Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանություն տվեց Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում փաստաբան Սեդա Սաֆարյանի թեկնածությանը։
Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանն ասաց, որ այս տարվա դեկտեմբերի 10-ին լրանում է Սահմանադրական դատարանի դատավոր Արեւիկ Պետրոսյանի պաշտոնավարման ժամկետը։
ՍԴ-ն կազմված է 9 դատավորներից, որոնցից երեքն ընտրվում են հանրապետության նախագահի առաջարկությամբ, երեքը՝ կառավարության, երեքը՝ դատավորների ընդհանուր ժողովի։ Դատավորի թափուր տեղերի համար առաջադրումները կատարվում են հաջորդաբար։ Այս անգամ հերթը կառավարությանն է, որն էլ առաջարկում է Սեդա Սաֆարյանի թեկնածությունը։
Սաֆարյանը ներկա էր նիստին։ Նա իր առաջադրման համար նախ շնորհակալություն հայտնեց, ապա ասաց․ «Կարծում եմ՝ իմ անմիջական մասնակցությունը ՍԴ արդարադատության իրականցմանը կստացվի, եւ չեք զղջա այդ բարձր պաշտոնին առաջադրելու համար»։
Կարդացեք նաև
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ ընտրությունը տեղի է ունենալու Ազգային ժողովում, իսկ Սաֆարյանի թեկնածությունն առաջարկելու հարցը քննարկել են ՔՊ վարչությունում, խմբակցության հետ եւ ի վերջո կայացրել քաղաքական որոշում։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ