Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԿՀ-ներում ԳՏԲ անձինք ճաշի սայլակին անգամ չեն կարող դիպչել, պատժախցերն էլ ցուրտ են ու միջատներով լի

Հունիս 30,2022 15:00

Հայաստանի ՔԿՀ-ներում, բացի «Աբովյան» ՔԿՀ-ից, որտեղ պատիժ են կրում կանայք ու երեխաները, եւ «Վարդաշեն» ՔԿՀ–ից, որտեղ պատիժ են կրում ոստիկանության, զինվորականության ներկայացուցիչներ եւ պետական պաշտոններ զբաղեցնող անձինք, պատիժ կրող ԳՏԲ՝ գեյ, տրանս, բիսեքսուալ համայնքի ներկայացուցիչները ենթարկվում են խտրական վերաբերմունքի, նվաստացման, ինչի արդյունքում խախտվում են նրանց կրթության, առողջության, աշխատանքի իրավունքները։ Այս մասին փաստում է Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող ԳՏԲ անձանց կարիքների գնահատման հետազոտությունը: Այն կատարվել է «Հանուն Ազատության» իրավական հասարակական կազմակերպության ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում:

Հարցմանը մասնակցել է 25 շահառու՝ «Արմավիր» ՔԿՀ-ից՝ 10 հոգի, «Նուբարաշեն» ՔԿՀ-ից՝ 6, «Սեւան» ՔԿՀ-ից՝ 5, «Գորիս» ՔԿՀ-ից՝ 4։
Հետազոտության հեղինակները պարզել են, որ նախ՝ ԳՏԲ անձինք պատիժ կրում են ամենավատ խցերում: «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ առաջին հարկում, կիսախարխուլ, միջատներով լի խցերում ձմռանը մրսում են, իսկ ամռանը չեն կարողանում քնել միջատների խայթոցներից։ Համարյա նույն վիճակն է «Գորիս» ՔԿՀ-ում։ Ի դեպ, հարցվողները նշել են՝ եթե նախկինում ապրում էին գերբնակեցված խցերում՝ 5 տեղանոց խցում՝ 8-10 անձով, հիմա նման խնդիր չկա։ Չնայած «Արմավիր» ՔԿՀ-ն կառուցվել է վերջին տարիներին ու բոլոր ՔԿՀ-ներից առանձնանում է փոքրիշատե շենքային նորմալ պայմաններով, սակայն ԳՏԲ համայնքի մարդկանց տեղավորում են մասնաշենքերի ծայրամասային խցերում, որտեղ հիմնական պատը դրսի պատ է եւ ցուրտ է լինում»,-նշում են հետազոտության հեղինակները։

Տեղեկանում ենք նաեւ, որ «Սեւան» ՔԿՀ-ում ԳՏԲ դատապարտյալներին տեղավորում են կացարանի ամենավերջին մասում՝ դռների մոտ։ «Առանձին են նաեւ ԳՏԲ անձանց պատժախցերը, որոնք նույնպես անմխիթար վիճակում են։ Կիսափակ տիպի ՔԿՀ-ներում ԳՏԲ անձանց ճաշը տրվում է առանձին կաթսաներից։ ԳՏԲ համայնքի ներկայացուցիչները նույնիսկ չեն կարող դիպչել ճաշի սայլակին։ Նկատելու դեպքում ԳՏԲ անձը կարող է պատժվել քրեական ենթամշակույթի մեջ գտնվող որեւէ դատապարտյալի կողմից, ընդհուպ հնարավոր է նաեւ ծեծեն։ Հարցվողների 51 տոկոսը նշել է, որ ՔԿՀ-ի ծառայողները տեսնում են այդ ամենը եւ չեն միջամտում։ Կիսաբաց ռեժիմի ՔԿՀ-ներում հնարավոր է չնկատեն ծառայողները, քանի որ այն մեծ տարածք է, ու սովորաբար, ԳՏԲ պատիժ կրող անձանց պատժում են «աչքից հեռու»։ Պատժված անձը չի բողոքում, քանի որ կարող է ավելի վատ վիճակում հայտնվել։ Կիսաբաց տիպի «Սեւան» ՔԿՀ-ում ԳՏԲ անձինք չեն ճաշում բոլոր դատապարտյալների հետ։ Նրանք սնունդը ստանում են ճաշարանից եւ ուտում իրենց կացարաններում։

Հետաքրքիր է նաեւ այն հանգամանքը, երբ դիտորդական խմբի անդամները, պետական կառույցի ներկայացուցիչները կամ լրագրողներն են այցելում ՔԿՀ-ներ, առանձնացված ամաններից ճաշ բաժանելը վարչակազմի կողմից ներկայացվում է իբր դիետիկ սնունդ՝ հիվանդների համար»,-նշում են հետազոտության հեղինակները։ Ըստ նրանց, հարցվողների 10 տոկոսը վճարովի հիմունքներով ընդգրկված է ՔԿՀ-ների տեխնիկատնտեսական աշխատանքներում, 20 տոկոսը՝ կամավոր հիմունքներով, 70 տոկոսը չի ընդգրկվել ոչ մի աշխատանքում։ Նրանք հիմնականում աշխատում են որպես հավաքարարներ։ Մաքրում են ՔԿՀ-ների տարածքները, ընդհանուր զուգարանները, աղբն են թափում։ ԳՏԲ այն անձինք, որոնք ունեն եռակցողի, էլեկտրիկի մասնագիտություն՝ աշխատում են այդ պաշտոններում։ Սակայն նշում են, որ այդպիսիք 1-2 հոգի են լինում՝ որպես բացառություն։ Կամավոր հիմունքներով աշխատող հավաքարարներին այլ դատապարտյալները ամսական կտրվածքով 30-40 տուփ ծխախոտ են տալիս՝ որպես վարձատրություն։ Վճարովի հիմունքներով աշխատող ԳՏԲ անձինք ամսական ստանում են 68,000 դրամ աշխատավարձ։

Բոլոր հարցվողները նշել են, որ չեն բռնանում իրենց կամքի վրա մաքրելու աշխատակիցների սենյակները կամ այլ դատապարտյալների խցերը։ Դա անում են իրենց ցանկությամբ։

Ինչ վերաբերում է բուժօգնությանը, ապա հարցվողների 70 տոկոսը նշել է, որ ՔԿՀ-ներում չկա խտրական վերաբերմունք, պատշաճ բուժօգնություն ստանում են։ 30 տոկոսի կարծիքով՝ բուժաշխատողներն էլ են տարբերություն դնում ԳՏԲ մարդկանց եւ պատիժ կրող այլ անձանց միջեւ, բայց չեն նշել՝ կոնկրետ ինչ տարբերակում են նկատել։ Հարցվողների 20 տոկոսը նշել է, որ 6 ամիսը մեկ անցնում են բուժհետազոտություն՝ սեռավարակների, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կարգավիճակի, հեպատիտի եւ տուբերկուլոզի նկատմամբ։ 80 տոկոսը նշել է, որ չեն անցնում։ Հատկանշական է, որ հարցվողների 100 տոկոսը նշել է, որ պահպանակներ ոչ մի ՔԿՀ-ում նրանց չեն տրամադրում։
Հարցվող ԳՏԲ 25 անձինք նշել են, որ իրենց ոչ մեկը չի ստիպում սեռական հարաբերություն ունենալ։ Ցանկության դեպքում կարող են ունենալ նույնասեռ հարաբերություն։

Պատիժ կրող ԳՏԲ անձինք ցանկություն ունեն վերամասնագիտանալու եւ առաջարկում են, հնարավորության դեպքում, իրենց համար առանձին դասընթացներ կազմակերպել։ Նրանք նշել են, որ ցանկություն ունեն սովորելու օտար լեզուներ, պատմություն, նկարչություն, համակարգչային հմտություններ, կոշկակարություն եւ այլն։ ՔԿՀ-ներում կազմակերպվող դասընթացներին մասնակցում է ԳՏԲ անձանցից մեկ հոգի՝ ցմահ դատապարտյալ։ Ըստ նրա՝ հաշվի են առել նրա հմտությունները, նկարիչ լինելը եւ կավագործության դասընթացում է ընդգրկվել։ 24 հոգի նշել են, որ իրենց դիմումները որեւէ դասընթացում ընդգրկվելու համար վարչակազմը մերժում է՝ պատճառաբանելով, որ խմբերում տեղ չկա, բայց իրականում չեն ուզում ընդգրկեն, քանի որ քրեական ենթամշակույթի կանոններից ելնելով՝ ԳՏԲ անձը իրավունք չունի այլ դատապարտյալների հետ նույն լսարանում սովորել, օգտվել նույն գրատախտակից կամ համակարգչից։ Ի դեպ, հարցվողների 28 տոկոսը կամ 7 հոգի սա դիտարկում է խտրական վերաբերմունք վարչակազմի կողմից, իսկ 18 հոգի նշել է, որ վարչակազմի կողմից խտրական վերաբերմունք չկա։ Հարցվողները կարծում են, որ հնարավոր չէ միանգամից վերացնել խտրական վերաբերմունքը ԳՏԲ անձանց հանդեպ ՔԿՀ-ներում, ուղղակի առաջարկում են վարչակազմին պատիժներ կիրառել քրեական ենթամշակույթ կրող այն դատապարտյալների նկատմամբ, որոնք ծաղրուծանակի են ենթարկում նրանց։ Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ի եւ եվրոպական երկրների քրեակատարողական հիմնարկներում նույնպես ԳՏԲ անձանց նկատմամբ խտրական վերաբերմունք կա, սակայն այնտեղ շփումը այլ դատապարտյալների հետ արգելված չէ։ Նրանք օգտվում են միեւնույն ճաշի կաթսաներից, բայց ապրում են առանձին խցերում։ Կան երկրներ, որտեղ նույնիսկ ԳՏԲ անձինք առանձին մասնաշենքում են ապրում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.06.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930