Սկիզբը՝ այստեղ:
Փոխվստահելի հարաբերություններ՝ ռուս-ադրբեջանական դաշնակցային եւ «միջազգային տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում» համաձայնագրերի ոգուն ու տառին համապատասխան
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն անցյալ շաբաթ Բաքվում էր, որտեղ հանդիպումներ ունեցավ Ադրբեջանի նախագահի եւ արտգործնախարարի հետ: Բաքվի հանդիպումների օրակարգում էին 2020թ. նոյեմբերի 10-ի, 2021թ. հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ համաձայնագրերի իրականացումը եւ ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացումը։
Սա Լավրովի առաջին այցն էր Բաքու՝ փետրվարին Ադրբեջանի նախագահի Մոսկվա կատարած, ինչպես Բաքուն ու Մոսկվան էին բնորոշում՝ «պատմական» այցից հետո: Հիշեցնենք, որ Ուկրաինայում պատերազմի նախօրեին Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիեւը ստորագրեցին մի շարք համաձայնագրեր, որոնց համաձայն՝ երկու երկրների միջեւ հարաբերությունները հայտարարվեցին դաշնակցային։
Կարդացեք նաև
Լավրովը Բաքվում էր, փաստացի, Մոսկվայի հետեւյալ դիրքորոշմամբ՝ ՌԴ-ն թույլ չի տալու, որ արտաքին ուժերը, այսինքն՝ Միացյալ Նահանգները, «խաթարեն Հարավային Կովկասի խաղաղությունն ու կայունության վերականգնման Մոսկվայի ջանքերը»։
Բաքվում Լավրովը ուշագրավ նորություն հայտնեց՝ Մոսկվան պատրաստ է աջակցել Բաքվին եւ Երեւանին՝ սահմանի սահմանազատման եւ սահմանագծման հստակեցման հարցում, եւ ունի կոնկրետ առաջարկներ։ Լավրովը նաեւ խոստացել էր հասնել տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը՝ նկատելով, որ այդ ուղղությամբ առաջընթաց կա: Նա հավելել էր, որ իրենք այդ հարցի շուրջ խորհրդակցություններ են անցկացնում Հայաստանի հետ:
Չնայած Ալիեւի մոտ առկա որոշակի պեսիմիզմին եւ հայկական կողմից դժգոհություններին՝ Լավրովը Բաքվում լավատես էր, թե՛ հաղորդակցության ուղիների բացման, թե՛ հայ-ադրբեջանական համապարփակ փաստաթղթի ստորագրման հարցում։ «Դուք հիշատակեցիք հարաբերությունների կարգավորման, խաղաղ պայմանագրի մասին, ապագա համաձայնագրի այն դրույթների մասին, որոնք դուք փոխանցել էիք։ Մենք, ի դեպ, լսել ենք հայկական կողմի, վարչապետ Փաշինյանի պատրաստակամությունը այդ հարցի շուրջ բանակցություններ վարել»,-նշեց Լավրովը։
Խոսելով Հարավային Կովկասում հաղորդակցության ուղիների վերաբացման հեռանկարների մասին՝ Լավրովը նշում էր, որ այստեղ եւս որոշակի լավատեսության հիմքեր կան։ «Մեր գնահատմամբ, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցերով զբաղվող եռակողմ հանձնաժողովը որոշակի առաջընթաց արձանագրել է։ Համաձայնեցման ենթակա հարցերը մենք հայկական կողմի հետ քննարկում ենք։ Կարծում եմ, որ մեզ մոտ ընդհանուր մի ըմբռնում է ուրվագծվում, թե ինչպես է հարկավոր ավտոմոբիլային հաղորդակցության կազմակերպման հարցը լուծել առավելագույն հարմարավետ ձեւով՝ առանց արհեստական խոչընդոտներ ստեղծելու։ Ռուսաստանն այս աշխատանքներին կաջակցի մինչեւ արդյունքի ձեռքբերումը։ Հուսով ենք, որ դա տեղի կունենա շուտով»,- նշեց Լավրովը։
Փաստացի, Բաքվում կայացած բանակցությունները նշանավորվեցին նրանով, որ ռուսաստանյան արտաքին գերատեսչության ղեկավարը խոսեց հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման թեմաների մասին՝ ընդգծելով, որ այս հարցում եւս Ռուսաստանը պատրաստ է ակտիվ խորհրդատվական ծառայություններ մատուցել Երեւանին եւ Բաքվին, եւ որ Մոսկվան կոնկրետ առաջարկներ է բերել:
Ընդհանուր առմամբ՝ ռուս-ադրբեջանական վերջին բանակցությունները բավական նշանակալի արդյունքներով են ամփոփվել: Նախ, Լավրովը Բաքվում հայտարարեց, որ Ռուսաստանը գնահատում է Ադրբեջանի հետ հարաբերությունները եւ ակնկալում է զարգացնել դաշնակցային համագործակցությունը։ «Աշխարհի իրավիճակը պահանջում է կարծիքների եւ գնահատականների, պայմանավորվածությունների մշտական փոխանակում, որոնք հաշվի են առնում կողմերի շահերը, ինչպես հարիր է դաշնակիցներին՝ փետրվարին ստորագրված դաշնակցային փոխգործակցության հռչակագրի լույսի ներքո»,- ասել է Լավրովը Ադրբեջանի արտգործնախարարի հետ կայացած մամուլի համատեղ ասուլիսում։
Լավրովն անգամ հարկ է համարել նշել է, թե իր համար «միշտ հաճելի է լինել Բաքվում, որը ծաղկում է բառի բուն իմաստով. «Մենք գնահատում ենք մեր հարաբերությունները, միշտ հաճելի է համատեղել անձնական շփումները մեր համատեղ աշխատանքային խնդիրների քննարկումների հետ»։
Իսկ թե հաղորդակցությունների բացման հարցով եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքներում ինչ «առաջընթացի» մասին է խոսքը՝ Լավրովը չի մանրամասնել։ Նա միայն կարծիք է հայտնել, թե անհրաժեշտ է հայկական կողմի հետ տրանսպորտային հաղորդակցության հետ կապված հարցերը համակարգել մեքենաների առավել հարմարավետ տեղաշարժի համար՝ «խուսափելու արհեստական խոչընդոտներից»։
Իր հերթին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ճեպազրույցում հայտնել է, որ մինչ օրս Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ ստորագրվել է ավելի քան 250 համաձայնագիր։
«Ադրբեջանի եւ Ռուսաստանի հարաբերությունները փոխշահավետ եւ ռազմավարական համագործակցության եւ բարիդրացիության հաջող օրինակ են։ Երկկողմ հարաբերությունները երկար պատմություն ունեն։ Իրենց պետական անկախության վերականգնումից հետո Ադրբեջանը եւ Ռուսաստանը ստորագրել են ավելի քան 250 տարբեր համաձայնագիր, որոնք ամուր իրավական դաշտ են ստեղծում համագործակցության համար»,-հայտարարել է Բայրամովը։ Բայրամովը, մասնավորապես, կարեւորել է 2022-ին ստորագրված Դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրը։
Հատկապես մի համաձայնագիր՝ Ռուսաստանում վերջին շրջանում ադրբեջանամետ տեղեկատվության սփռման տեսանկյունից, խիստ ուշագրավ է:
Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջկառավարական համաձայնագիր է ստորագրվել միջազգային տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության վերաբերյալ։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ադրբեջանցի իր գործընկերոջ հետ բանակցությունների ավարտին նկատել է, որ Մոսկվան ու Բաքուն մտադիր են խորհրդակցություններ անցկացնել Ադրբեջանում ռուսական լրատվամիջոցների եւ Ռուսաստանում ադրբեջանական լրատվամիջոցների աշխատանքի շուրջ։ «Մենք միջոցառումների հատուկ շարք կանցկացնենք երկու կողմերի առաջատար լրատվամիջոցների ղեկավարների, այդ թվում՝ սոցցանցերի սեփականատերերի միջեւ եւ անկեղծորեն կխոսենք այն մասին, թե ինչպես ենք լուսաբանում միմյանց տարածքում կատարվող իրադարձությունները՝ ելնելով համապատասխան օրենքներից»,- ասել է նա։
Հետաքրքրական է, որ հենց անցյալ շաբաթ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել էր Ադրբեջանում «ՌԻԱ Նովոստի» կայքի արգելափակման թեմային: Հիշեցնենք, որ դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ լրատվամիջոցը հարցազրույց էր հրապարակել Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ: «Ես միշտ ելնում եմ նրանից, որ զանգվածային լրատվամիջոցների եւ նրանց գործունեության հետ կապված հարցերը պետք է լուծվեն՝ հաշվի առնելով երկու հիմնարար բան՝ օրենքին համապատասխանությունը եւ հարգանքը խոսքի ազատության եւ լրագրողների իրավունքների նկատմամբ, ինչն արձանագրված է ե՛ւ ազգային, ե՛ւ միջազգային իրավունքում»,- ասել է Զախարովան: Նա նշել է, որ առաջ եկող հարցերը Մոսկվան կարգավորում է գործընկերների հետ երկկողմ ձեւաչափով եւ հույս է հայտնել, որ նման միջադեպերը հնարավորինս կքչանան:
Մոսկվան, ի վերջո, կարգավորեց խնդիրը, ըստ ամենայնի՝ «երկկողմ ձեւաչափով» ունեցած քննարկումների արդյունքում: Ռուսական «ՌԻԱ Նովոստի» կայքը հեռացրեց Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ հարցազրույցը: Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլլաեւան ասել էր, թե ռուսական պետական լրատվամիջոցները տարածում են զրպարտիչ բնույթ ունեցող հայտարարություններ՝ ընդդեմ Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ ի նպաստ «անջատողական միտումների»:
Ապագայում, վստահաբար, նման «բացթողումներ» ռուսաստանյան ԶԼՄ-ներում այլեւս չեն կրկնվի: Ռուսաստանյան մամուլում ոչ միայն արցախցիների տեսակետները չեն ներկայացվի, այլեւ Մոսկվան ու Բաքուն այսուհետ միասնաբար պայքարելու են երկու երկրների տարածքային ամբողջականության պաշտպանության ուղղությամբ, իսկ դա նշանակում է, որ նրանք պայքարելու են՝ «ընդդեմ անջատողականների»: Այսինքն՝ փոխվստահելի հարաբերություններ՝ ռուս-ադրբեջանական դաշնակցային եւ «միջազգային տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում» համաձայնագրերի ոգուն ու տառին համապատասխան:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
29.06.2022