Լրահոս
Օրվա լրահոսը

Մրցութային չափորոշիչների փոփոխությունը կատարվել է Օսիպյանի և Փաշինյանի իմացությամբ եւ ցուցումով. ՀՔԾ-ում առաջարկել են ղեկավարության դեմ «գործ տալ»՝ խոստանալով «ջրել» քրգործը. Արթուր Տոնոյան. «Հրապարակ»

Հունիս 30,2022 11:18

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն երեկ հայտարարեց Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանի նկատմամբ հարուցված քրեական գործի քննության ավարտի մասին։ Նրան մեղադրում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, որն արտահայտվել է ոստիկանությանը տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշ (ՏՄՀՀ) մատակարարող ռուսական ընկերության մուտքը շուկա խոչընդոտելու մեջ։

Գործով անցնում է նաեւ ոստիկանության տնտեսական վարչության պետի տեղակալը։

Արթուր Տոնոյանը երեկ մեզ ասաց, որ դեռ գործի նյութերը չի ստացել, եւ աղմկահարույց մանրամասներ ներկայացրեց այս պատմությունից։ Պատմեց, որ մրցութային չափորոշիչների փոփոխությունը կատարվել է ոստիկանապետ Վալերի Օսիպյանի ու Նիկոլ Փաշինյանի իմացությամբ եւ ցուցումով, որի արդյունքում է եվրոպական ընկերությունը հաղթել։ Եվ պատմեց, որ այն ժամանակ Հատուկ քննչական ծառայությունում իրեն առաջարկել են, որ իր ղեկավարության դեմ «գործ տա»՝ խոստանալով ջրել քրգործը, մերժել է։

«Ակնհայտ անհիմն եւ ապօրինի մեղադրանք են առաջադրել՝ իրականության հետ որեւէ աղերս չունեցող։ Պարզապես 2019 թ․ էյֆորիայի տակ ինչ-որ շոու ցանկացան անել։ Երկուսուկես տարի ես տանը նստած եմ եղել, ինձ մեկ անգամ նույնիսկ չեն կանչել եւ որեւէ խնդիր իմ առջեւ չեն դրել, հարցուպատասխան անգամ, թե սա ոնց է, նա ոնց է։ Մենք շատ լավ գիտենք, որ դեռեւս 2012-13 թթ․ սկսած՝ համարանիշների ինչ չափի կեղծումներ էին լինում թե՛ ՀՀ-ում, թե՛ Ռուսաստանում։ Եվ 20 եւ ավելի տարիներ այդ գերմանական կազմակերպությունն էր, որ համարանիշներ է միանձնյա մատակարարել Հայաստանին, եւ մենք միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքում ՃՈ-ում որոշում կայացրինք, որ պիտի համարանիշների վրա բաղադրիչ տարր ավելացնենք, այսինքն՝ համարանիշի դրոշի վրա ՀՀ զինանշանը, իսկ աջ անկյունում ոստիկանության զինանշանը պետք է լիներ։ Սա է եղել, որն այն ժամանակվա ոստիկանապետ Վալերի Օսիպյանը տարել՝ Նիկոլ Փաշինյանի հետ համաձայնեցրել է, եւ ասել են՝ իրականացրեք այդ գործընթացը։ Դրանից հետո մենք արդեն ներառել ենք տեխնիկական բնութագրում եւ գրություններ ենք ուղարկել ազգային ստանդարտ, որպեսզի փոփոխություններ լինեն»,- ասաց Արթուր Տոնոյանը։

Ի դեպ, ուշագրավ է նաեւ այն, որ թեեւ Արթուր Տոնոյանի լիազորությունները 2019-ից կասեցված են, սակայն նա մինչ այս պահը դեռ ՃՈ պետի տեղակալն է համարվում եւ պետբյուջեից ամեն ամիս աշխատավարձ է ստանում։

Տոնոյանն այլ ուշագրավ դրվագներ էլ պատմեց, թե ՀՔԾ-ում ինչ գործարք են առաջարկել իրեն։ «Երբ 2019 թ․ նոյեմբերի 20-ին ինձ հրավիրեցին ՀՔԾ, այդ ժամանակ ոստիկանության վրա գործեր կային՝ Պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություններ էր իրականացնում, եւ ՃՈ աշխատակիցներին բոլորին կանչում էին՝ որպես վկա։ Նոյեմբերի 20-ին ինձ հրավիրեցին՝ երեկոյան 6-ին, թե բա՝ մի քիչ զրուցելու բան կա։ ՀՔԾ ավագ քննիչ Արտակ Թադեւոսյանը նախաբանով սկսեց, բա՝ պարոն Տոնոյան, ես հասկանում եմ՝ մենք ոստիկանությանը մեծ  վնաս ենք տալիս, որովհետեւ բանիմաց ու երկարամյա աշխատողներից Դուք եք մնացել էնտեղ, բայց մենք որոշել ենք Ձեզ մեղադրանք առաջադրել։ Հետո ասում է՝ մի րոպե, ու ինձ մոտ է իջնում Խաչատրյան Սասունի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանը, բա՝ պարոն Տոնոյան, հասկանո՞ւմ եք՝ ինչի եմ էստեղ, ասում եմ՝ դե, գնդապետ եմ՝ համազգեստով, եկել եք, մեղադրանք եք անհիմն առաջադրում։ Բա՝ գիտե՞ք, էս մեղադրանքը կարող ենք հենց հիմա ճղել-գցել մի կողմ, որ սա չի էլ եղել, բայց դուք եկեք մեզ կոռուպցիոն սխեմաներ տվեք ոստիկանությունում՝ նախկին ոստիկանապետեր Գասպարյան Վովա, նախկին ՃՈ պետեր եւ այլն, եւ այլն։ Այսինքն՝ ինձ գործարք էին առաջարկում։ Ես էլ ասել եմ՝ ես կապ չունեմ ընդհանրապես ու ես նմանատիպ կոռուպցիոն սխեմաներից տեղյակ չեմ։ Դե, էդ դեպքում Ձեզ մեղադրանք ենք առաջադրում։ Ու գիշերը ժամը 1-ին, ոնց որ պետական հանցագործի՝ ինձ գնդապետի համազգեստով տարել են առաջին ատյանի դատարան, որտեղ դռնփակ նիստ են արել, ես նույնիսկ փաստաբան չեմ ուզել, եւ հաջորդ օրը ժամը 4-ին դատավորն առանց իմ երեսին նայելու, ասաց՝ կալանավորել, ու փախավ սենյակից։ Իհարկե, 25 օր հետո վերաքննիչ դատարանն ինձ ազատ արձակեց»,- պատմեց Արթուր Տոնոյանը՝ հիշեցնելով, որ ինքը 50 եւ ավելի իրավական ակտերի հեղինակ է ՃՈ ծառայությունների մատուցման ոլորտում։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930