Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Հարցվածների 40 տոկոսը տեղյակ չէ, որ Բրյուսելում Շառլ Միշելը, Ալիեւը եւ Փաշինյանը Արցախի հարցում նշաձողն իջեցրել են

Հունիս 29,2022 21:57

«Իմ ընտանիքն արդեն մեկ անգամ լքել է Բերձորը՝ 2020 թ․-ի նոյեմբեր ամսին, այն պատճառով, որ  ՀՀ եւ ԱՀ իշխանություններին ուղղված պարզ դիմումներին՝  ի՞նչ է սպասվում Բերձոր քաղաքին եւ հարակից շրջաններին, լինելո՞ւ են արդյոք նվազագույն անվտանգային պայմաններ, պատասխան չեն  եղել»,- այսօր Սարյանի պուրակում կազմակերպված «Դավաճանված Բերձոր, առավել վտանգվող Սյունիք» թեմայով քննարկման ժամանակ ասաց բերձորցի, պատմական գիտությունների թեկնածու, թուրքագետ Վարուժան Գեղամյանը։

Ի տարբերություն Բերձորի բնակիչների, ըստ Վարուժան Գեղամյանի, Աղավնո գյուղի բնակիչների մեծ մասը մնացել է իր տներում, քանի որ եղել է համայնքի ղեկավար, որն իր վրա վերցրել է պատասխանատվություն, կարողացել է ապահովել նվազագույն պայմաններ եւ ապահովել Աղավնո գյուղի բնակիչների անվտանգությունը:

Ըստ բանախոսի, այս պարագայում գործ ունենք կամքի հետ. «Եթե դու կամք ունես, նպատակ ունես պահելու, հարյուր հատ փաստաթուղթ է ստորագրվել, եթե կամքդ այն է, որ չանես դա, հակառակն անես, ապա դու ամեն միջոց գործադրում ես»: Բանախոսն օրինակ է բերում 1920 թվականի Սեւրի պայմանագիրը, որից հետո, փաստորեն, թուրքերը պետք է ասեին՝ «Վա՜յ, ամբողջը վերցրել են, բայց նրանք ունեին կամք՝ ամրանալու իրենց չպատկանող հողում եւ ամրացան: Նույն բանը արդեն սեփական հողի նկատմամբ արել է Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանը: Եթե նույն մոտեցումը ցուցաբերվեր Բերձորի նկատմամբ՝ թե՛ ՀՀ, թե՛ ԱՀ փաստացի իշխանությունը թուղթ էր ստորագրել, դրան զուգահեռ տաներ աշխատանք, որ բնակիչների մեծ մասը մնար այնտեղ, բանակցային սեղանին մենք ունենալու էինք բոլորովին այլ իրականություն»:

Վարուժան Գեղամյանի կարծիքով, ՀՀ իշխանությունները հույսը դրել են մեդիա մանիպուլյացիաների վրա. «Տեղեկատվական քաղաքականության շնորհիվ  լղոզելու են այս իրադարձություններն, ու մարդիկ չեն կենտրոնանալու այս իրադարձության վրա, քանի որ արանքում հայտնվելու է «ճտիկով գրիչ» կամ այլ հիմարություն, որով կկարողանան շեղել հանրային ուշադրությունը ու մաս-մաս ապահովել տեղեկատվական արտահոսք. Բերձորի կատաստրոֆան կդառնա փոքր բերձորների կատաստրոֆիկներ, հանրությունն էլ այս փոքրն ավելի հեշտ կհանդուրժի։ Մեր խնդիրն էլ, քանի այդ արհավիրքը տեղի չի ունեցել, հանրային մակարդակում առնվազն բարձրաձայնելն է»։

Վարուժան Գեղամյանի դիտարկմամբ, ՀՀ բնակիչների մեծ մասը տեղյակ էլ չէ, թե իրականում ի՞նչ է կատարվում, ինչը փաստում են նաեւ Արցախին նվիրված վերջին սոցիոլոգիական հարցումները. «Ուղիղ հարցը հետեւյալն է եղել՝ «Կո՞ղմ եք, որպեսզի Արցախը հանձնվի Ադրբեջանին»։ Պատասխանների 92 տոկոսը  պատասխանել է՝ «Ոչ»: Միեւնույն մարդկանց հարցրել են՝ տեղյա՞կ եք, որ Բրյուսելում, Շառլ Միշելը, Ալիեւը եւ Փաշինյանը Արցախի հարցում նշաձողը իջեցրել են: 40 տոկոսը տեղյակ էլ չի եղել, որ նման բան է եղել։ Իսկ եթե դու տեղյակ չես, պարզ է, որ փողոցում ավելի քիչ մարդ է լինելու, կառավարության վրա ավելի քիչ մարդ է ճնշում գործադրելու»: Անգամ իր շրջապատում, բերձորցիների ճնշող մեծամասնությունը տեղյակ չէ, որ Բերձորը հանձնում են:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930