Լրահոս
Օրվա լրահոսը

Վերականգնված «Տրավիատայի» անակնկալից մինչեւ բալետի պրեմիերա

Հունիս 30,2022 13:30

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը, հավատարիմ մնալով ընթացիկ թատերաշրջանի սկզբում որդեգրած սկզբունքին, այն է՝ տարիների լռությունից հետո հանդիսատեսին «վերադարձնել» ինչ-ինչ պատճառներով խաղացանկից դուրս մնացած բեմադրությունները, օրերս ներկայացրեց Վերդիի «Տրավիատա» օպերան, ապա Ռախմանինովի մեկ գործողությամբ «Ալեկո» օպերային ու «Սիմֆոնիկ պարեր» բալետային ներկայացումները։ Օպերաների վերականգնման համար թատրոնը Ռուսաստանից հրավիրել էր անվանի օպերային ռեժիսոր Իրկին Գաբիտովին, որը 2005-ին մեր թատրոնում իրականացրել էր «Ալեկոն»։ Ինչ վերաբերում է «Տրավիատային», այն 2011-ին բեմադրել էր մեծանուն Գեղամ Գրիգորյանը։ Գարնանը, երբ Իրկին Գաբիտովը իր օպերայի վերականգնման բանակցություններն էր վարում Երեւանի օպերային թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Դուրգարյանի հետ, մեզ հետ զրույցում ասաց, որ բանակցությունների արդյունքում մեծ սիրով պարտավորվել է վերականգնել, իր խոսքերով՝ եղբոր՝ Գեղամ Միհրանիչի բեմադրությունը նույնպես, նաեւ առանց մանրամասնելու հայտնել, որ մեծ անակնկալ է սպասվում հայ հանդիսատեսին՝ «Տրավիատայի» մասով։

«Տրավիատա»

Ներկա գտնվելով «Տրավիատայի» գլխավոր փորձին, դեռ վարագույրը չբացված, պարզվեց, թե որն է անակնկալը. դիրիժորական վահանակի մոտ էր Գեղամ Գրիգորյանի որդին՝ Վարդան Գրիգորյանը (գլխավոր լուսանկարում) եւ դա նրա դեբյուտն էր։ Ներկայացմանը իբրեւ մեներգիչներ ընդգրկված էին թատրոնի լավագույն ձայները։ Մի ոչ պակաս կարեւոր հանգամանք եւս. թարմացված էին նաեւ զգեստները։ Մենք հիշեցինք տարբեր առիթներով մեր զրույցները Գեղամ Գրիգորյանի հետ, որը չէր թաքցնում հուզմունքը, երբ հետաքրքրվում էինք դստեր՝ այսօր արդեն հեղինակավոր թատրոնների ցանկալի հյուր Հասմիկ Գրիգորյանի կարիերայով։ Իսկ որդու մասին խոսելիս մշտապես նույն բանն էր ասում՝ Վարդանի անունը դեռ կլսեք։ Մենք ոչ միայն լսեցինք նրա անունը, այլեւ ներկայացման ավարտից հետո հնչող բրավոները, որ ուղեկցվում էին «կեցցես, Վարդան» բացականչություններով։

«Ալեկո»

Ռախմանինովի «Ալեկո»-ին նույնպես երկար էր սպասել մեր հանդիսատեսը, որի վկայությունն էր լեցուն դահլիճը։ Իհարկե, հիանալի անցավ ներկայացումը, որը ղեկավարում էր մաեստրո Կարեն Դուրգարյանը։ Հերթական անգամ մեզ պարզապես զարմացրեց մեր հանդիսատեսի պատրաստվածության աստիճանը, ինչի մասին մշտապես հայտնել են հյուրախաղորդ շատ երաժիշտներ։ Այս անգամ ներկայացումից հետո ականջալուր լինելով հանդիսատեսին, գոհունակության խոսքերից բացի, զարմանքով լսեցինք, որ Ռախմանինովի դիպլոմային այս աշխատանքը ըստ էության երաժշտական մեկնաբանություն է՝ հիմնված Պուշկինի սյուժեի հիման վրա, փաստորեն այն ժամանակ առկա խնդիրները շարունակում են այսօր էլ մնալ արդիական։ Նկատի ունեին մարդկանց փոխըմբռնումը, սոցիալական կարգավիճակը, ազատության ձգտումը, սոցիալական դիրքը…

«Սիմֆոնիկ պարեր»

Ինչ վերաբերում է Ռախմանինովի «Սիմֆոնիկ պարեր» սյուիտի բալետային ներկայացմանը, այն իրականացվել է Արա Ասատուրյանի խորեոգրաֆիայով։ Երեւանի օպերային թատրոնի պատմության ընթացքում այն ներկայացվեց առաջին անգամ։ Ներկայացմանը ներկա որոշ մասնագետների համոզմամբ՝ այս սյուիտում կարելի է հետեւել մարդկության հոգեւոր որոնումների, կանխորոշման եւ կեցության թուլության հավերժական թեմաներին։ Դրանք այն հարցերն էին, որոնք անհանգստացնում էին կոմպոզիտորին ողջ կյանքի ընթացքում, բայց կարողացան հստակ ձեւավորվել երեք մասից բաղկացած մեկ երաժշտական պատկերում։

Դարձյալ անդրադառնանք հանդիսատեսից լսածին. նրանք բարձրարվեստ գնահատելով ներկայացումը, նշում էին, որ այն առաջին անգամ Խարկովի օպերային թատրոնում բեմադրել է բալետմայստերի հայրը՝ Աշոտ Ասատուրյանը, որ 1990-ից սկսած մինչեւ 97թ. զբաղեցրել է Խարկովի թատրոնի գլխավոր բալետմայստերի պաշտոնը։ Դրանից բացի, աշխարհի ոչ մի թատրոն բալետային ձեւաչափով չի անդրադարձել «Սիմֆոնիկ պարերին»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.06.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930