Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովուրդը կատարյալ սովի մեջ է, իսկ մի քանի հազար հոգի նրա հաշվին միլիարդներ են սարքում

Հունիս 30,2022 14:00

Աշխարհը խառնվել է իրար, այն վերածվել է կատարյալ պղտոր ջրի, որտեղ ճարպիկները հեշտորեն ձուկ են որսում՝ միլիարդներ են սարքում: Իհարկե, միշտ էլ երկրագնդի վրա տարբեր պետությունների միջեւ տեղի են ունեցել պատերազմներ եւ բազմապիսի այլ հակամարտություններ, որոնց պարագայում ստեղծվել են համեմատաբար քաոսային իրավիճակներ, արդյունքում՝ հազարներով մարդիկ մեծ փողեր են կուտակել, քանզի նմանատիպ մարդկանց նպատակը միայն մեծ փողեր կուտակելն է, իսկ այդ հակադրությունների արդյունքը նրանց չի հետաքրքրել: Իսկ այս օրերին, երբ աշխարհում սկսվել է Ռուսաստան-Արեւմուտք լայնածավալ պատերազմը, դրա հետեւանքով շատ ավելի լայնածավալ է դարձել պղտոր ջրերի տարածքը եւ, հետեւաբար, այդ ջրերում հսկայական քանակի ձուկ որսալու հնարավորությունը: Հերն անիծած, թե սարսափելի մեծ թվով զոհեր են տրվում, նրանց համար կարեւորը պղտոր ջրում հնարավորինս շատ ձուկ որսալն է: Թողնենք աշխարհը եւ անցնենք Հայաստանին, որտեղ գրեթե նույն իրավիճակն է:

Այսօր մարդկանց երկու շերտ է ապրում Հայաստանում՝ մի քանի հազար հոգի մեծահարուստներ եւ հարուստներ, իսկ մոտ 90 տոկոսից ավելի աղքատ ու ծայրահեղ աղքատներ: Իհարկե, սրանց արմատները հիմնականում գալիս են 90-ականների սկզբից, երբ սկսվեց «սեփականաշնորհում» կոչվող թալանը: Նմանատիպ թալանը՝ կոռուպցիան եւ կաշառակերությունը տարաբնույթ դրսեւորումներով շարունակվում է մինչ այսօր ու այն, որ հաճախ ասվում է, որ ժողովրդին բաժանել են «սեւերի» ու «սպիտակների», դա միայն քաղաքական տարբաժանում չէ, այն նաեւ ունեւորության գնահատում է. աղքատները հիմնականում սեւերն են՝ չհաշված որոշ բացառություններ, իսկ հարուստները՝ հիմնականում սպիտակներն են՝ դարձյալ որոշակի բացառություններով:

Չէի ցանկանա խոսել վերջին 30-34 տարիների իրադարձությունների մասին, սակայն չեմ կարող չխոսել արցախյան վերջին պատերազմից մինչեւ օրս ընկած ժամանակահատվածի մասին: Թե ինչ կորուստներ ունեցանք այդ պատերազմում, դրա մասին շատ է խոսվել, սակայն ինչ հանգամանքներում եղավ այդ ամենը, ուզում եմ մի քանի բառով անդրադառնալ դրան: Բացի այն, որ Արցախի եւ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունները շատ վատ կառավարեցին այդ պատերազմը, որի մասին եւս շատ է բարձրաձայնվել, պարզվեց, որ այդ ճակատագրական պատերազմում, որի որոշիչ լինելը դժվար է գերագնահատել, զինվորականների եւ կամավորականների որոշակի խմբեր ու անհատներ պատերազմական իրավիճակը տարաբնույթ ճանապարհներով օգտագործում էին գումարներ աշխատելու համար, թքած, թե այդ ամենը մեզ ուղիղ գծով տանում էր պարտության:

Այդ խմբերից հատկապես հիշատակման արժանի են դավաճանները, դիրքերը եւ իրենց ենթակայության տակ գտնվող զինվորներին լքողները, բացահայտ սխալ ճանապարհներով նրանց կրակի բերան մղող ու վախից փախչող հրամանատարները եւ նմանատիպ շատ այլ՝ իրենց կաշվի վրա դողացող դավաճանները, որոնց դավաճանության հետեւանքով ունեցանք հազարավոր զոհեր, վիրավորներ, անհետ կորածներ ու գերիներ, որոնց մի մասը առ այսօր Բաքվի բանտերում են: Մեծ հաշվով, այս ամենը արվել է հանուն փողի: Ինչ անուն կարելի է տալ ազգությամբ հայ այն տականքներին ու դավաճաններին, որոնց օգնությամբ օրական՝ միջինը մոտ 100 մատղաշ զինվոր էր զոհվում:

Ինչպես կարելի է զարմանքից ապուշ չկտրել, երբ կողքիդ ազգակիցը հանուն մի քանի կոպեկի կարող է զոհաբերել հայրենիքի համար կյանքն անգամ չխնայող մատղաշ՝ հերոս հայ տղաներին, ովքեր միամտաբար ու պարտադրված վստահել եւ կատարել են այդ ծախված վիժվածքների հրամանները: Մի՞թե նման ճակատագրական, դաժան պատերազմում կարող ես մտածել, որ կողքիդ զինակիցը դավաճան է եւ հանուն մի քանի գրոշի պատրաստ է վաճառել հայրենիքը: Գազանը երբեք չի ծախում իր հոտի անդամին, հնարավոր եւ անհնար վիճակներում միմիայն օգնում է նրան: Մեր աչքերի առջեւ դավաճանում, ծախում եւ առանց խղճի խայթի սպանում ենք մեր անմեղ հերոս երեխաներին… Դրանց արարքներին կարելի է միլիոնավոր գնահատականներ տալ, սակայն վիրավորանքից սիրտս ճմլվում է եւ չեմ կարող շարունակել…

Անգամ ճակատագրական պատերազմների ժամանակ, սրանք մի քանի կոպեկի համար կարող են վաճառել իրենց ընտանիքների սրբությունները …

Դե, եթե ազգիս մեջ նմաններն են, ապա ինչու պետք է զարմանանք, որ նույն ժողովրդի մի փոքր մասն անողոքաբար թալանում է ողջ ժողովրդին ու նրանց մատնում սովի:

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
ՀՀ Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

Ա -Հրապարակումը պատրաստ էր հրապարակման, երբ ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց հերթական դավաճանության գործով: Ձերբակալվածը «ok.ru» սոցիալական ցանցի միջոցով ծանոթանալով օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հետ, հավաքագրվել է նրա կողմից, որից հետո 2.000.000 ՀՀ դրամ վարձատրություն ստանալու խոստման դիմաց նկարելու եւ «Վոթսափ» հավելվածով ուղարկելու, ինչպես նաեւ նույն հավելվածով պարբերաբար տեսազանգեր կատարելու ու հաղորդագրություններ ուղարկելու միջոցով հավաքել եւ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչին է փոխանցել իրենց զորամասի շենքերի եւ շինությունների, սպառազինության, ռազմական զրահատեխնիկաների, մարտական ու տրանսպորտային մեքենաների քանակի եւ տեսակների վերաբերյալ տվյալներ, լուսանկարներ:

«Առավոտ» օրաթերթ
29.06.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930