«Նոյեմբերի 9-ի հայտարարության որեւէ կետ Ադրբեջանը չի կատարել՝ կանգնել այդ պահի դրությամբ տեղերում, գերիների եւ այլ պահվող անձանց վերադարձ, իսկ ՀՀ իշխանությունները բոլոր կետերն անշեղորեն կատարել են՝ դեռ մի բան էլ ավելի: 6-րդ կետի իրագործել կամ չիրագործելը մեր միակ հաղթաթուղթն է. եթե ԱՀ իշխանության հետ բոլոր հարցերը համաձայնեցվում են, ինչպես Նիկոլ Փաշինյանն է փաստում, ապա ի՞նչն է խանգարում ձեզ՝ կասեցնել 6-րդ կետի իրագործումը, քանի դեռ Ադրբեջանի իշխանությունները չեն կատարել եռակողմ հայտարարությամբ իրենց ամրագրված պարտավորությունները»,- Արցախի խորհրդարանում ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին հարց տվեց «Արդարություն» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը՝ նկատելով, որ նոյեմբերի 9-ը մեզ համար դատավճիռ չէ եւ եթե մի կողմին կարելի է բոլոր կետերի խախտում, ինչո՞ւ մյուս կողմին չի կարելի մեկ կետի կասեցում. արդյոք խնդիրը բանակցողի՞ մեջ է:
«Մենք չենք ասում՝ այդ կետը կատարել ենք: Ես նշեցի՝ դեռ ընթանում են շինարարական աշխատանքներ, երբ կավարտվեն շինարարական աշխատանքները՝ դրանից հետո, մենք կարող ենք մեր կարծիքն ասել»,- պատասխանեց Արայիկ Հարությունյանը՝ նկատելով, որ եթե մայրուղին պետք է փոխվի, ապա կառուցվող մայրուղին գնում է այն տարբերակով, որը ԱՀ Անվտանգության խորհրդով հաստատվել է:
Նա նաեւ հավելեց, որ ժամանակը կգա եւ ոչ այս դահլիճում կքննարկեն՝ ո՞ր ճանապարհն է մեզ համար լինելու ավելի անվտանգ, ինչը պետք է լինելու մեր հայրենակիցներին: Արայիկ Հարությունյանը հավաստիացնում է, որ նոր ճանապարհն անվտանգային առումով ավելի ապահով է լինելու, քան գործողը եւ նկատում․ «Ուզում եք ներկայացնե՞մ՝ որտեղ ի՞նչ ենք կառուցելու անվտանգային առումով»: Ընդհանուր առմամբ, նա պատգամավորի առաջարկին դեմ չէ, բայց ժամանակը կգա՝ կորոշեն քայլերի հաջորդականությունը:
«Մենք ունենք խնդիր այսօր. այնպիսի դավաճանական ցանց ունենք մեր երկրում, որ ընդհուպ իմ՝ կաբինետից դուրս գալն ու ԱԺ մտնելն են ադրբեջանցիներն իմանում տվյալ: Եվ ոչ միայն իմ՝ շատ-շատերինդ, ով հետաքրքիր է: Դուք ուզում եք՝ ամբողջ աշխարհով մեկ ներկայացնեմ՝ թե ինչո՞ւ ենք այդ ճանապարհն ընտրել»,- ասաց ԱՀ նախագահը:
Կարդացեք նաև
Արայիկ Հարությունյանը նաեւ վրդովվեց ու հայտարարեց, որ այդ տարբերակն ընտրել են՝ հետեւանքների մասին մտածելով ու առաջարկեց՝ միասին, այս դահլիճում որոշել՝ հրաժարվել ամենից, Բերձորից դուրս չգալ ու միասին կիսել պատասխանատվությունը՝ 120 հազար բնակչի ճակատագրի մասով, քանի որ «Երեւանում ապրող պաշտոնյաները կամ քաղաքական գործիչները չեն պատասխան տալու», ամենածանր պտուղները ԱՀ բնակիչներն են քաղելու:
Արայիկ Հարությունյանը հայտարարեց՝ մայիսի 18-ն իր կյանքի ամենաբարդ օրերից է եղել, քանի որ Լաչին ազատագրող եւ Լաչին մտնող խմբի մեջ ինքն էլ է եղել, բայց այսօր երկրի անվտանգությունն ու ճակատագիրն ավելի կարեւոր են, քան էմոցիաները:
Դավիթ Գալստյանն առարկեց՝ ասելով, որ եթե ընդհանուր դավաճանական ցանց է գործում երկրում, ևս իշխանության թերի աշխատանքի արդյունք է, ոչ թե ժողովրդի մեղավորության, քանի որ հանրությանը ճիշտ չի ներկայացվել՝ ինչ կարելի է հրապարակել, ինչը չէ:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ