«Ըստ նոյեմբերի 9-ի հայտարարության, Լաչինի միջանցքով երեք տարվա ընթացքում պետք է նախագծվեր այլընտրանքային ճանապարհի պլանը՝ համաձայնեցնելով կողմերի հետ: Ներկայումս մեզ հրամցնում են մի ճանապարհ, որը Լաչինի միջանցքի երկայնքով է եւ դուրս է 5 կիլոմետր լայնությունից, որի պատճառով էլ ի հայտ է եկել Բերձոր, Աղավնո եւ Սուս համայնքների հայաթափման հարցը: Հայաստանի վարչապետն ասում է, որ այս երթուղու ընտրության հարցում ԱՀ իշխանությունները ներգրավված են եղել եւ մենք առաջնորդվել ենք իրենց նախընտրություններով: Արդյոք այս նոր կառուցվող ճանապարհը կապ ունի՞ 6-րդ կետում նկարագրված ճանապարհի հետ, թե՞ սա այլ ճանապարհ է, միգուցեեւ բարձրակարգ: Ձեր կողմից տրվե՞լ է համաձայնություն, ե՞րբ եւ համաձայնություն տալուց առաջ նկատի ունեցե՞լ եք նշված բնակավայրերի հայաթափման հարցը»,- այսօր Արցախի խորհրդարանում՝ դիմելով ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին՝ հարցրեց ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Կապված երթուղու հետ, մենք ունեցել ենք մի քանի առաջարկություն՝ եւ Ադրբեջանի կողմից, եւ ՌԴ-ի կողմից. բոլոր առաջարկությունները մերժվել են: Գործող մայրուղին, ավելի ճիշտ առաջարկվողը, քննարկվել է մի քանի անգամ՝ Անվտանգության խորհրդում, որին մասնակցել են ԱԺ-ում ներկա բոլոր քաղաքական ուժերը: Մենք ընտրել ենք, ըստ մեզ, լավագույն տարբերակը: Կան գաղտնիքներ, որոնք ես չեմ ուզում այստեղ բարձրաձայնել: Ինչո՞ւ ենք ընտրել այդ տարբերակը՝ հենց հիմք ընդունելով անվտանգային հետագա մեր խնդիրը: Ճանապարհն ավարտվելուց հետո, մենք հնարավորություն ենք ունենալու մեր կարծիքն ասելու՝ որակի առումով համապատասխանո՞ւմ է այն ստանդարտներին, որը մենք ենք ուզում, արդյոք լինելու է անվտանգ, իսկ իմ կարծիքով՝ շատ ավելի անվտանգ է լինելու՝ բազմաթիվ անվտանգային խնդիրներ հաշվի առնելով»:
Նա խոստացավ անվտանգային մանրամասները փակ դահլիճում ներկայացնել:
Ինչ վերաբերվում է հայաթափմանը վերաբերվող պատգամավորի հարցին, Արայիկ Հարությունյանն ասաց, որ նման հարց չի քննարկվել եւ, որ խոսքը միայն Աղավնո բնակավայրի մասին է, քանի որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին հայտարարության 6-րդ կետում գրված է, որ մենք պետք է Բերձոր քաղաքից դուրս գանք: Իսկ Աղավնոյի մասով՝ ԱՀ իշխանությունները բանակցությունները շարունակում են տանել:
Կարդացեք նաև
«Մենք որեւէ մեկին չենք ասել՝ դուրս եկեք Բերձորից»,- ասաց Արայիկ Հարությունյանը՝ ավելի ուշ հավելելով, որ Սուս գյուղում մենք այսօր համարյա բնակիչ չունենք, նաեւ, որքան գիտի, սոցիալական ծրագրերի շրջանակներում, Բերձորի եւ Սուսի բնակիչները ստացել են իրենց համապատասխան փոխհատուցումները: «Անկախ ամեն ինչից՝ մենք Բերձորը պետք է շրջանցենք: Բերձորում մեր հայրենակիցների հետագայում ապրելու հնարավորությունը շատ քիչ եմ համարում, Աղավնոյում շարունակելու ենք մեր պայքարը»:
Մետաքսե Հակոբյանը այդ պատասխանից փաստեց, որ 6-րդ կետի շրջանակներում չէ այն, ինչը որ կատարվել է եւ կրկին մեջբերեց Նիկոլ Փաշինյանի ասուլիսում հնչեցրած հայտարարությունները, որ երթուղու փոփոխություն տեղի ունենալու պարագայում այն տարածքները, որոնք չեն գտնվում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի նախկին սահմանի մեջ՝ անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ. «Լաչինի բնակիչների խնդիրները մենք կառավարության որոշումներով լուծում ենք, նաեւ բնակիչները պիտի բնակարանով ապահովվեն։ Լաչինում այսօր մարդիկ, ընտանիքներ չեն ապրում, Աղավնո գյուղի բնակիչների խնդիրները Արցախի կառավարության միջոցներով, կարծում եմ, կլուծվեն։ Սուս գյուղի վերաբերյալ չեմ կարող ասել, որովհետեւ այս պահին տեղեկություններ չունեմ։ Արցախի կառավարության հետ քննարկելիս Սուս գյուղի անուն չի շոշափվել»: Նիկոլ Փաշինյանի ասածներից ելնելով՝ պատգամավորը նկատեց, որ ՀՀ վարչապետն ամեն կերպ փաստում էր, որ յուրաքանչյուր հարց քննարկվել է ԱՀ իշխանության հետ ու հետաքրքրվեց՝ եթե ամեն բան պարզ է եւ ամեն բան համաձայնեցրել եք, ինչո՞ւ հանրությանը չեք տեղեկացնում՝ ի՞նչ է իրենց սպասվում
«Աղավնոյի հետ կապված ՀՀ վարչապետի հետ քննարկման ժամանակ ասացի՝ բանակցություններ ենք տանում, թողեք մեր բանակցային շրջանակներում տեսնենք թե ի՞նչ հնարավորություններ կան»,- ասաց Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ հարցը երբեք գաղտնի չի եղել, ՀԿ-ների, քաղաքական ուժերի հետ բոլոր հանդիպումներում մայրուղու թեման միշտ քննարկել են:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ