Լրահոս
Օրվա լրահոսը

«Այլընտրանքային ճանապարհը համաձայնեցվել եւ կառուցվել է բավականին խիստ գաղտնիության պայմաններում». Տիգրան Աբրահամյան

Հունիս 29,2022 21:07

Այսօր Սարյանի պուրակում կազմակերպված  «Դավաճանված Բերձոր, առավել վտանգված Սյունիք» թեմայով քննարկման ժամանակ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձավ օրերս ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների այցին Արցախ եւ պաշտոնական հանդիպումներում Բերձորի հանձնման թեմայով քննարկումներին: Հիշեցնենք, օրերս իր ասուլիսում Բերձորի եւ հարակից գյուղերի հանձնման մասին խոսեց նաեւ Նիկոլ Փաշինյանը:

Տիգրան Աբրահամյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ, այսպես կոչված, այլընտրանքային ճանապարհը համաձայնեցվել եւ կառուցվել է բավականին խիստ գաղտնիության պայմաններում եւ իրենք այդ ամենն իմացել են՝ տեղանքում լինելով, ուսումնասիրելով, ապա թեման հանրայնացրել են:

«Այն, որ հղում է կատարվում 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթին, ամբողջության մեջ, բնականաբար, չի վերլուծվում: Հավատացեք, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը եւ հենց այդ կետը, որը վերաբերվում է այլընտրանքային ճանապարհին, հանրության երեւի 1-2 տոկոսն է կարդացել, շատերը նույնիսկ որոշ դետալների ուշադրություն էլ չեն դարձրել: Այն կետում, որով սահմանված է այլընտրանքային ճանապարհը, այնտեղ գրված չէ, որ հայկական կողմը կամ ռուսական զորքերը, որոնք ապահովում են միջանցքի անվտանգությունը, պետք է դուրս գան Բերձորից եւ գնան Ադրբեջանի թելադրած եւ հաստատած նախագծում տեղակայվելու: Այդ կետում նշված է, որ կողմերի համաձայնությամբ, իսկ եռակողմ փաստաթղթի կողմ Ադրբեջանից բացի նաեւ Հայաստանն է եւ ՌԴ-ն, պետք է հաստատվի նախագիծ, մինչեւ երեք տարվա ժամկետով ստեղծվի այլընտրանքային ճանապարհ եւ մնացած գործողություններն արդեն ըստ դրա իրականացվեն: Այսինքն, որեւէ տեղ գրված չէ, որ ադրբեջանական կամքով պետք է նախագծվի, պետք է կառուցվի այնպիսի ճանապարհ, որը ենթադրում է շրջանցել Բերձորը, Աղավնո եւ Սուս գյուղերը: Այսինքն, ՀՀ իշխանությունների նաեւ աշխատանքից, կամքից եւ քաղաքական որոշումից է կախված, թե այդ նախագիծը ինչպե՞ս կհաստատվի, ո՞ր հատվածով,  եւ արդյոք Բերձոր քաղաքը եւ նշված երկու գյուղերը ավտոմատ չեն հայտնվի ադրբեջանական վերահսկողության տակ»:

Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ, բավական չէ, որ 44-օրյա պատերազմի արդյունքում փաստաթուղթ է ստորագրվել, որը Հայաստանին ու Արցախին տարել է ողբերգության եւ աղետի ճանապարհով, եղած դրույթների մասով էլ ՀՀ իշխանությունը որեւէ ջանք չի գործադրում՝ ինչ-որ տեղ մեր շահերը շոշափող գործընթաց ստանալու համար:

Եթե հղում ենք անում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, ըստ Տիգրան Աբրահամյանի, մի շատ կարեւոր բան էլ պետք է հաշվի առնենք. այն է, որ այդ փաստաթղթով նաեւ Ադրբեջանն ունի պարտավորություններ՝ գերիների եւ այլ պահվող անձանց վերադարձ, որը չի իրականացրել ու ոչ ոք այդ մասին չի խոսում. «Ինչո՞ւ պիտի Հայաստանն իրականացնի այն, ինչը սահմանված է, իսկ Ադրբեջանը, որի պարտականությունները 1-2-ն են, չի իրականացնում»: Փաստացի, բանախոսի պնդմամբ, մեր հայրենակիցները պատանդի կարգավիճակում շարունակում են մնալ ադրբեջանական բանտերում, իսկ Ադրբեջանի իշխանությունն այդ հարցը օգտագործում է ՀՀ իշխանության դեմ՝ շանտաժի միջոցով նոր զիջումներ կորզելով:

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ըստ բանախոսի, նաեւ օրինակ, Քաշաթաղից, Ակնայից եւ Քարվաճառից հայկական զորքերի դուրսբերման հստակ ժամկետներ ուներ, բայց կան դրույթներ, որոնք նկարագրված չեն, փաստաթուղթը չունի հավելվածներ, որոնք նկարագրեն գործողությունները եւ դրանց հաջորդականությունը: Ամեն դեպքում, ըստ բանախոսի, անգամ այդ փաստաթղթում կան տեղեր, որտեղ Հայաստանը կարող է իր շահը առաջ տանել, բայց այս իշխանությունների դեպքում խոսել հայկական շահի մասին՝ ավելորդ է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930