատեսում ենք այս ուղղությամբ կիրառել արդյունքների վրա հիմնված ֆինանսավորման նոր մեխանիզմներ, ինչը կնշանակի, որ նշված ոլորտներում նախապես սահմանված բարեփոխումներից ակնկալվող արդյունքային ցուցանիշների արձանագրումը պետք է հիմք դառնա նախապես որոշված ֆինանսավորման չափերն ավելացնելու համար: Առաջիկայում աշխատանքներ կտանենք նշված մեխանիզմների ներդրման ուղղությամբ, ինչը կարող է հիմք հանդիսանալ նաև՝ վերը նշվածներից ավելի բարձր ֆինանսավորում սահմանելու համար»:

Կառավարության ծրագրային նպատակներին համապատասխան, նախատեսվում է ավելացնել սոցիալական ապահովության ծրագրերին ուղղվող ծախսերը: «Արդեն 2023 թվականի ընթացքում սոցիալական պաշտպանության ոլորտին ուղղվող ծախսերը կավելացվեն ավելի քան 65 մլրդ դրամով կամ 11.3%-ով: Դա թույլ կտա բարձրացնել ինչպես կենսաթոշակները, այնպես էլ՝ սոցիալական աջակցության մյուս ծրագրերով սահմանված վճարների ներկա չափերը: Մասնավորապես, նոր սահմանաչափը թույլ կտա ավելացնել պետական կենսաթոշակներին հատկացվող միջոցները 33 մլրդ դրամով, ժողովրդագրական վիճակի բարելավման գծով իրականացվող ծրագրերին հատկացնել 16.5 մլրդ դրամով ավելի.  47.9 մլրդ դրամ՝ 2022թ. 31.4 մլրդ դրամի դիմաց,  և այլն»,-նշել է  Տիգրան Խաչատրյանը:

2023-ին լրացուցիչ ֆինանսական միջոցներ կհատկացվեն հանրային ծառայողների աշխատավարձերի ավելացման համար: Նախատեսվում է աշխատավարձերի ֆինանսավորման ավելացմանն ուղղել 17.3 մլրդ դրամ:      2023 թ. նախատեսվում է Արցախի Հանրապետությանը տրամադրվող աջակցությունը պահպանել այս տարվա համար սահմանված բարձր մակարդակի վրա՝ 144 մլրդ դրամ:

«Սրանք են 2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի հիմնական առանձնահատկությունները: Ուզում եմ տեղեկացնել նաև, որ առաջիկա շաբաթների ընթացքում նախատեսվում է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում քննարկումներ իրականացնել առանձին ոլորտային ծրագրերի և ակնկալվող արդյունքների շուրջ, ինչը կհուշի նաև, թե ինչպիսի ճշգրտումների կարիք կլինի 2023 թվականի պետական բյուջեն վերջնականացնելու փուլում»,-ասել  Տիգրան Խաչատրյանը:

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Միջնաժամկետ ծախսերի ծրագրով  պետական բյուջեի ծախսերի և եկամուտների էական ավելացում է  նախատեսվում: «Դա, իհարկե, կապ ունի այսօրվա հետ, որովհետև  Վիճակագրության կոմիտեն հրապարակեց մայիս ամսվա և առաջին հինգ ամիսների տնտեսական ցուցանիշները: Եվ պետք է արձանագրել, որ ունենք բավականին լավ ցուցանիշներ, որովհետև առանձին վերցված մայիսի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 13 տոկոս՝ նախորդ տարվա մայիսի համեմատ: Կարևոր է նաև այն հանգամանքը, որ աճի հիմնական լոկոմոտիվներից են շինարարության ճյուղը, որի աճը մայիսը մայիսի նկատմամբ կազմել է 18.1 տոկոս, ծառայությունների ոլորտը, որի աճը նախորդ մայիսի նկատմամբ կազմել է 30.2 տոկոս, էլեկտրաէներգիայի արտադրությունը, որի աճը կազմել է 8.2 տոկոս և արտահանման աճը, որը նախորդ տարվա մայիսի համեմատ ավելացել է 33.7 տոկոսով: Իհարկե, այստեղ լավ ցուցանիշների մեջ կա նաև մտահոգություն առաջացնող ցուցանիշ, մասնավորապես՝ արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է ընդամենը 2 տոկոս: Եվ, իհարկե, գնաճի բարձր ֆոնն է պահպանվում, որը մտահոգիչ է: Բայց հնգամսյա ցուցանիշներով մենք դուրս ենք եկել երկնիշ տնտեսական աճի գոտի: Այսինքն՝ սա տնտեսական ակտիվության ցուցանիշն է, ոչ տնտեսական աճը, բայց դրանք շատ մոտ են լինում սովորաբար իրար: 5 ամսվա տվյալներով մեր տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմում է 10.2 տոկոս, շինարարության ծավալի աճը՝ 11.4 տոկոս, ծառայությունների աճը՝ 24.9 տոկոս, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 13.1 տոկոս, արտահանման աճը՝ 27.5 տոկոս: Այս թվերը որոշակիորեն արտահայտվում են նաև մեր բյուջետային եկամուտների հատվածում. Կիսամյակը դեռ չի ավարտվել, այսօր էլ  սպասում ենք հարկային մուտքեր, բայց կարող ենք ասել, որ կիսամյակի նախատեսված պլանն այս պահի դրությամբ գերակատարել ենք 47 մլրդ դրամով: Այսինքն՝ 47 մլրդ դրամ ավելի ենք հարկային եկամուտների մասով, քան կանխատեսել ենք: Եվ ուզում եմ ընդգծել, որ ԵԱՏՄ մաքսային հատկացումներ դեռ ունենք ստանալու՝ 10 մլրդից ավելի: Ինչու եմ մոտավոր ասում, որովհետև այս ընթացքում փոխարժեքի որոշակի տատանումներով պետք է հաշվարկվի: Այսինքն՝ մոտավորապես, վստահ ենք, կիսամյակի պլանը 60 մլրդ դրամով կգերակատարենք»,- ասել է վարչապետը:

Անդրադառնալով կենսաթոշակների բարձրացմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Դա նաև մեր նախընտրական ծրագրի մեջ էր գրված, որ 2023 թվականի հունվարի 1-ից մենք կունենաք կենսաթոշակների բարձրացում: Կենսաթոշակների բարձրացման բանաձևերի մասին առաջիկայում ավելի մանրամասն կխոսենք: Մենք կունենանք նվազագույն աշխատավարձի բարձրացում: Նախատեսվում է, որ նվազագույն աշխատավարձը 68 000 դրամից կդառնա 75 000 դրամ, որն արդեն գործակիցներով կհաշվարկվի»:

Կառավարության ղեկավարը կարևորել է նաև ժողովրդագրական ծրագրերի փոփոխությունները.  «Գիտեք, որ 2020 թվականին որոշում կայացրեցինք, որ գյուղական բնակավայրերում մինչև 2 տարեկան երեխայի խնամքի համար մայրերին տրամադրում էինք նպաստ, այդ թվում՝ չաշխատողներին: Իսկ աշխատող մայրերին գյուղական բնակավայրերում կրկնակի ավելի էինք այդ նպաստը տրամադրում, քաղաքում կամ Երևանում՝ միայն աշխատողներին: Հիմա մենք ինչ որոշման ենք հանգել: Մենք հանգել ենք նրան, որ առաջինը՝ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը պիտի ավելացնենք՝ 28600 դրամից պետք է դառնա 30700: Հաջորդը՝ մենք պետք է բոլոր մայրերին մինչև 2 տարեկան՝ երեխայի խնամքի նպաստ տանք: Այսինքն՝ անկախ բնակավայրի, քաղաքային թե գյուղական բնակավայրերից է, անկախ նրանից աշխատող է, թե չաշխատող է: Իսկ գյուղական բնակավայրերում աշխատողներին կրկնակի չափով այդ նպաստը վճարել, ինչը նշանակում է, որ նրանք հունվարի 1-ից այդ նպաստը կստանան արդեն 61400 դրամի չափով»:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև գիտության ֆինանսավորումը 6 մլրդ դրամով  ավելացումը և նշել. «Ուզում եմ հիշեցնել, որ ընթացիկ տարում մենք գիտության ֆինանսավորումը 82 տոկոսով ավելացրել էինք, ևս 6 մլրդ եթե հաշվենք,  ստացվում է, որ 2 տարվա մեջ մենք Հայաստանում գիտության ֆինանսավորումը, ըստ էության, կրկնապատկել ենք»:

Անդրադառնալով տնտեսական աճին՝ գործադիրի ղեկավարը նշել է. «Ամենակարևոր նորությունը, կարծում եմ, նա է, որ մենք, ըստ էության, հիմա արդեն, ի հեճուկս բոլոր հոռետեսական կանխատեսումների, 7 տոկոս տնտեսական աճն արդեն ավելի իրատեսական ենք համարում, որովհետև ես արդեն ասացի, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը 10.2 տոկոս է, բայց մեր թիրախը 7 տոկոսն է: Ավելի լավ է՝ մենք առաջիկա  5 տարում տարեկան 7 տոկոս տնտեսական աճ ունենանք, քան որոշ տարիներին ավելի, որոշ տարիներին պակաս: Ազդակներ կան, որ մենք, իսկապես, կարող ենք հասնել այս նպատակին: Եվ նաև պիտի ասեմ, որ մեր առևտրաշրջանառության ցուցանիշներն են դա ցույց տալիս: Նախորդ տարվա համեմատ Հայաստանում առևտրաշրջանառությունն աճել է»:

Ամփոփելով՝ վարչապետը Միջնաժամեկտ ծախսերի ծրագիրը դրական է գնահատել և հորդորել է կառավարության անդամներին կենտրոնանալ և առավել արդյունավետ աշխատել:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Garo says:

    Պաշտպանության ծախսերի մասին ոչինչ չասեցին,ինչը նորմալա իրանց դեպքում։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930