Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղմթերքը, պետության միջնորդությամբ, հանձնել գործարաններին՝ ստանալ հյութ, ջեմ և այլն, այդ արտադրանքը հետո արտահանել նույն ռուսական շուկա: Այդ ֆլեշմոբերն ուղղակի ծիծաղելի են: Նման բաները պարզ տգիտության հետևանք են. Հրաչ Բերբերյան. «Փաստ»

Հունիս 30,2022 11:30

«Ինչ վնաս եղել, եղել է, այսօր մեր սպասելիք բերքի 50 տոկոսից պակասն ունենք»,-«Փաստի» հետ զրույցն այսպես է սկսում «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը: Հիշեցնում է՝ բնությունն իր գործն արեց, Լարսի ճանապարհը փակվեց, մթերքը չի արտահանվում, դրա հետևանքով են երևանյան շուկայում մթերքի գները նվազել:

«Պատկան մարմինները պետք է դրանով զբաղվեին ու այդպես էլ ոչինչ չարեցին, այլընտրանքային ճանապարհ չգտան: Մեր ունեցած տեղեկություններով, 1000 տոննայից ավելի գյուղմթերք այսօր Լարսի ճանապարհին է մնացել, դա անմիջապես պետք է հետ բերել ու հանձնել պահածոների գործարաններին վերամշակման: Սա միակ փրկությունն է, որ այդ ամենը չկորչի, վերածվի այլ արտադրանքի, որը հաստատ շուկա կունենա: Կառավարությունում պետք է գլուխներն աշխատեցնեն: Այն, որ մասնագետ չունեն, վաղուց գիտեմ, իսկ այս պատահական նախարարներով ու փոխվարչապետներով շատ առաջ չեն գնա: Բայց առաջարկ ամեն դեպքում անում եմ՝ գյուղմթերքը, պետության միջնորդությամբ, հանձնել գործարաններին՝ ստանալ հյութ, ջեմ և այլն, այդ արտադրանքը հետո արտահանել նույն ռուսական շուկա»,- նշում է մեր զրուցակիցը:

Լարսի փակ լինելու համատեքստում ֆլեշմոբեր սկսվեցին հատկապես ծիրանի մասով, թե ծիրան գնենք և օգնենք գյուղացուն, մինչդեռ շատերն իսպառ մոռացան, որ կան նաև այլ մթերքներ, որոնք նույնպես մնացել են Լարսում՝ անվերջանալի հերթում: Մոռացան նաև, որ մենք պետություն ենք, ոչ թե ինքնակազմակերպվող հասարակություն:

«Վերջից սկսեմ՝ կազմալուծվող հասարակություն ենք: Հիմա՝ ծիրանի մասին: Տեսեք՝ մեկ անձը տարեկան սպառում է 6-7 կգ՝ մուրաբան էլ հետը: Ոչ ոք այս թիվը չգիտի: Մեր 2 մլն ազգաբնակչությունը տարեկան սպառում է 15 հազար տոննա, իսկ Հայաստանում այսօր կա 22-23 հազար տոննա ծիրան: Այդ ֆլեշմոբերն ուղղակի ծիծաղելի են: Նման բաները պարզ տգիտության հետևանք են: Արդարության համար նաև ասեմ՝ Լարսը սեզոնին միշտ ծանրաբեռնված է, այս խնդիրը մենք միայն Նիկոլի ժամանակաշրջանում չենք ունեցել: Պետք է ազնիվ լինենք այս առումով: Ուղղակի այստեղ խնդիրն այն է, որ պետական այրերը գյուղատնտեսության մասին այն ժամանակ են մտածում, երբ դանակը հասնում է ոսկորին: Բացի Քոչարյանից, Լևոնն էլ, Սերժն էլ գյուղատնտեսություն չեն սիրել, Նիկոլն էլ չի սիրում: Իրենք միայն սիրում են գյուղմթերք ուտել»,-ասում է ՀԿ նախագահը:

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930