Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով Բաքվում Չմիացածների շարժման խորհրդարանական ցանցի համաժողովի բացմանը, հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը մահացած է և դրա մասին հետագա շահարկումները կործանարար կլինեն տարածաշրջանում հնարավոր խաղաղության համար:
«Մենք երկար սպասում էինք, որ միջազգային հանրությունը կօգնի վերացնել անարդարությունը և վերջ կդնի ադրբեջանական հողերի օկուպացիային: Այդ նպատակով 1992թ. ստեղծվեց Մինսկի խումբը: Այն կոչված էր լուծում գտնելու այս հակամարտությանը, այլ կերպ ասած՝ վերջ դնելու օկուպացիային: Բայց դրա փոխարեն Մինսկի խումբը վերածվեց գործիքի նրանց ձեռքում, ովքեր ուզում էին, որ այդ օկուպացիան անվերջ շարունակվի: Ադրբեջանը ռազմաքաղաքական ճանապարհով վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը: Մինսկի խմբի անհրաժեշտություն չկա, մենք դրան հրաժեշտ ենք տվել: Մինչդեռ Հայաստանն ու մի շարք երկրներ ցանկանում են վերականգնել այն, բայց դա հնարավոր չէ, այն մահացած է»,- ասել է Ալիևը:
Նա հավելել է, որ Մինսկի խմբի շուրջ հետագա ցանկացած շահարկումներ ոչ միայն անարդյունավետ են, այլև կործանարար են տարածաշրջանում հնարավոր խաղաղության համար:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ