Բերձորից օրերս վերադարձած լրագրող Նաիրի Հոխիկյանն առանձնապես լավ նորություններ չունի փոխանցելու: Այսօր Սարյանի պուրակում կազմակերպված «Դավաճանված Բերձոր, առավել վտանգված Սյունիք» թեմայով քննարկման ժամանակ Նաիրի Հոխիկյանն ասաց. «Թեեւ պաշտոնական հաղորդագրություններն այդ մասին լռում են, բայց թշնամին ճանապարհը, կարելի է ասել, որ ավարտական վիճակի է բերում, կամուրջը, որը սկսվում է Քաշաթաղի Աղավնո գետի վրայից, արդեն պատրաստ է, արդեն ասֆալտապատման աշխատանքները մեծ թափով ընթանում են: Մեծ Շեն, Հին Շեն գյուղերում հողային աշխատանքներն արդեն ավարտվել են, հիմա արդեն եկել՝ միացել են գործող ճանապարհին»:
Ճանապարհի խաչքարը ադրբեջանցիները հանել են՝ տեղափոխելու պատրվակով եւ, ըստ բանախոսի, ուղղակի կողքն են գցել, թեպետ ասում են, որ նորից կտեղադրվի: Ընդհանուր առմամբ, ըստ բանախոսի, ադրբեջանցիները շուտով՝ առավելագույնը երկու շաբաթվա ընթացքում կավարտեն ճանապարհի շինարարությունը: Նա հիշեցրեց, որ դեռ տարեսկզբին Ադրբեջանից ամենաբարձր մակարդակով հայտարարել էին, որ մինչեւ հուլիսի 1-ն աշխատանքներն ավարտված կլինեն եւ ճանապարհը շահագործման կհանձնեն՝ փոխարենը ստանալով Բերձոր քաղաքը. «Ըստ որոշակի տեղեկությունների, գոնե սրանից մի քանի օր առաջ ռուսական խաղաղապահ ուժերը հրահանգ ունեին հուլիսի 1-ին դուրս գալ Բերձորից, իսկ եթե մենք ուշադիր նայենք, ռուսական անցակետն արդեն Բերձորից դուրս է հանված: Բերձորից մի փոքր այն կողմ, որտեղ գազի լիցքավորման կետ կա, տեղակայված է, որտեղ, ի դեպ, վերջանում է Արցախի Քաշաթաղի շրջանը: Այսինքն, վերատեղակայված են այն հատվածում, որտեղից սկսվում է նախկին ԼՂԻՄ-ը եւ որտեղ վերջանում է Լաչինի միջանցքը»:
Թե՛ տեղեկությունները, թե՛ խոսակցությունները եւ թե՛ գործողությունները, ըստ Նաիրի Հոխիկյանի, ցույց են տալիս, որ ադրբեջանցիները շտապում են եւ մեծ արագությամբ են սարքում ճանապարհը ու չի բացառվում, որ առաջիկա օրերին իրադարձությունների ավելի արագ թափով զարգացման ականատես կլինենք:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ