Լրահոս
Օրվա լրահոսը

2008թ. խաղողի այգու վրա դրված արգելանքի գործը դեռ դատարանում էր

Հունիս 30,2022 14:30

«Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք։ Ոչ ոքի չի կարելի զրկել նրա գույքից, բացառությամբ ի շահ հանրության եւ այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով։ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը թե քաղաքացիական եւ թե քրեական գործերով երաշխավորում են արգելադրված գույքի սեփականատիրոջ կամ այլ օրինական տիրապետողի իրավունքների պաշտպանությունը նաեւ այն դեպքում, երբ գործով վարույթն ավարտվել է։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի «քաղաքացիական իրավունքների պաշտպանության եղանակները» վերտառությամբ 14-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ կետերով սահմանվում է, որ քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է` իրավունքը խախտող կամ դրա խախտման համար վտանգ ստեղծող գործողությունները կանխելով։ Գույքի վրա դրված արգելանքը վերացնելու պահանջի մասին ՀՀ քննչական կոմիտեի դեմ դատական հայցերն անպակաս են: Այս տարվա հունվարին, փետրվարին դատարան էին դիմել նման պահանջով Գայանե Առուշանյանը, Օշին Եղիազարյանցը (նաեւ՝ ի դեմս ՀՀ ազգային պատկերասրահի), Ռոման Բադալյանը, Հասմիկ Խաչատրյանը…

Ուսումնասիրելով վարչական դատարանում առկա գործերը, պարզեցի, որ 2006 թվականից էլ գործ կար, ընդդեմ քննչական կոմիտեի տարածքային բաժանմունքի, որի վերաբերյալ դատական ակտ կայացվեց միայն վերջերս՝ այս տարվա մայիսի 13-ին: Հայցվոր Գայանե Առուշանյանն այս տարվա հունվարին դիմել էր վարչական դատարան, հայտնել, որ Էջմիածնի քննչական բաժանմունքի կողմից 2006թ. հարուցված թիվ 57105906 քրեական գործի շրջանակներում քննիչ Ա. Մարտիրոսյանի կողմից 2006թ. հոկտեմբերի 25-ին կայացվել է որոշում՝ կալանք դնել անչափահաս որդու դեմ գործով թե իր, թե իր ընտանիքի անդամներ Զ. եւ Ք. Առուշանյանների անվամբ գրանցված 800 քառ. մետր խաղողի այգու` Գայանե Առուշանյանի բաժնեմասի վրա։ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի 19.01.2007թ. թիվ 1-10 դատավճռով Առուշանյանի անչափահաս որդին դատապարտվել է 2 տարի ազատազրկման՝ պատճառված վնասի հատուցումով հօգուտ «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի։ Դատավճռով դատարանը ամբաստանյալների եւ նրանց ծնողների գույքի վրա դրված կալանքը թողել է անփոփոխ։ Նշյալ ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի 16.09.2021թ. գրությամբ հայտնվել էր, որ Առուշանյանների կողմից պարտավորությունների կատարման պահանջ չունի, վնասը հատուցվել է, կատարողական վարույթը ենթակա է կարճման։ Վարչական դատարանն արձանագրել էր. «Ներկայումս Արմավիրի մարզի Թաիրով գյուղում գտնվող 800քառ. մետր խաղողի այգու վրա պահպանվել է 2006թ. թիվ 57105906 քրեական գործով քննիչի կողմից դրված կալանքը, ինչն արդեն առարկայազուրկ է: Հայցվոր Գայանե Առուշանյանի կողմից կատարվել է իր վրա դրված պարտավորությունները, ինչի արդյունքում վերջինս ցանկանում է ազատել իր գույքն արգելանքից եւ տնօրինել, տիրապետել եւ օգտագործել այն իր հայեցողությամբ»։ Գործի վարույթն ի վերջո կասեցվել է:

Հայկազ Սարգսյանը 2022թ. ապրիլի 19-ին հայցադիմում է ներկայացրել ՀՀ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ ՀՀ քննչական կոմիտեի՝ գույքերի վրա դրված արգելանքները վերացնելու պահանջի մասին:

Հայցադիմումը եւ կից փաստաթղթերը դատավորի աշխատակազմին են տրամադրվել 2022թ. ապրիլի 22-ին: Այն մայիսի տասներեքի որոշմամբ ընդունվել է վարչական դատարանի վարույթ, դատավորն է Գ. Վարդանյանը:

Հայցադիմումի պահանջը հետեւյալն է. «Վերացնել թիվ 83159411 քրեական գործով ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ վարչության պետի տեղակալ Ա. Հակոբյանի կողմից 07.04.2014թ. կայացված գույքերի վրա կալանք դնելու մասին որոշմամբ հայցվոր Հայկազ Սարգսյանի գույքերի վրա դրված արգելանքները, որոշակի չէ եւ ունի հստակեցման կարիք, մասնավորապես՝ պարզ չեն այն գույքերի (անշարժ եւ/կամ շարժական) շրջանակը, որոնց վրա դրված արգելանքները՝ ներկայացված հայցադիմումի հիման վրա հարուցված քաղաքացիական գործի շրջանակներում, ենթակա են վերացման»: Ուշադրություն դարձրեցիք, չէ՞, թե որ թվականից է արգելանքը դրվել գույքի վրա:

Պարգեւ Սարգսյանի ներկայացուցիչ Արթուր Սարգսյանը 2021 թվականի հոկտեմբերի 29-ին հայցադիմում է ներկայացրել ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ ՀՀ քննչական կոմիտեի՝ գույքը արգելանքից հանելու պահանջի մասին: Այս գործով էլ պատկերը հետեւյալն է: Հայցվորի ներկայացուցիչը հայտնել է, որ Լոռու մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Ս. Սերոբյանի վարույթում գտնվող թիվ 53200112 քրեական գործի շրջանակներում 2014 թ. օգոստոսի 7-ին Պարգեւ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել: Օգոստոսի 17-ին Լոռու մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Ս. Սերոբյանը որոշում է կայացրել գույքի վրա կալանք դնելու մասին, կալանք է դրվել Պարգեւ Սարգսյանի անշարժ գույքի եւ տրանսպորտային միջոցների վրա: Դատարանի նույն թվականի դեկտեմբերի 18-ի դատավճռով Պարգեւ Սարգսյանի նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում 9 ամիս ժամկետով եւ տուգանք 600 000 ՀՀ դրամ, համայնքային ծառայությունում եւ պետական մարմիններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 1 տարի ժամանակով: «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 03.10.2013 թվականի որոշմամբ վերջինս ազատվել է հիմնական պատժի կրումից: Դատարանը նշված ակտով չէր անդրադարձել Պ. Սարգսյանի գույքի վրա դրված կալանքի հարցին եւ գույքը ութ տարի է՝ գտնվում է կալանքի տակ:

Քննիչի որոշումը փաստորեն վերացված չէ եւ այդ որոշմամբ հայցվորի գույքի նկատմամբ կիրառվել է սահմանափակում: Այս գործով մարտին տարածքային դատարանը բավարարել է հայցապահանջը, վերացրել արգելանքը:

Հետաքրքիր գործ էր նաեւ «Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց» ՊՓԲ ընկերության՝ ընդդեմ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի` գույքն արգելանքից հանելու պահանջի մասին գործը: ՀՀ Կադաստրի կոմիտեի 2021 թվականի սեպտեմբերի 2-ի որոշմամբ տեղեկանում ենք, որ «Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց» ՊՓԲԸ-ին պատկանող մարզ Լոռի, համայնք Վանաձոր ք., Պ. Սեւակի փողոց 51 հասցեի գույքի նկատմամբ կիրառված կալանքը ներկայացված դատարանի վճռով չի վերացել:

Դատարան էին ներկայացվել ՀՀ Լոռու մարզպետի 2021 թվականի մայիսի 10-ի թիվ 230-Ա որոշման պատճենը, Պետական միասնական գրանցամատյանից 2021 թվականի սեպտեմբերի 17-ին տրված քաղվածքի պատճենը, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության կանոնադրության 2021 թվականի սեպտեմբերի 14-ին կատարված փոփոխության համապատասխան էջերի պատճենները եւ Պետական միասնական գրանցամատյանից 2019 թվականի հուլիսի 12-ին տրված քաղվածքի պատճենը, համաձայն որոնց՝ «Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց» ՊՓԲ ընկերությունը վերակազմակերպվել է՝ միացվելով «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությանը, նրա գործունեությունը միացման եղանակով դադարեցվել է: Վանաձորի բժշկական կենտրոնը, որը հանդիսանում է Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի իրավահաջորդը: Մինչդեռ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործի քննության ընթացքում հայցվորի փոխարինում չի թույլատրվում, բացառությամբ իրավահաջորդության դեպքերի: Միջնորդությամբ հայցվորը խնդրել է թույլատրել հայցի հիմքի առարկան լրացնել: Հայցվորը գույքը տնօրինելու, տիրապետելու հետ կապված խոչընդոտները վերացնելու նպատակով պահանջում է վերացնել «Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց» պետական ՓԲ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Պարույր Սեւակի փողոց, 51 շենքի նկատմամբ ՀՀ ՊԵԿ քննչական վարչության ավագ քննիչ Հ. Կատվալյանի թիվ 83158410 քրեական գործով 2010 թվականի հուլիսի 28-ի որոշմամբ կիրառված արգելանքը, գույքի վրա կալանք դնելը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.06.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930