Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԽՔ․ «ՀՀ-ում միջանցքային տրամաբանությամբ որեւէ ճանապարհ բացառվում է, առաջ ենք գնում տրամաբանությամբ, որ սահմանային վերահսկողություն է լինելու»

Հունիս 30,2022 14:08

Բերձորի, Աղավնոյի, Սուսի հարցերը հենց նոյեմբերի 9-ից սկսած քննարկում ենք Արցախի մեր գործընկերների հետ, որպեսզի լուծումներ գտնենք։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ է լինելու Բերձորի, Աղավնոյի, Սուսի բնակիչների ճակատագիրը, երբ այդ համայնքներն անցնեն Ադրբեջանի վերահսկողության տակ։

Գրիգորյանն ասաց, որ այդ ուղղությամբ Արցախի իշխանությունները աշխատանքներ են տանում․ «Մենք դեռ ժամանակ ունենք եւ ճանապարհի մասով եւ բնակիչների համար լուծումներ գտնելու համար։ Մոտ 1,5 տարի ժամանակ դեռ ունենք, Արցախի կառավարության հետ կաշխատենք եւ լուծումներ կգտնենք»։

Խաղաղության օրակարգի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանի կողմից նոր պատերազմ սկսելու հայտարարության մասին էլ Գրիգորյանն ասաց՝ երբ մենք խաղաղության օրակարգն էինք փորձել առաջ տանել, խոսել ենք հնարավոր խնդիրների մասին․ «Այնպես չէ, որ երբ խաղաղության օրակարգի մասին խոսում էինք, մտածում էինք՝ ամեն ինչ շատ հեշտ է լինելու։ Մենք գիտենք դրա դժվարությունների մասին, բայց նաեւ հասկանում ենք, որպեսզի երկարաժամկետ կարողանանք մեր տարածաշրջանում անվտանգություն ապահովենք, դրա հնարավոր տարբերակը՝ անվտանգության երաշխիքների հնարավոր տարբերակը խաղաղության օրակարգն է, եւ պետք է շարունակել աշխատել այս ուղղությամբ, բայց մենք նաեւ հասկանում ենք, որ դա միայն Հայաստանից չէ կախված։ Նաեւ դա է պատճառը, որ մենք աշխատում ենք մեր բոլոր միջազգային գործընկերների հետ, որպեսզի խաղաղության օրակարգն առաջ տանենք»։

Անդրադառնալով Ադրբեջանի եւ Թուրքիայի հայտարարություններին, թե Զանգեզուրի միջանցքի հարցը լուծվել է, Գրիգորյանն ասաց՝ մենք բազմիցս ասել ենք, որ բացառվում է Հայաստանի հանրապետության տարածքով միջանցքային տրամաբանությամբ որեւէ ճանապարհ եւ մեր քաղաքականությունը շարունակում է սա մնալ․ «Երբ մենք հայտարարում ենք, որ մեր դիրքորոշումներն ավելի մոտ են, դա նշանակում է, որ մենք առաջ ենք գնացել այն տրամաբանությամբ, որ սահմանային վերահսկողություն է լինելու, ՀՀ-ում միջանցքային տրամաբանությամբ որեւէ ճանապարհ բացառվում է։ Սրա մասին ասել է ոչ միայն պաշտոնական Երեւանը, այլեւ՝ պաշտոնական Մոսկվան եւ Բրյուսելը։ Կարծում եմ՝ բանակցային գործընթացի ընկալման խնդիր կա, որովհետեւ բոլորը հայտարարում են՝ միջանցք չի քննարկվում, բայց ադրբեջանական կողմը դրա մասին անընդհատ հայտարարում է անհասկանալի պատճառով»։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի՝ «Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի վարչապետների նախագահության աշխատանքային խմբին հաջողվել է մոտեցնել Բաքվի ու Երևանի դիրքորոշումները մի շարք հարցերի, այդ թվում՝ սահմանային և մաքսային վերահսկողության շուրջ» հայտարարության մասին էլ ԱԽ քարտուղարը պարզաբանեց՝ դա մաքսազերծում չի լինելու․ «Եթե Հայաստանի տարածքն օգտագործվում է, որպեսզի Իրանից ապրանք գնա Վրաստան, դա այլ հարկային տեսակ է։ Բնականաբար, Ադրբեջանի դեպքում եւս կիրառվելու են հարկային տեսակներ։ Սրա շուրջ այս պահին քննարկումները շարունակվում են եւ որոշակի առաջընթաց ենք ունեցել։ Ամբողջովին քննարկումն ընթանում է այն տրամաբանությամբ, որպեսզի մենք սահմանային վերահսկողության ձեւերը գտնենք։ Հնարավոր է ՝ ժամանակակից տեխնոլոգիաներ կիրառելով՝ ավելի հեշտացված տարբերակի ներդրում, ասենք՝ հավելվածի լրացման միջոցով, որպեսզի արագ գործընթաց լինի։ Բայց ամբողջական սահմանային վերահսկողություն լինելու է եւ ճանապարհներն էլ ըստ դրա քննարկվելու են»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930