Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հիմա տուն չունենք, ուրիշի տանն ենք ապրում: Աշխատանք էլ չունենք, բայց Արցախից գնալու ցանկություն էլ չունենք». «Փաստ»

Հունիս 30,2022 12:08

1993-ին Արցախի Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղից Լիդա Սևյանի ընտանիքը տեղափոխվում է Քարվաճառի շրջանի Չարեքթար գյուղ: Հենց այն ժամանակ էր, երբ հայկական զինված ուժերն ամբողջովին իրենց վերահսկողության տակ վերցրին Մարտակերտի շրջանի արևմտյան հատվածի ադրբեջանական վերջին հենակետը՝ Թարթառ գետի աջ ափին՝ շուրջ 900 մետր բարձրության վրա գտնվող Չարեքթարը։ Պատերազմից հետո Չարեքթարի մասին շատ է խոսվել: 2020-ի նոյեմբերի 25-ին Քարվաճառի շրջանի մեծ մասը հանձնելուց առաջ գյուղի 48 տղամարդ ամրացել է գյուղում՝ հրաժարվելով հանձնել գյուղը։

Նրանցից ազատամարտիկ Աշոտ Սևյանը հայտարարել է, որ չեն ենթարկվելու գյուղն Ադրբեջանի զինված ուժերին հանձնելու որոշման հետ և պատրաստ են մինչև արյան վերջին կաթիլը կռվել և զոհվել գյուղի համար: Այսօր Չարեքթարը Քարվաճառի շրջանի միակ գյուղն է, որը գտնվում է մեր վերահսկողության ներքո, բայց Չարեքթարի բնակչությունը 2020-ին տարհանվել ու մինչ օրս գյուղ այդպես էլ չի վերադարձել, որովհետև, բնակիչների խոսքով, թուրքերը 100 մետր հեռավորության վրա ազատ շրջում են ու խաղաղ բնակիչն իրենց համար թիրախ է: 2020-ին Լիդա Սևյանի ընտանիքը ևս տարհանվել է ու այսօր կրկին ապրում է Վաղուհասում:

«Ես Վաղուհասի հարս եմ եղել: 1994-ից ապրել ենք Չարեքթարում, ու ամեն ինչ շատ լավ էր: Քարվաճառը վերաբնակեցման գոտի է եղել, ժողովուրդը շատ է եղել, ամեն տեղից բնակիչներ են եղել, բայց 2020-ի պատերազմով, առանց որևիցե մի կրակոցի, առանց որևիցե մի բանի ցրեցին ժողովրդին, մի ստորագրությունով Քարվաճառի շրջանը նվիրատվություն արեցին Ադրբեջանին, ժողովրդին էլ ցաք ու ցրիվ թողին: Ու մենք մեր ընտանիքով՝ 2 տղաս, իրենց երեխաները, կանայք, ես ու ամուսինս նորից տեղափոխվել ենք Վաղուսահ ու ապրում ենք այստեղ:

«Հիմա տուն չունենք, ուրիշի տանն ենք ապրում: Աշխատանք էլ չունենք, բայց Արցախից գնալու ցանկություն էլ չունենք: Ինչի՞ պիտի գնամ, Արցախում ծնված, մեծացած թոռներ ունեմ, ընտանիք ունեմ, էրեխեքս, թոռներս էստեղ են բնակվում: Իմ հողն է, իմ ջուրն է, չեմ գնա: Հետո՝ պիտի պայքարենք, մեր զոհերի հիշատակը պիտի վառ պահենք: Արցախցին միշտ կանգուն է, պատրաստ իր հող ու ջրի համար պայքարել, միշտ պայքարելու է՝ մինչև արյան վերջին կաթիլը: Մենք մեր Արցախն Ադրբեջանին չենք տա: 1992 թ.-ից մեր տղաները պայքարել են, հենա՝ մեր զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան ունենք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Լիդիան՝ նշելով, որ գյուղը ևս բազմաթիվ զոհեր է ունեցել:

«Կորուստներ ունենալու ցավը մեծ է: Ինքս 30 տարի այդ ցավով եմ ապրել ու ապրում: Հայրս, եղբայրս, հորեղբորս տղան 1992-ից առ այսօր անհետ կորած են համարվում, մինչև հիմա ոչ մի տեղեկություն չունենք: Էլ հույս էլ չունեմ…»,-ասում է նա ու խոսում այլ հույսի մասին:

«Մեր տղաները պայքարել են, հող են ազատագրել, ու մենք պարտավոր ենք նորից պայքարել, մեր հող ու ջրին տեր լինել: Ճիշտ ա, մենք հենց հիմա ոչ մի զբաղմունք, աշխատանք չունենք, բայց շարունակում ենք մնալ այստեղ ու մնալու ենք, երևի մի լույս կբացվի: Մեր հույսերը կապում ենք այդ լույսի հետ, որ, գուցե, մի օր այն կբացվի, գուցե մի օր Արցախը էլի կծաղկի, աշխատատեղեր կբացվեն, կապրենք, կաշխատենք, կզարթնենք Չարաքթարում այնպես, ինչպես մինչև 2020 թվականի պատերազմը։ Բայց ես, մեկ է, չեմ կարծում, որ խաղաղություն լինի:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930