Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Այս մաքսատան 5 աշխատողներ, բոլորը միասին բան չհասկանալով հայերեն գրքից, որոշեցին գործին ընթացք չտալ մինչև 78 գրքերը չստուգի ԱԱԾ-ն. Յազեջյան

Հունիս 30,2022 10:36

ՀՀ ՊԵԿ Արարատյան փող. 90/10 հասցեում գտնվող մաքսային ծառայության պատասխանատուներին,

Ի գիտություն՝ ՀՀ վարչապետին, ՀՀ ՊԵԿ նախագահին, ՀՀ Սփյուռքի գլխավոր հանձնակատարին, հայկական լրատվամիջոցներին Հայրենիքում եւ Սփյուռքում, աշխարհասփյուռ հայության

Երեկ, հունիսի 27-ին համապատասխան փաստաթղթերով ներկայացանք ձեզ՝ հույս ունենալով ստանալ իմ, քրոջս՝ Արաքսի Գրիգոր Եազըճեանի եւ նրա ամուսնու (երեքս էլ ՀՀ քաղաքացի) անունով ԱՄՆ-ից պարոն Վահագն Քյուփելյանի ուղարկած ընդհանուր գումարով 78 հատ գրքերը: Դրանց հեղինակը պարոն Քյուփելյանի մայրն է՝ սփյուռքում 20-րդ դարում շատ հայտնի գրող, խմբագիր եւ հասարակական գործիչ Սիրան Սեզան (1903-1973)՝ քույրը վաղամեռիկ բանաստեղծ Մատթեոս Զարիֆյանի:

Պարոն Քյուփելյանը իր միջոցներով Լոս Անջելեսում հրատարակել է իր մոր երկու գրքեր եւ դրանցից ԲԱԺԻՆ ՀԱՆԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԻ գրադարաններին եւ գրապահոցներին՝ գրքերի ստացումն ու դրանք հասցեատերերին հասցնելը վստահելով ինձ: Անցյալ սեպտեմբերին նա տիկնոջ հետ եկավ ՀՀ եւ մոր ամբողջ արխիվը նվիրեց Ե. Չարենցի անվան Գրականության եւ արվեստի թանգարանին: Քաջալերված ջերմ ընդունելությունից է, որ նա որոշեց իր հրատարակած այդ երկու գրքերից օրինակներ հասցնել ՀՀ եւ Արցախի գլխավոր գրադարաններին եւ գրական կառույցներին: Ըստ երեւույթին՝ նա աններելի մեղք գործեց:

Ձեր աշխատակից, ՀՀ ՊԵԿ ԱՄՎ բացթողնման բաժնի գլխավոր մասնագետ պարոն Սահակյանը իմ եւ ընկերոջս ներկայությամբ երեկ բացեց երեք արկղները, եւ տեսնելով, որ ընդամենը երկու անուն են 78 գրքերը, կասկածեց, թե դրանք ՀՀ են բերվել վաճառքի համար (?!?!) եւ վերոնշյալ երեք անձերի անունից կազմեց արձանագրություն՝ ուղղված Զվարթնոց բեռնային տերմինալին, որպեսզի այնտեղի մաքսավորները գրքերը գնահատեն եւ ի հարկին մաքս սահմանեն:

Այս մոտեցումը վիրավորական էր. մարդիկ սփյուռքում հայերեն գիրք տպեն իրենց միջոցներով, դրանք Հայրենիք հասցնեն իրենց միջոցներով՝ ԱՆՎՃԱՐ ԲԱԺԱՆԵԼՈՒ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԳՐԱՊԱՀՈՑՆԵՐԻՆ, եւ ելնել դրանց համար մաքս պահանջել: Մի կերպ կուլ տվեցինք այս անպատվությունը, եւ իմ քրոջից ու նրա ամուսնուց լիազորագիր ստանալով, ընկերոջս հետ գնացի Զվարթնոց տերմինալ: Այստեղ մեզ ավելի ստոր անակնկալ էր սպասում: Այս մաքսատան ՀԻՆԳ ԱՇԽԱՏՈՂՆԵՐ, գլուխ գլխի տված, բոլորով միասին ԲԱՆ ՉՀԱՍԿԱՆԱԼՈՎ ՀԱՅԵՐԵՆ ԳՐՔԻՑ, իսկ Սեզայի անունը կյանքում լսած իսկ չլինելով, որոշեցին գործին ընթացք չտալ մինչեւ այդ գրքերը չստուգի ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը:

Ա՛յ քեզ բան… ՀՀ այս ծանրակշիռ պայմաններում ԱԱԾ-ի աշխատողները կարծես գործ-բան չունեն եւ պետք է երկու վեպ կարդան, ինչ է թե մի քանի մաքսավոր ՏԳԵՏՆԵՐ բան չեն հասկանում հայերեն գրքից ու գրականությունից:

Մերժելով մերժում ենք գրքերը ԱԱԾ ներկայացնել մի քանի պատճառներով.

– Որքան գիտենք, դա ԱԱԾ-ի գործառույթների մեջ չի մտնում:

– Գրքի բոլոր օրինակները պահվում են ձեր պահեստում, հետեւաբար ի՞նչը ներկայացնենք ԱԱԾ-ին: Մի պահ ենթադրելով, թե համաձայնվեցինք ԱԱԾ-ն խառնելու այս գործին եւ դուք էլ գրքերից մեկական օրինակ շնորհեցիք մեզ, մինչեւ ԱԱԾ-ում կկարդան երկու վեպերը եւ դրանք հավանաբար կթույլատրեն՝ պահեստավորման գումարը կարող է հասնել կես միլիոն դրամի կամ ավել գումարի, որը վճարելու տրամադիր չենք ոչ մի դեպքում:

– Մերժելով մերժում ենք գրաքննության ամենադույզն իսկ դրսեւորում ՀՀ-ում: ՀՀ Սահմանադրության առաջին հոդվածը հայտարարում է, որ ՀՀ-ը ժողովրդավարական երկիր է, իսկ այդպիսի երկրներում ԲԱՑԱՌՎՈՒՄ Է գրաքննությունը:

– ՀՀ Լեզվի մասին օրենքում ՀՍՏԱԿ ԳՐՎԱԾ Է, որ ՀՀ-ն խրախուսում է հայոց լեզվով գրականությունը: Մի՞թե այսպես է այդ խրախուսանքը՝ մաքս պահանջել, ՀՀ-ի նկատմամբ հայերեն գիրք հրատարակողների հավատարմությանը կասկածել, տարիքով ու վաստակով մարդկանց ֆուտբոլի գնդակի նման այստեղից այնտեղ նետել…

Խորհրդակցելով պարոն Վահագն Քյուփելյանի եւ Սեզայի արխիվն ու խնդրահարույց գրքերը Երեւան հասցնելու աշխատանքում նրա գործակիցների հետ – որոնք հույժ վրդովվեցին իմանալով այս խայտառակությունը – հանգեցինք հետեւյալին.

Բարձր գնահատելով մեր անձնական արժանապատվությունը, այլեւ Սիրան Սեզայի պայծառ հիշատակը,

ԳՐՔԵՐԸ ՀԵՏ ՉԵՆՔ ՎԵՐՑՆՈՒՄ ՁԵՐ ՊԱՀԵՍՏԻՑ, ԴՐԱՆՔ ՁԵԶ ԵՆՔ ՆՎԻՐՈՒՄ՝ ՀՈՒՍԱԼՈՎ ՈՐ ԴՐԱՆՔ ՇՈՒՏՈՎ ՉԵՆ ՀԱՅՏՆՎԻ … ԶՈՒԳԱՐԱՆՈՒՄ, այլ ՀՀ մաքսային ծառայության հայ գրականության մասնագե՜տ աշխատողներից ոմանք դրանք կկարդան կամ գոնե կթերթատեն եւ մի բան կսովորեն:

Նաեւ որոշել ենք աշխարհով մեկ տարածել այս խայտառակության փաստը՝ տհաճ հետեւանքների համար պատասխանատվությունը թողնելով այս անամոթ ու ՀՀ պետական ծառայողին անվայել վարքագծի հեղինակների վրա:

Կեւորկ Քրիքորի ՅԱԶԵՋՅԱՆ

Երեւան,

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930