Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Զոհրաբյան. «Տպավորություն ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ անում է, որ իրեն հեռացնենք, ու մենք դա չենք կարողանում»

Հունիս 29,2022 23:48

Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը, «Հայելի» ակումբում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ օրերիս առցանց ասուլիսին եւ նրա ու իշխանության գործելաոճի մասին, ասաց. «Ամբողջական ելույթից նայել եմ մոտ 40 րոպե, ու դա էլ բավարար էր վերաբերմունք ունենալու համար: Տպավորությունս այնպիսին, է, որ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ անում է, որ իրեն հեռացնեն վարչապետի պաշտոնից, ու մենք չենք կարողանում: Կարծես, այդ մարդը օգնության է կանչում՝ ասելով՝ հարգելիներս, ես սա եմ անելու, նա եմ անելու, չեք ուզո՞ւմ ինձ հեռացնել: Ու լսարանի այս կողմում անտարբեր են: Եկեք հերթով գանք: Ես ուզում եմ, որպեսզի մեր վերլուծությունը չլինի մեր ունեցած վերաբերմունքով: Եկեք զրոյացնենք մեր զգացումները եւ Նիկոլ Փաշինյանի ասած զրոյական կետից հասկանալ: Սկսենք Ալիեւի՝ պատերազմ սկսելու լեգիտիմ հնարավորությունից: Իմ լսած 40 րոպեում Փաշինյանը առնվազն չորս անգամ ասաց, որ Ադրբեջանը լեգիտիմ առիթ է փնտրում, որպեսզի պատերազմ սկսի: Այսինքն, նա  ակնհայտ ազդարարում է պատերազմի մասին:

Հիմա եկեք հասկանանք, գանք 2020 թվականի նոյեմբերի 9: Ստորագրվեց փաստաթուղթ եւ ինը կետի շուրջ եկան համաձայնության: Ի՞նչ տեղի ունեցավ դրանից հետո: Փաստաթղթում որոշ պայմաններ միջազգային պայմանագրի առարկա պետք է լինեին:  Այսինքն, ԱԺ-ն պետք է հաստատեր: Բայց դա էլ դնենք մի կողմ եւ տեսնենք, թե Ալիեւը ի՞նչ լեգիտիմ իրավունք պետք է ունենա:

Առաջին կետն ասում է. կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած  դիրքերում: Դա նշանակում էր՝ կողմերի դիրքերի տեղաշարժ չպետք է լինի: Այս փաստաթուղթը ստորագրել է նաեւ ՌԴ նախագահը, որը համարվում է այս փաստաթղթի երաշխավորը: Հետո՝ դեկտեմբերի վերջ,  2021 թվականի հունվարի սկիզբ: Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ իր հրամանով մեր զորքերը Շուռնուխից, Սյունիքից հետ է քաշել եւ Շուռնուխն ու Որոտանը եւ Կապան քաղաքի մոտակա հատվածը հանձնվել է Ադրբեջանին: Հարց: Ինչո՞ւ: Ինչո՞ւ, երբ ձեր ստորագրած փաստաթուղթը ուղիղ ասում է, որ ամեն մեկը  պետք է մնա իր զբաղեցրած դիրքերում, եւ դա ստորագրել է նաեւ ՌԴ-ն, ինչո՞ւ ես դու զորքերը հետ քաշելու հրաման տալիս, որը 1. Հակասում է այս փաստաթղթին, 2. Հակասում է մեր պետական, ազգային շահին, որովհետեւ դա Սյունիքը Երեւանի հետ կապող միակ հուսալի ճանապարհն է:  Դու ոնց ես ադրբեջանցիներին բերում մեր տուն, որն արդեն կարողանում է  ուղեփակոց դնել եւ ինքը որոշել, թե ով պետք է այնտեղով անցնի:

Փաշինյանը սա ռուսական խաղաղապահների վրա չի կարող գցել: Եթե ասեր՝ ոչ, Որոտանն ու Շուռնուխը չեմ տալիս, Ադրբեջանն ի՞նչ պետք է աներ: Եթե նորից պատերազմական գործողություն սկսեր, միջազգային հանրությունը ո՞ւմ պետք է  մեղադրեր: Ասելու էր, չէ՞. Մի վայրկյան, դուք պայմանավորվել եք, Ադրբեջան, դու ստորագրել ե՞ս, Ռուսաստան, դու երաշխավորել ե՞ս այս թղթի մեջ եղած պարտավորությունների կատարումը: Դե, ուրեմն,  Ադրբեջան, ստոպ: Դու ես խախտում պայմանագիրը: Պարզ ասած, սա 1-ին կետն է, որը  խախտվել է եւ դրա պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է: Ու նա ընդունել է, որ իր հրամանով են զորքերը հետ քաշվել: Ես էմոցիաները դնում եմ մի կողմ: Հայաստանի շահերը պաշտպանող վարչապետը ինչպե՞ս կարող էր նման վերաբերմունք, կեցվածք ունենալ:, արդյո՞ք, չպետք է ատամներով պահեր վիճակը:

Անցնենք առաջ: Կա կետ, որ Հայաստանը մի քանի տարածքներ պետք է հանձներ: Փաշինյանը դա աչքերը փակ, կետադրական ճշգրտությամբ առանց մեր հետ  կապված որոշակի ապահովագրության, կատարեց, որովհետեւ դրա պահանջատերը Ալիեւն էր: Նկատի ունեմ Սեւանա լիճ լցվող գետերի ակունքները, որոնք հիմա գտնվում են Ադրբեջանի զինվորականների վերահսկողության ներքո: Դա նշանակում է, որ դա ցանկացած ժամանակ կարող է մեր համար անվտանգային խնդիրներ առաջացնել:

Հաջորդը՝ փաստաթղթում գերիների մասով հստակ դրված հարցը, ինչը մինչեւ հիմա չի կարողանում լուծել:

Գանք Լաչինի միջանցքին: Հայաստանի, Արցախի շահերի մասին մտածող ղեկավարը այն կետերը, որոնց շուրջ կա համաձայնություն, այնպես պետք է մեկնաբաներ, որ մեր կողմի շահը տարվեր առաջ: Նախ, հայտարարության ռուսերեն եւ հայերեն տեքստերում տարբերություն կա, հայերենում՝ ի վնաս մեզ: 3-րդ կետում ռուսերեն տեքստում օգտագործվում է «вдоль» բառը, որը հայերեն «երկայնքով» բառն է: 6-րդ կետում, որը վերաբերում է Լաչինի միջանցքին, գրված է,  որ կողմերի համաձայնությամբ ՀԱյաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ կապը առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման  նախագիծ: Մինչդեռ, ռուսերենում երկայնքով չէ, այլ Լաչինով: Իմաստային լուրջ տարբերություն կա եւ սա կամ դիտավորություն է, կամ տգիտություն: Երեք տարի լրանում է 2023 թվականի նոյեմբերին: Այսինքն, Նիկոլ Փաշինյանը առնվազն մինչեւ այդ ժամանակը պետք է ձգեր, ժամանակ շահեր, որպեսզի այդ ընթացքում մեր անվտանգային հարցերը լուծեինք: Բայց հիմա այդ մարդիկ ոչ միայն երթուղու նախագիծը, այլեւ երթուղին են ավարտել: Եվ դա շատ մեծ խնդիրներ է բերում: Հիմա սա Հայաստանի եւ Արցախի շահերը հետապնդող առաջնորդի կեցվա՞ծք է»,- ասաց Արա Զոհրաբյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930