Հայկական կողմը տեղեկություն չունի, թե ինչու է Ադրբեջանը հետաձգել Բրյուսելում նախատեսված ՀՀ ԱԽ քարտուղարի եւ Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիեւի հանդիպումը։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ վարչապետ Փաշինյանը հունիսի 27-ի ասուլիսում ասել էր․ «Այսօր այդպիսի մի հանդիպում նախատեսված էր, բայց ադրբեջանական կողմը հրաժարվել է այդ հանդիպմանը մասնակցել։ Այդ հանդիպումը նախատեսված էր Բրյուսելում՝ մեր կողմից Անվտանգության խորհրդի քարտուղարի եւ Ադրբեջանի նախագահի խորհրդականի մակարդակով։ Ադրբեջանը մինչեւ այս պահը չի արձագանքել ԱԳ նախարարների հանդիպում անցկացնելու առաջարկին»։
Արմեն Գրիգորյանն այսօր ասաց՝ նախատեսված էր հանդիպում 27-28-ին, դրանից առաջ էլ կար պայմանավորված օր, որը հետաձգվեց․ «Հայտնի չեն հստակ պատճառները, թե ինչու է Ադրբեջանը հետաձգել։ Մենք տեղեկություն ունենք, որ հնարավոր է ապագայում այդպիսի հանդիպում լինի։ Պարզաբանում չենք ստացել»։
Թե ինչ հարցեր են նախատեսված քննարկելու Ադրբեջանի հետ, Գրիգորյանն ասաց՝ ընդհանուր առմամբ ե՛ւ Բրյուսելի, ե՛ւ Մոսկվայի օրակարգային հարցերը, որոնք քննարկվում են Ադրբեջանի հետ, չորսն են․ «Հումանիտար հարցերը, որի մեջ է օրինակ՝ գերիներ վերադարձը, անհայտ կորած անձանց մասին տեղեկատվություն հավաքագրելը եւ նրանց ընտանիքներին տրամադրելը։ Հաջորդը՝ ապաշրջափակումը տարածաշրջանում, սահմանազատում եւ սահմանագծում, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ