Ամեն անգամ, երբ տեղի է ունենում հեղափոխություն, ինչ-որ մի ժամանակաշրջան «հինը եւ նորը» ապրում են կողք-կողքի: Ընդ որում՝ խոսքը ոչ միայն հասարակարգերի հայտնի փոփոխությունների մասին է, այլ հոգեւոր, տեկտոնիկ տեղաշարժերի: Օրինակ, երբ Քրիստոնեությունը փոխարինում էր հեթանոսությանը: Կամ, երբ բողոքականությունը կռիվ էր տալիս կաթոլիկության դեմ, որն այդ պարագայում կարողացավ ապացուցել իր պատմական կենսունակությունը: Ոչնչացնե՞լ հինը (ասենք, անտիկ շրջանի փիլիսոփաների գործերը՝ համարելով դրանք հեթանոսական), թե՞ վերցնել դրանք ապագա կյանքի համար՝ ինչպես եւ, ի վերջո, արեցին քրիստոնեական հեռատես մտածողները: Նաեւ, ի դեպ, արաբները, որոնց թարգմանությունների շնորհիվ պահպանվել էին, մասնավորապես, Արիստոտելի շատ գործեր, ինչով նրանք մեծ ծառայություն մատուցեցին Եվրոպայի հոգեւոր կյանքին: Տրամաբանական է, որ այս հարցերում ավելի գերադասելի է զգուշավոր պահպանողական մոտեցումը:
Հիմա էլ մենք, խոշոր հաշվով, հեղափոխական շրջանում ենք ապրում: 1991 թվականին քանդվեց Սովետը, եւ սկսվեց «Հետսովետը»՝ կոռուպցիայով, կեղծված ընտրություններով, իշխանությունների ամբարտավանությամբ, իրենց հարստության վրա զարմացած օլիգարխներով: 2018 թվականին «Հետսովետը» չքանդվեց, բայց ուժեղ հարված ստացավ եւ խորը, անվերականգնելի ճաքեր տվեց:
Խոսքը ներկա իշխանությունների կասկածելի որակների մասին չէ: Անկախ այդ որակներից՝ ակնհայտ է, որ հասարակության զգալի մասը, հատկապես նրանք, ովքեր 40 տարեկանից ավելի երիտասարդ են, չեն ուզում ապրել «Հետսովետի» պայմաններում, եւ դրա մասին միանշանակորեն հայտարարել են 2018-ին: Խոսքը նաեւ «ներկաների եւ նախկինների» մասին չէ, երկուսի մեջ էլ առկա է մերժելի հինը, այսինքն՝ «Հետսովետը»: Բայց ներկա իշխանությունը եւ ներկա ընդդիմությունը այսօր կան, վաղը՝ չկան: Եթե նայենք պատմական գործընթացին՝ կիրառելով փոքր-ինչ ավելի մեծ մասշտաբ, կարելի է ասել, որ «Հետսովետը» հեռանում է՝ իր տեղը զիջելով հասարակության կազմակերպման ինչ-որ նոր ձեւի:
Թե ինչպիսին կլինի այդ ձեւը՝ առայժմ դժվար է ասել: Շատ բան կախված է նրանից, թե ինչ ենք մենք հետներս վերցնելու այդ անորոշ ապագայի համար: Պարզ է, որ կոռուպցիան եւ մնացած վերը թվարկած արատները չենք ուզում վերցնել: Բայց անցյալում եղած ամեն ինչ մերժելը, այն ամենը, ինչ ստեղծվել է, փորձարկվել է 1918 թվականից ի վեր, դեն շպրտելը, նույնպես սխալ կլիներ: Անցումային շրջանում պետության ինստիտուցիոնալ հիշողությունը խիստ կարեւոր է: Նման մոտեցումը ներկա իշխանության համար խորապես խորթ է, եւ դա բացատրելի է: Նրա վարկանիշը հիմնված է ներկայիս ակտիվ ընդդիմության հակավարկանիշի վրա: Բայց, բացի այդ մարտավարական մոտեցումից, կա նաեւ ռազմավարական մտածելակերպ, որը, կրկնեմ, պետք է լինի, չափավոր պահպանողական:
Կարդացեք նաև
Այդ առումով իմ սերունդը, քանի, այսպես ասած, «ոտի վրա է», դեռ շատ անելիքներ ունի:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Իմ սպասումներն շատ ավելի վատ ու ֆանտաստիկ են, որ երբ դրանք չեն իրականանում, զարմանում եմ եւ ուրախանում: Օրինակ, սպասում էի, որ մեր մեջ քաղաքացիական կռիվ կգցեն, հետո ռուսներն իրենց եղբայր թուրքերի հետ կգան ու մեզ կբաժանեն, որ իրար չուտենք, ձեռի հետ էլ կմնան իրենց խաղաղապահ ուժերով մեր երկրում, որ իրար չվնասենք, դա չեղավ ու շատ շնորհակալ եմ բոլոր գործող ուժերից, որ նման սցենար չիրացրին, իհարկե, առաջին հերթին մեր ժողովրդի շնորհքն էր, որ առիթ չտվեց նման սցենարի իրականացմանը: Մյուս այլանդակ սցենարը, դա հայաստանցի ղարաբաղցի ատելության սերմացումն էր եւ էլի քաղաքացիական պատերազմի հրահրումը այն ողբերգության սցենարով, որը հիմա ռուս ուկրաինական քաղաքացիական պատերազմն է, էլի բախտներս բերել է, մեզ իրար հանդեպ ատելություն սրսկել չստացվեց, էլի մեր սիրելի ժողովրդի շնորհքն է:
Հա, բայց տերտերը հո միշտ հաց ու պանիր չի ուտի, մենք պրոֆիլակտիկ կանխարգելիչ միջոցներ հնարե՞լ ենք եւ կիրառո՞ւմ ենք, սա արդեն ժողովուրդը չի, որ պետք է հնարի ու կիրառի, դա պետք է հնարի ու կիրառի մեր ժողովրդի մտածող արարչագործ խավը: Օրինակ, ոչ մի երաշխիք չկա, որ վաղը հայ վրացական կռիվ չեն գցի, մենք վրացիների հետ այսօր համատեղ ի՞նչ ենք անո՞ւմ, որ նման սցենարի դեպքում ռուս ուկրաինացի ժողովուրդների օրը չընկնենք՝ կտրվում է այնտեղ, որտեղ բարակ է: Չկան թշնամի ժողովուրդներ, կան թշնամի կառավարություններ, որոնք թքած ունեն եւ իրենց ժողովրդի վրա եւ առավել եւս ուրիշ ժողովուրդների վրա: Ո՞վ պետք է պաշտպանի ժողովուրդներին իրենց հակաժողովրդական կառավարություններից, ընդդիմությունը նույն կառավարության մասն է կազմում, մնում է վերը նշված ժողովուրդների մտածող արարչագործ խավը: Մենք ոչ թե մտածենք մտնենք որեւէ հզոր երկրի հետ դաշինքի մեջ՝ լինի ռուս, պարսիկ, բյուզանդացի 🙂 թե նատո, այլ միավորվել մեր հարեւան վրացիների հետ եւ ռազմավարական դաշինք կազմել եւ դա անել ոչ թե կառավարական մակարդակով, այլ հենց մեր մտածող արարչագործ խավերով: